Ինչպես ոտքի կանգնել, դառնալ հաջողակ մասնագիտության մեջ և հասնել հաջողության, եթե դու ապրում ես փոքրիկ քաղաքում, որտեղ հնարավորությունները քիչ են կամ ընդհանրապես չկան: Երիտասարդ ախալքալաքցիները, ովքեր համաշխարհային ճանաչման են հասել, պատմում են մեզ այս և շատ այլ բաների մասին…
Ախալքալաքցիների մեծ մասը վստահ է, որ հաջողության, փողի, ճանաչման և մասնագիտության մեջ հաջողակ լինել հնարավոր է միայն Վրաստանից, Ախալքալաքից դուրս: Ուստի շատերն իրենց համար ընտրում են արտագաղթի ճանապարհը։ Շատ դեպքերում այս համոզմունքն արդարացնում է իրեն: Այնուամենայնիվ, կան բացառություններ, այն մարդիկ, ովքեր քրտնաջան աշխատանքի ու իրենց ջանասիրության և իրենց ուժերին հավատալու շնորհիվ իրենց իսկ հաջողության ճանապարհն են հարթում՝ ախալքալաքյան իրականության սահմաններից դուրս: Նրանք ոչ միայն կայացել են իրենց մասնագիտության մեջ, այլև առաջ են գնում։
Անահիտ Ստելմաշովա, դաշնակահարուհի
Անահիտ Ստելմաշովայի կարիերան սկսվել է 10 տարեկանում, այդ ժամանակ ախալքալաքցի փոքրիկ դաշնակահարուհուն ճանաչեցին քաղաքի սահմաններից դուրս։ Դաշնամուր նվագելու յուրաձևությունը հիացմունք էր առաջացնում և զարմացնում, նա ինքն էլ նվագելիս շուրջբոլորը ոչինչ չի նկատում։ Անահիտն իր առաջին քայլերն արել է Ախալքալաքի երաժշտական դպրոցում։ Սակայն սա բավարար չէր առաջ գնալու համար։ Անահիտի տաղանդը նկատվեց, իսկ հիմա, տարիներ անց, նա նվագում է աշխարհի տարբեր բեմերում՝ նվաճելով ավելի ու ավելի շատ մարդկանց համակրանքը։
«Եթե մարդ ունի որոշակի տաղանդ, և եթե նրան դուր է գալիս այդ գործը, ապա անպայման պետք է աշխատել՝ մեծ հաջողությունների հասնելու համար: Ես կարծում եմ, որ այս պահին աշխարհում այնպիսի իրավիճակ է, որ շատ հեռանկարներ կան և հնարավոր է զարգանալ նույնիսկ, եթե դու փոքր քաղաքից ես: Եթե ցանկանում ես, կարելի է ամեն ինչ անել: Իհարկե, ես սկսել եմ այստեղից, բայց միևնույն է, մնացած բոլոր հեռանկարները մեծ քաղաքներում են, ուստի իմ բախտը բերեց, որ ես հանդիպեցի մի շարք իսկապես կարևոր մարդկանց, ովքեր ինձ շատ են օգնել կյանքում: Ես շատ շնորհակալ եմ նրանց դրա համար»:
Փոքրիկ Անահիտի համար ամենադժվարը հարազատներից, ծնողներից բաժանվելն էր, որոնց մինչ օրս հազվադեպ է տեսնում՝ Թբիլիսիում սովորելու պատճառով։
«10 տարեկանից ծնողներիս գրեթե նորմալ չեմ տեսնում, անընդհատ շփվում եմ նրանց հետ, բայց արդեն մշտական ապրում եմ մեծ քաղաքում, շրջում եմ երկրից երկիր, ուստի չեմ կարողանում տեսնել նրանց: Իմիջիայլոց, ես հիմա սովորել եմ դրան: Բայց մինչ այդ, այս բոլոր ճամփորդությունները, ամեն ինչ ինձ համար այնքան հետաքրքիր էր»:
Երբ իր հասակակից այլ երեխաներ խաղում էին փողոցում, Անահիտն իր ամբողջ ժամանակը տրամադրում էր դաշնամուր նվագելուն։ Քրտնաջան աշխատանքն ու կյանքի իներցիան նրան հնարավորություն տվեցին առաջ շարժվել։
«Դա իներցիա էր, քանի որ ճակատագիրն այդպես տարավ: Ես սկսեցի սովորել, մի քանի համերգների մասնակցեցի: Երբ մարդիկ տեսան տաղանդս, սկսեցին ինձ հրավիրել տարբեր մրցույթների, ես ուղղակի մասնակցում էի: Հետո կամաց-կամաց հասկացա, որ ուզում եմ սրանով զբաղվել։ Արդեն երազանքները, որոնք վերածվում էին նպատակների, կյանքի կոչվեցին: Այժմյան նպատակը իսկապես լավ պրոֆեսիոնալ, համերգային երաժիշտ դառնալն է: Հիմա նպատակ ունեմ աշխատել ինքս ինձ վրա, փնտրել նոր Անահիտին, ստեղծագործական իմաստով, փնտրել գործիքի նոր հնչողությունը, փնտրել շատ հետաքրքիր բաներ, որոնք կարող է անել դաշնամուրը, որոնք ինձ դեռ այնքան էլ հասանելի չեն, և շարունակել զարգացնալ, որպեսզի դառնամ իսկապես հաջողակ»:
Անահիտը ներկայումս միակն է Ախալքալաքում, ով նման հաջողությունների է հասել դասական երաժշտության ասպարեզում։ Բայց Ախալքալաքում իմացան, որ ապագա կա։ Այս պահին նա օրինակ է ծառայում բազմաթիվ երիտասարդների, ովքեր զբաղվում են երաժշտությամբ։ Անահիտը կարծում է, որ ամեն մարդ կարող է իրեն գտնել Վրաստանում ևս, դրա համար շատ հեռու գնալ պետք չէ։ Նա համարում է, որ Վրաստանում էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ լինելն արտոնություն է։
«Ես եղել եմ շատ երկրներում, որտեղ ավելի շատ հնարավորություններ կան, քան Վրաստանում, ես խոսում եմ իմ մասնագիտության մասին: Եվ շատ ավելի շատ հնարավորություններ կան Եվրոպայում, և նույն Ռուսաստանում: Ես սիրում եմ իմ երկիրը: Ես չեմ պատկերացնում իմ կյանքն այլ երկրում այս պահի դրությամբ: Ես ճանապարհորդում եմ տարբեր երկրներ, տեսնում եմ տարբեր քաղաքներ և կարիք չունեմ ապրելու այլ երկրում: Սկզբում ես պետական լեզուն չգիտեի, բայց հիմա տրամաբանական է, որ սովորում եմ Թբիլիսիում և լեզուն սովորել եմ, բայց ընդհակառակը, ինձ միշտ օգնել է այն փաստը, որ ես հայ եմ, էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ: Ի սկզբանե ինձ համար դժվար էր հարցազրույցներ տալ, բայց ոչ ոք ինձ չէր նախատում»:
Աքսաննա Ավետյան, կարատեիստ, աշխարհի չեմպիոն
Ի տարբերություն երաժշտության, արվեստի, ախալքալաքցիներն ավելի մեծ ներուժ ունեն սպորտի ասպարեզում։ Այնուամենայնիվ, աղջիկների և օրիորդների համար սա դժվար ճանապարհ է։ Հենց սպորտում են ամենաշատ ֆիքսված հաղթանակներն ու չեմպիոնները, բայց ոչ աղջիկների շրջանում։ Աքսաննան սպորտային կարիերան սկսել է 8 տարեկանում, Ախալքալաքում։ 11 տարեկանում նա դարձավ աշխարհի չեմպիոն։ Եթե փոքր քաղաքում հնարավորությունները քիչ են, գյուղերում բացարձակապես հնարավորություններ չկան։ Ուստի Ախալքալաքի շրջանի բնակիչների մեծ մասը լքում է գյուղերը, սկզբում Աքսաննայի ընտանիքը տեղափոխվեց քաղաք, որտեղ նա հնարավորություն ստացավ սպորտով զբաղվել։ Սակայն մոտ ապագայում Աքսաննան ընդմիշտ կմեկնի Ռուսաստան։
«Կարծում եմ, եթե մարդն իր նպատակին հասնելու ձգտումներ ունի, նա առաջ կգնա: Տղամարդկանց շրջանում ավելի մեծ տարածում ունեցող այս սպորտաձևում նման արդյունքներին հասնելու համար ես շատ եմ աշխատել ինքս ինձ վրա, բաց չեմ թողել մարզումները: Երբ ես հասա առաջին արդյունքներին, դա ինձ դրդեց ավելի շատ մարզվելու և առաջ գնալու ցանկություն ունենալ: Որպեսզի ես ընտրեի այս ուղին, ծնողներս, մարզիչս շատ օգնեցին, նրանք ինձ ոգեշնչում էին, հույս տալիս, և ես առաջ էի շարժվում: Ես սկսեցի զբաղվել կարատեով, երբ ընտանիքս Ազավրեթ գյուղից տեղափոխվեց Ախալքալաք, եթե գյուղում ապրեի, հաստատ չէի կարողանա զբաղվել այս սպորտով»։
Չնայած այն հանգամանքին, որ Աքսաննան համարվում է հաջողակ մարզուհի, նա դեռ տեսնում է կարիերայում առաջխաղացման հնարավորությունը ոչ այս քաղաքում և ոչ էլ այս երկրում։
«Երբ տեղափոխվեմ մեծ քաղաք, ավելի շատ հնարավորություններ կունենամ, ուստի ավելի ջանասիրաբար կաշխատեմ ինձ վրա: Յուրաքանչյուր մարզիկ ունի նպատակ՝ դառնալ օլիմպիական չեմպիոն: Եթե Ռուսաստանում արդարացնեմ նրանց հույսերը և լինեմ լավ մարզիկ, կարծում եմ ամեն ինչ հնարավոր է։ Կարծում եմ՝ Օլիմպիական խաղերին մասնակցել հնարավոր է՝ Ախալքալաքում ապրելով հանդերձ, քանի որ հնարավորություն կար դառնալ աշխարհի չեմպիոն, ես կարող եմ աշխատել և այս ուղղությամբ, որպեսզի շարժվեմ դեպի այդ նպատակը։ Այստեղ դրան ոչինչ չէր խանգարում, բայց իմ ընտանիքը որոշել է տեղափոխվել ՌԴ: Հայրս աշխատում է այնտեղ, եղբայրս սովորում է, ուստի իմ այստեղ մնալը մայրիկիս հետ իմաստ չունի:
Նա վստահ է, որ Վրաստանում հնարավոր է հաջողության հասնել՝ անկախ ազգությունից։ Սկսելով իր կարիերան սպորտում՝ նա հասավ իր առաջին նպատակին՝ առաջին դանը, հետո՝ սև գոտին։ Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո նա ստացել է կարատեի հրահանգչի արտոնագիր և վերջապես՝ երկրորդ դանը և երկրորդ սև գոտին։
«Ինձ համար դժվար էր, որովհետև անծանոթ միջավայր էր, ավելին, ինձ հետ մարզվողները տղաներ էին, բացի ինձանից: Բայց, երբ ես սիրեցի կարատեն՝ այդ ամենն անկարևոր դարձավ, բոլոր մարզիկների հետ ընկերացա: Դժվար էր նաև այն, որ թիկունքում իմ մասին բամբասում էին, որ ես մարզվում եմ տղաների հետ, բայց ոչ մի անգամ չեմ փոշմանել դրա համար»։
Օթար Երանոսյան, բռնցքամարտիկ
Օթարի պատմությունը ևս սկսվել է Ախալքալաքի գյուղերից մեկում՝ Կարտիկամում։ Ջավախքցի բռնցքամարտիկը («Փիթբուլ» կեղծանունով) շարունակում է իր առաջխաղացումն ԱՄՆ-ում՝ պրոֆեսիոնալ ռինգում։ 2019 թվականից նա բնակվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քիսիմի քաղաքում։ Այնտեղ նա ներկայացնում է ամերիկյան Warriors promoushen ընկերության WARRIORS GYM ակումբը։ Սակայն մի քանի տարի առաջ նման ճանապարհի մասին նա միայն երազում էր պատկերացնում։ Եվ հենց նրա երազանքներն էլ բերեցին այս արդյունքին։ Ինչպես մյուս դեպքերում, այնպես էլ Օթարի պարագայում, սկիզբը դրվել է Ախալքալաքում, սակայն առաջխաղացումը սկսվել է արդեն քաղաքից ու երկրի սահմաններից դուրս։
«Ամեն տեղ, յուրաքանչյուր քաղաքում և գյուղում կարող ես մարզվել: Դու այնքան հնարավորություններ ունես, այնքան կամք ու ուժ ունես դրա համար: Եվ վաղ թե ուշ անպայման կհասնես նրան, ինչին արժանի ես: Ամեն ինչ քեզ ավելի ուժեղ է դարձնում: Դե իսկ արդեն ավելի պրոֆեսիոնալ մակարդկանց դուրս գալու և զարգանալու համար պետք է լինել մեծ քաղաքներում՝ այլ հնարավորություններից օգտվելու համար: Իհարկե, ամեն ինչ դժվար է, բայց ես իսկապես սիրեցի այս սպորտաձևը, դա պարզ է, և բացի դրանից՝ իմ առաջին մարզիչ Ատոմ Էլիզբարյանը, ով հույսեր ուներ ինձ հետ և հավատում էր իմ ուժերին, հավատում էր, որ ես կհասնեմ այն ամենին, ինչ մենք ուզում ենք: Մենք միասին անցանք այդ ամենով, աստիճանաբար»։
Մի բան է հեռուստացույցով մենամարտեր դիտելը և երազելը, բոլորովին այլ բան՝ գնալ քո երազանքի հետևից: Միայն քչերն են ընդունակ դրան:
«Երբ ես նայում էի մեծ մենամարտեր, երազում էի դառնալ այդպիսի մակարդակի բռնցքամարտիկ: Ես չէի ուզում աշխատել կամ սովորել, չնայած դպրոցում լավ էի սովորում, բայց մանկուց տրվել եմ սպորտին: Միայն բռնցքամարտ, բռնցքամարտ և բռնցքամարտ: Հետո, երբ այսպես ստացվեց, մեծ մենամարտերից հետո, Եվրոպայի առաջնությունից, աշխարհի առաջնությունից հետո ամեն ինչ ինքնըստինքյան եղավ։ Ծանոթությունները, մեծ քաղաքներում հանդիպած մարդիկ շատ կարևոր դեր են խաղում։ Եթե ունես շատ ծանոթներ, հարուստ ծանոթներ, հնարավորություն կունենաս առաջ գնալ։ Եթե ոչ, ապա նրանք կարող են քո վրա ուշադրություն չդարձնել»:
Թեև Օթարն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում և աշխատում է ԱՄՆ-ում, սակայն կարծում է, որ դեռ ամբողջությամբ չի տեղափոխվել այնտեղ։
«Ես դեռ ամբողջությամբ չեմ տեղափոխվել ԱՄՆ, քանի որ հիմա կինս ու տղաս ինձ հետ են, բայց ծնողներս Ախալքալաքում են: Ես երազում էի, որ կգնամ մեծ քաղաք, մի գեղեցիկ, հարուստ, առափնյա քաղաք։ Բայց երբ եկա Մայամի և մարզումները սկսվեցին, սկսվեցին նաև մենամարտերն ու հաղթանակները, սկսեցի ավելի շատ շփվել, հիմա ինձ ամեն ինչ թվում է ավելի հեշտ է: Ես կարոտում եմ Ախալքալաքն ու իմ Կարտիկամ գյուղը»:
Փոքր քաղաքից, գյուղից եկած մարդու համար հաջողության պատմությունը տքնաջան աշխատանքով ու զրկանքներով լի երկար ճանապարհ է: Արդյունքում «ճակատագիրը» միշտ պարգեւատրում է նման մարդկանց, սակայն շատերն արդեն ոչ թե հայրենի հողում են ապրում, այլ նոր տուն դարձած օտար հողում։