ԹՊՀ-ի ուսանողները պահանջում են համալսարանի ռեկտորի հրաժարականը: Բողոքի ալիքը սկսվել է այն բանից հետո, երբ համալսարանի մոտ տեղի ունեցող ցույցերի ժամանակ նկատվել է համալսարանի բակում հատուկ նշանակության ջոկատների մոբիլիզացիա։ Լրատվամիջոցներով շրջանառվող կադրերում երևում է, թե ինչպես են հատուկ ջոկատայինները մուտք գործել ԹՊՀ առաջին և երկրորդ մասնաշենքեր: Ուսանողները այս տեղեկատվության վերաբերյալ բացատրություն են պահանջում համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիայից։
Ուսանողների բողոքի ակցիան շարունակվում է․ երիտասարդները արդեն երկրորդ գիշերն է ինչ անցկացրել են ԹՊՀ առաջին մասնաշենքում։ Բացի ընտրություններում ձայներ գողանալուց, ուսանողներն այժմ բողոքում են ռեկտորի լռության դեմ։
Պետական համալսարանի ուսանողները պահանջում են, որ Ջաբա Սամուշիան հրաժարական տա։ Ուսանողները կասկածում են, որ հենց Սամուշիան է կանաչ լույս վառել համալսարանը հատուկ ջոկատայինների ապաստարանի վերածելու համար։ Ուսանողները պատրաստվում են ձեռագիր նամակ ուղարկել Ջաբա Սամուշիային՝ պահանջելով նրա հրաժարականը:
Jnews-ը զրույց է ունեցել նաև Ջավախքից ուսանողներից մեկի հետ, ով ակտիվ մասնակցում է բողոքի ցույցերին և կարծում է, որ տեղի ունեցածը համալսարանի կողմից իր արժեքների կոպիտ խախտում է: Մեզ հետ զրույցում ուսանողը (ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի)նշեց, որ ռեկտորի հրաժարականը այս պահին շատ կարևոր է, քանի որ հենց նրա թույլտվությամբ է կրթական հաստատությունը վերածվել հատուկ գործողության համար օգտագործվող վայրի:
«Իմ կարծիքով, համալսարանն հենց ինքն է պարտավոր պաշտպանել ուսանողների իրավունքները, իսկ այս դեպքում ոչ միայն չի պաշտպանվել, այլ նաև կոպտորեն խախտվել է: Ցավոք, հայ ուսանողների մասնակցությունը գրեթե աննշան է այս բողոքի ցույցերում, որը շատ վատ է, որպես Վրաստանի հավասար քաղաքացիներ ոչ միայն պետք է, այլ պարտավոր ենք դուրս գալ փողոց և պայքարել մեր երկրի բարեկեցիկ ապագայի համար», – եզրափակում է նա:
Թեմային անդրադարձել են համալսարանի մի շարք ուսանողներ և ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ:
ԹՊՀ տարածքը որպես ցատկահարթակ օգտագործելը հատուկ ջոկատայինների համար՝ խաղաղ ցուցարարներին ցրելու նպատակով, կոպտորեն խախտում է ակադեմիական սոցիալական պատասխանատվության բոլոր չափանիշները»,- գրում է ԹՊՀ պրոֆեսոր Յագո Կաչկաչիշվիլին։
«Գլխավորը ԹՊՀ-ի ռեկտորին փոխելն է: Վրաստանի և ԹՊՀ-ի գոյությունը խորհրդանշականորեն փոխկապակցված են: Համազգային շարժումը սկսվել է ԹՊՀ-ից, նոր ազգային շարժումը նույնպես սկսվելու է ԹՊՀ-ից: Մենք այստեղ ենք մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Ջաբա Սամուշիան հրաժարական չի տվել», — նշել է ուսանողներից Զվիադ Ցեցխլաձեն։
ԹՊՀ-ի սոցիալ և քաղաքական գիտությունների բաժնի դեկան Սալոմե Դունդուան իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Թբիլիսիի պետական համալսարանը միշտ եղել է, կա և պետք է մնա գիտելիք, կրթություն, գիտահետազոտական փորձ և ազգային արժեքներ փոխանցող հաստատություն։ Տեղի ունեցածը կասկածի տակ է դնում բուհի առաքելությունն ու արժեքները և արատավորում նրա հեղինակությունը։ Համալսարանի տարածքը չի կարող օգտագործվել ոստիկանական նպատակներով (եթե, իհարկե, խոսքը չի վերաբերում ահաբեկչական գործողությունների ճնշմանը): Առավել ևս, որ նոյեմբերի 19-ին նախատեսվող ոստիկանական միջոցառման մասին համալսարանին նախապես չեն տեղեկացրել։ Այստեղ, անկախ քաղաքական համոզմունքներից ու արժեքներից, բոլորը հավասար են։ Համալսարանում ոստիկանների տեղ չկա»։
Միասնական հայտարարությամբ հանդես են եկել նաև համալսարանում դասավանդող դասախոսները:
«Մենք՝ Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների պրոֆեսորներս, դասախոսներս և դոկտորանտներս, խստորեն դատապարտում ենք նոյեմբերի 19-ին Թբիլիսիի պետական համալսարանի տարածքի չարաշահումը, խաղաղ ցույցի ցրումը չափից դուրս ուժով և սկզբունքների կոպիտ անտեսմամբ։ Համալսարանը, որի դուռը միշտ պետք է բաց լինի ուսանողների և դասախոսների համար, այսօր գործեց իր սկզբունքային առաքելությանը հակառակ՝ փակեց իր դռները և թույլ տվեց ուժայիններին հարձակվել խաղաղ ցույցի մասնակիցների վրա, այդ թվում՝ նույն բուհի ուսանողների։ Այս արարքը վիրավորում է համալսարանը՝ որպես ազատության և առաջընթացի խորհրդանիշ, ոտնահարում է ակադեմիական անկախությունը և դեմ է նրա պատմական առաքելությանը։ Կրթական տարածքները, հատկապես Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանը, որպես առաջին ազգային համալսարան, պետք է լինի մի վայր, որտեղ պաշտպանվելու են յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքները, արտահայտվելու ազատությունը՝ անկախ անձնական համոզմունքներից և կարծիքներից։ Այս սկզբունքը, որը բոլոր ուսումնական հաստատությունների գոյության հիմքն է, այսօր կոպտորեն խախտվել է։
Մենք հայտարարում ենք, որ ցանկացած վարչակազմ, որը արհամարհում է ուսանողների իրավունքները և խոսքի ազատությունը, կստանա ակադեմիական հանրության խիստ բողոքը։ Միաժամանակ կարծում ենք, որ նշված արարքի պատասխանատուն գիտխորհուրդն ու բուհի ռեկտորն է, ով մինչ այժմ լռել է և հայտարարություն չի արել։ Մենք կիսում ենք երիտասարդ սերնդի ամուր կամքը՝ պաշտպանելու Վրաստանի եվրոպական կուրսը և երկրի ժողովրդավարական ապագան։ Այս պայքարը միայն ուսանողների պայքար չէ, դա մեր հասարակության միասնական պայքարն է, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա, որոնք հիմք են հանդիսանում Վրաստանի անկախության և ազատ զարգացման համար։
Մեր պարտքն է կանգնել այնտեղ, որտեղ հնչում է ազատության համար պայքարող ուսանողների ձայնը։ Համալսարանը չի կարող դառնալ փակ տարածք կամ բռնության մեղսակից, այն պետք է մնա ազատության, քննադատական մտածողության և առաջընթացի գլխավոր կենտրոնը»,- կարդում ենք համալսարանական անձնակազմի հայտարարության մեջ։
Չնայած հնչած բողոքների, ԹՊՀ-ի չեկտորը առայժմ հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամ, փոխարենը թեմայի շուրջ հատարարություն է տարածել Վրաստանի ՆԳՆ-ն, որում կարդում ենք
«-Հանրությանը տեղեկացնելու նպատակով ցանկանում ենք արձագանքել մամուլում տարածված այն տեղեկատվությանը, որ այս տարվա նոյեմբերի 18-19-ը Մելիքիշվիլիի պողոտայում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ՆԳՆ-ն հատուկ շտաբ է ունեցել Թբիլիսիի պետական համալսարանում , իսկ համալսարանի շենքում ներկա են եղել Հատուկ հանձնարարությունների բաժնի աշխատակիցները։ Ընդգծենք, որ նոյեմբերի 18-19-ը Թբիլիսիի պետական համալսարանի ոչ շենքում, ոչ բակում շտաբ չի եղել, ոչ էլ հատուկ առաջադրանքների վարչության աշխատակիցներ են մոբիլիզացվել։ Բացատրում ենք, որ ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցները Թբիլիսիի պետական համալսարանի բակ են մտել այն բանից հետո, երբ բողոքի ակցիայի մասնակիցները բակի կենտրոնական մուտքի մոտ մի քանի կրակահերթ են բացել։ Նշենք, որ Թբիլիսիի պետական համալսարանի բակը և պանթեոնը փակ տարածքներ չեն, և այնտեղ կարող են մուտք գործել բոլոր ցանկացողները, այդ թվում՝ ակցիայի մասնակիցները, ովքեր ակցիաների ժամանակ ազատորեն օգտվում են համալսարանի բակից»։