Դեպի ռուս-վրացական սահման տանող նոր արագընթաց ավտոմայրուղու շինարարությունը կսկսվի մինչև 2019 թ.-ի վերջը, հայտնում է Newsgeorgia-ն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Օգոստոսի սկզբին՝ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Վրաստանին 415 միլիոն դոլար վարկ է տրամադրել նոր մայրուղու կառուցման համար: Նախագիծը մասշտաբային ծրագրի մի մասն է համարվում, որը կնպաստի տրանսպորտային ցանցի բարելավմանը, ինչպես նաև Վրաստանի՝ որպես տարածաշրջանի առևտրային և տուրիստական կենտրոնի ամրապնդմանը:
ԱԶԲ-ն նշում է, որ սա հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի վերականգնման առաջին նախագիծն է, «որը կենսական նշանակության տարանցիկ երթուղի է Վրաստանի, Հայաստանի և տարածաշրջանային առևտրային գործընկերների համար»:
«Մի քանի օրից կստորագրվի համաձայնագիր, և մինչև տարեվերջ կսկսվի երկրորդ նախագիծը, որն ունի պատմական նշանակություն` Կոբի-Գուդաուրի արագընթաց մայրուղին: Դա կլինի ամենաերկար թունելներից և Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը: Անշուշտ, դրա համար ներդրումներ են հարկավոր, և այդ ներդրումներն արդեն ուղղորդվել և ստորագրվել են», – նշել է Բախտաձեն:
Քվեշեթի-Կոբի հատվածը գտնվում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի վրա: Սա Արևմուտք-հարավ տարանցիկ միջանցքի մի մասն է:
Նախագծի շրջանակներում նախատեսված է 22,7 կմ երկարությամբ ասֆալտբետոնե ճանապարհի, վեց կամրջի և հինգ թունելի, ներառյալ ինը կիլոմետրանոց թունելի կառուցումը: Թունելը կկառուցվի Ջվարի լեռնանցքի տակ` Ծղերե գյուղից մինչև Կոբի գյուղը: Այս թունելը կլինի ամենաերկար թունելը Վրաստանում:
Ճանապարհն անցնում է բարդ աշխարհագրական երթուղով, իսկ ձմռանն այնտեղ ձյունատեղումներ են: Նախագծի ավարտից հետո այս հատվածով տարանցիկ երթևեկությունը կախված չի լինի եղանակային պայմաններից:
Նախագծի հավանական արժեքը 558,6 միլիոն դոլար է: 60 միլիոն դոլարի ֆինանսավորումը կտրամադրի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, իսկ Վրաստանի կառավարությունը կհատկացնի 83,6 միլիոն դոլար:
«Երբ մենք խոսում ենք կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման մասին, պետք է հաշվի առնենք, թե դա ինչ լրացուցիչ օգուտներ կբերի մեր քաղաքացիներին, և դրա վառ օրինակն էր անցյալ տարի մեր կողմից իրականացված Կոբին Գուդաուրիի հետ կապող ճոպանուղային նախագիծը: Արդյունքում ստացանք այն, որ Կոբին կյանքի է կոչվել, այնտեղ նոր շունչ է առաջացել, և այսօր դուք փաստացիորեն այնտեղ չեք տեսնի ազատ տեղ, որի մասին խոսակցություններ չլինեն՝ նոր հյուրանոցի կամ նոր զբոսաշրջային օբյեկտի կառուցման մասին… Անձամբ ինձ համար սա ուղեցույց է, թե ինչպես մենք պետք է զարգացնենք ենթակառուցվածքը Վրաստանում», – ընդգծել է Բախտաձեն:
Գոյություն ունեցող 35 կիլոմետրանոց վրացական ռազմական մայրուղին, որից ամեն օր օգտվում է 3500 մեքենա, Վրաստանի ամենավտանգավոր ճանապարհներից մեկն է: Տարվա մեջ ավելի քան 40 օր, հիմնականում ձմռանը, ճանապարհը փակվում է, ինչը խնդիրներ է առաջացնում ճանապարհորդների և բեռնափոխադրողների համար:
Այս պահին սա միակ գործող մայրուղին է, որը կապում է Վրաստանը և Հայաստանը Ռուսաստանի հետ:
2014 թ.-ի մայիսին այս շրջանում տեղի ունեցավ ողբերգություն. Այս վայրերի համար օդի անսովոր բարձր ջերմաստիճանի պատճառով Դևդորակի սառցադաշտի մի մասը սողաց Կազբեկ լեռան հյուսիս-արևմտյան լանջից: Արդյունքում, հզոր ցեխային հոսքը իջավ Դարիալիի կիրճ և փակեց Թերեք գետի վտակը՝ առաջացնելով ջրհեղեղ և ավիրեց ճանապարհը: Այդ ժամանակ վեց մարդ մահացավ: