Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո գյուղում աղբամանների հայտնվելուց հետո, գյուղի մուտքի մոտ, երկար տարիներ գոյություն ունեցող արհեստական աղբանոցն ավելի քիչ է նկատելի դարձել։ Գյուղի բնակիչները պնդում են, որ կենցաղային աղբը թափում են միայն աղբամանների մեջ։ Այս տարի գյուղում սկսել են վճարել աղբահանության համար:

Բեժանո գյուղի մուտքի մոտ՝ խաչմերուկում, նախկինում երկու հսկայական, խայտաբղետ, բազմերանգ աղբակույտի էիր հանդիպում։ Այժմ աղբավայր միայն մեկ տեղում է երևում, և այն նախկինի պես աչքի չի ընկնում։ Վերջին անգամ աղբավայրը մաքրվել է 4-5 տարի առաջ։ Իսկ հետո, ամենայն հավանականությամբ, հին աղբը քայքայվել է, նոր աղբ հազվադեպ է նետվում, բայց, այնուամենայնիվ, նետվում է։

Գրեթե յուրաքանչյուր գյուղ ունեցել է նման աղբավայրեր, աղբամանների տեղադրումից հետո գյուղերում արհեստական աղբանոցների քանակն ու տարածքը գնալով նվազում է:

Գյուղի բնակիչները հասկանում էին, որ աղբն այնտեղ թափելով աղտոտում են շրջակա միջավայրը, սակայն այլ ելք չունեին, քանի որ գյուղում աղբամաններ չկային։ Գյուղում աղբամանների հայտնվելուց հետո, ըստ գյուղի բնակիչների, իրենք աղբն այնտեղ չեն նետում։ Այս աղբավայրը ձևավորվել էր Բեժանո և Ալաթուման գյուղերի միջև ընկած տարածքում։

svalka bejano

«Այս աղբավայրը մեր տարածքում չէ, չգիտեմ ով է այնտեղ աղբը գցում, Բեժանոյի բնակիչները աղբարկղեր տեղադրելուց հետո աղբը նետում են միայն արկղերի մեջ, մենք գյուղում մաքրություն ենք պահպանում: Աղբարկղերը 4 օրը մեկ մաքրում են»,- ասաց Բեժանո գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Մարտիրոս Մարտիրոսյանը։

bejano musor

Գյուղում այժմ, ըստ Մարտիրոս Մարտիրոսյանի, տեղադրված է 14 աղբաման։ Ընդհանուր առմամբ այստեղ կա մոտ 200 տնտեսություն։ Աղբամանները գյուղում իրարից մոտ 50- ից 100 մետր հեռավորության վրա են տեղադրված։

Երբ այցելեցինք գյուղ (նոյեմբերի 19-ին), կենտրոնական փողոցը մաքուր էր, ճանապարհին կից, սկսած դպրոցի բակից, տեղադրված էին աղբամաններ։ Բնակիչները գոհ են, որ հնարավորություն ունեն աղբը նետել աղբարկղերի մեջ:

Բեժանոյի բնակիչները վերջին ամիսներին սկսել են վճարել աղբահանության համար, քանի որ այնտեղ աղբամանների թիվն ավելացել է։ Ախալքալաքի մունիցիպալիտետում մեկ անձի համար աղբահանության սակագինը սահմանված է 50 թեթրի, եթե ընտանիքում չորս հոգուց ավելի է, ապա վարձը 2 լարի է, իսկ իրավաբանական անձինք 1 խոր/մ աղբի համար վճարում են 25 լարի։ Վերահսկիչները, ովքեր բնակիչներից աղբահանության վճար են հավաքում, ստանում են հավաքած գումարի 30%-ի չափով աշխատավարձ։

Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, 3-4 օրը մեկ Բեժանո գյուղից աղբահանություն է կատարվում ու արդեն վճարը հավաքվում է։ Մխիթար Ռստակյանը նաև ասաց, որ իրենք կրկին ստացել են 129 հատ աղբարկղ և զբաղված են դրանք բաժանելով։ Բայց Բեժանո գյուղում չեն պատրաստվում ավելացնել, քանի որ կարծում են, որ գյուղն ամբողջությամբ ապահովված է արկղերով։

Մի քանի տարի է, ինչ տեղական բյուջեով միջոցներ են հատկացվում գյուղերում արհեստական աղբավայրերը մաքրելու համար։ Որոշ գյուղերում արհեստական աղբավայրերը վերացել կամ չափերով փոքրացել են։ Աղբավայրերն ամբողջությամբ վերացնելու համար կրկին մի քիչ ջանք ու գումար է անհրաժեշտ։ 2025 թվականի բյուջեի նախագծով այդ աղբավայրերի վերացման համար միջոցներ չեն հատկացվել, սակայն քաղաքապետարանը նշում է, որ այդ աղբավայրերը մաքրվելու են։

Որոշ գյուղեր սկսել են վճարել աղբահանության համար

Բեժանոյի աղբավայրը չի վերանում