«Օրենքով գողերի» և նրանց կողմնակիցների նկատմամբ քրեական պատիժը կդառնա ավելի խիստ: Վրաստանի Ներքին գործերի նախարարության կողմից արդեն մշակվել է համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին:
Այն փաստը, որ ՆԳՆ-ն նախատեսում է որոշակի փոփոխություններ մտցնել «օրենքով գողերի» դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրությունում, հայտնի դարձավ 2016 թ.-ի դեկտեմբերին: Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի փորձ ձեռք բերելու նպատակով, ՆԳՆ ղեկավար Գիորգի Մգրեբիշվիլին հատուկ խումբ ուղարկեց Իտալիա:
«Ներքին գործերի նախարարությունn արդեն պատրաստել է օրենսդրական փաթեթը, որը տարածում է քրեական գործողությունների շարքը: Մասնավորապես, օրենսդրական փոփոխություններով հանցագործություն է հայտարարվում «գողական աշխարհին» աջակցելը «գողական հավաքներ» կազմակերպելը, ինչպես նաև «օրենքով գողին» դիմելը և «գողական աշխարհին» անդամակցելը», – ասել է Մեզվրիշվիլին:
Առաջիկա օրերին օրենսդրական փաթեթը կուղարկվի խորհրդարան: «Անդամակցությունը գողական համայնքին» հոդվածը հայտնվել է Վրաստանի Քրեական օրենսգրքում 2005թ.-ին, Միխայիլ Սահակաշվիլու թիմի իշխանության գալուց հետո: 2006 թվականին օրենսդրությունը խստացվեց: Այժմ «գողական համայնքին» անդամակցությունը պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով կամ առանց տուգանելու: «Օրենքով գողերը» կարող են ազատազրկվել յոթից մինչ տաս տարի ժամկետով` տուգանքով կամ առանց դրա: