Այսօր՝ նոյեմբերի 25-ին, նշանակված է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, սակայն այս պահին օրենսդիր մարմնի մոտ բողոքի ակցիա է անցկացվում։ Ցուցարարները համարում են, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը և խորհրդարանի անդամների լիազորությունների ճանաչումը Վրաստանի Սահմանադրության և խորհրդարանի կանոնակարգի ակնհայտ և կոպիտ խախտում է։
Ինչպես հայտնի է, այսօր «Վրացական երազանքը» նախատեսում է անցկացնել խորհրդարանի առաջին նիստը և հայտարարել իր լիազորությունների մասին։ Ընտրություններին մասնակցած ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը չի ճանաչում խորհրդարանի լեգիտիմությունը։
Քաղաքացիներն ու ընդդիմության ներկայացուցիչները գիշերել են օրենսդիր մարմնի մոտ։ Բողոքի ցույցն այս պահին ևս չի դադարել, հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են խորհրդարանի մոտ արտահայտելու իրենց բողոքը: Տեղում նկատվում է նաև մեծ թվով ոստիկանների մոբիլիզացիա։ Այս պահին Ռուսթավելիի պողոտան փակ է և անանցանելի տրանսպորտի համար:
Jnews-ը խոսել է ցույցի մասնակիցների հետ, ովքեր չնայած եղանակային վատ պայմաններին շարունակում են մնալ խորհրդարանի մոտ:
«Այն ամենն ինչ տեղի է ունենում մեր երկրում, անընդունելի է և այսօրվա խորհրդարանի առաջին նիստը ևս դեմ է մեր երկրի սահմանադրությանը: Ինչպես այստեղ կանգնած բոլոր քաղաքացիները, ես ևս ինձ պարտավորված եմ զգում գալ և իմ բողոքի ձայնը բարձրացնել՝ քանի որ խախտվում են մեր իրավունքները: Բողոքի ակցիային մասնակցում են տարեցներ, երիտասարդներ, նրանք ցրտի և անձրևի տակ գիշերում են հանուն մեր լավ ապագայի։ Բոլորն են պարտավոր գալ և կանգնել նրանց կողքին, քանի որ այս պահին կասկածի տակ է դրված մեր կրթական համակարգը, քաղաքացու իրավունքները, օրենքի արդարությունը և մեր ընտրած եվրոպական ճանապարհը», – ասում է բողոքի ցույցի մասնակիցներից Թամունա Նացվլիշվիլին:
Մարդկանց քանակը գնալով ավելանում է, չնայած անձրևը ավելի հորդառատ է դառնում, միևնույն է այն չի խանգարում մարդկանց Վրաստանի և ԵՄ դրուշներով փաթաթված գալ խորհրդարանի դիմաց: