Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը, լրացուցիչ աղբամաններ տեղադրելուց հետո, ավելացրել է աղբահանության համար վճարող գյուղերի թիվը։ Այժմ 18 գյուղի փոխարեն աղբահանության համար վճարում է մոտ 30 գյուղ։
Ամռանն Ախալքալաքի սպասարկման կենտրոնը ստացել էր 117 աղբաման և դրանք բաժանել գյուղերին։ Տեղական բյուջեի միջոցներով ձեռք են բերվել մետաղական աղբամաններ։ Դրա համար հատկացվել է 198 666 լարի։ Աղբարկղերը տեղադրվել են այն գյուղերում, որտեղ պակասն ավելի շատ է զգացվել, ինչպես նաև այն գյուղերում, որտեղ դրանք ընդհանրապես չեն եղել։
Ահա այն գյուղերի ցանկը, որտեղ տեղադրվել և ավելացվել են աղբամաններ.
Բեժանո՝ 12 աղբաման, Կոթելիա՝ 3, Տուրցխ՝ 6, Էխտիլա՝ 10, Մերենիա՝ 6, Աբուլ՝ 7, Բարալեթ՝ 5, Լոմատուրցխ՝ 3, Կորխ՝ 1, Թոթխամ՝ 1, Բալխո՝ 3, Բուղաշեն՝ 4, Ալաթուման՝ 3, Օրջա՝ 6, Հոկամ՝ 3, Դիլիսկա՝ 8, Չունչխա՝ 4, Պտենա՝ 4, Սուլդա՝ 1, Ափնիա՝ 2, Ղադոլար՝ 7, Զակ՝ 3, Կարծախ՝ 2, Կոթելիա՝ 3:
Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, աղբամանների տեղադրումից հետո սկսել են աղբի համար վճար հավաքել Բուղաշեն, Ղադոլար, Բեժանո, Էխտիլա, Մերենիա, Լոմատուրցխ, Օրջա, Խանդո, Տուրցխ և մյուս գյուղերից։
Վերոնշյալ գյուղերում սպասարկման կենտրոնը վարձել է աշխատողներ, որոնք գյուղի բնակիչներից աղբահանության համար բաժանորդավճար են հավաքում։
Չնայած նոր աղբամանների տեղադրմանը, կան գյուղեր, որտեղ դրանք բավարար չեն։
Բացի փոքր աղբամաններից, մունիցիպալիտետն ունի 5,5 խոր/մ տարողությամբ մեծ աղբամաններ, որոնք տեղադրված են Խավեթ, Աբուլ գյուղերում, մեկը՝ Մեծ և Փոքր Սամսար գյուղերում, ինչպես նաև Բեժանո, Ազավրեթ, Ալաստան, Խանդո և Օլավերդ գյուղերի մոտ։
«20 օրից մենք կստանանք ևս 125 աղբաման, դեռ որոշված չի դրանց բաշխման վայրերը։ Այնտեղ, որտեղ քիչ է, կավելացնենք ու վճար կհավաքենք։ Քաղաքն ապահովված է, մենք կավելացնենք նաև Կումուրդոյում և այնտեղից նույնպես կսկսենք վճար հավաքել: Մեկ միավորով ավելացել է աղբատար մեքենաների թիվը, հիմա ունենք 5 մեքենա»,- ասաց Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի մեկ անձի համար աղբահանության սակագինը սահմանված է 50 թեթրի, եթե ընտանիքում չորս հոգուց ավելի է, ապա վճարը 2 լարի է, իսկ իրավաբանական անձինք 1 խոր/մ աղբի համար վճարում են 25 լարի։ Հսկիչները, ովքեր բնակիչներից վճար են հավաքում, ստանում են հավաքված գումարի 30%-ի չափով աշխատավարձ։
Գյուղերից աղբը, ըստ Ռստակյանի, հավաքվում է ժամանակացույցով՝ երկու օրը մեկ։
Աղբահանության դիմաց վճարող գյուղերի թիվն ավելացնելուց հետո Սպասարկման կենտրոնի եկամուտները նույնպես կավելանան։ Արդեն մի քանի տարի է, ինչ Սպասարկման կենտրոնի տարեկան եկամուտը կազմում է 40000 լարի։
Այս տարի Սպասարկման կենտրոնը նաև իրավունք է ստացել վարձակալության տալ իր հատուկ տեխնիկան, ինչը նույնպես նպաստում է կազմակերպության եկամուտների ավելացմանը։