Վրաստանում մի քանի օր է ուսանողները բողոքի ցույցեր են անցկացնում։ Ուսանողական շարժումը պահանջում է ընտրությունների արդյունքների չեղարկում և ի նշան բողոքի՝ գիշերում են դրսում։ ԹՊՀ առաջին մասնաշենքի մոտ հավաքված քաղաքացիները թղթերի վրա գրություն են գրել՝ կոչ անելով ընկերներին միանալ բողոքի ակցիային։
Բողոքի ցույցերը սկսվել են Բաթումիի պետական համալսարանից, նրանց են միացել նաև Թբիլիսիի և այլ քաղաքների ուսանողները։ Երկրում տեղի ունեցող իրադարձություններից ելնելով երեկ դասապրոցեսը դադարեցվել է, այս պահին դեռ հստակ չէ, թե ինչ ռեժիմով կշարունակվի:
Շոթա Մեսխիայի Զուգդիդիի պետական համալսարանի ուսանողներից ևս միացել են բողոքի ցույցերին։ Նրանք նույնպես գիշերել են համալսարանում և կոչ են անում մյուս ուսանողներին միանալ իրենց։
«Մենք միանում ենք մյուս համալսարանականների պայքարին։ Մենք աջակցում ենք այն ուսանողներին, ովքեր չեն վարանում արտահայտել իրենց դիրքորոշումը և գիտակցում են, որ իրենց ձայնը պետք է լսելի լինի ոչ միայն համալսարանում, այլ ամբողջ երկրում։
Վրացի ուսանողները պարտավոր են ապրել ավելի լավ ապագայում, որտեղ նրանց ընտրությունը կլինի որոշիչ, իսկ իրավունքները պաշտպանված։ Մենք պատրաստ ենք շարունակել մասնակցել հասարակական գործունեությանը՝ պաշտպանելու այն սկզբունքները, որոնք իսկապես արտահայտում են մեր հասարակության կամքը և մեր երկրի սահմանադրությունը»,- նշել են ուսանողները։
Թբիլիսիում ևս ուսանողները շարունակում են փակել փողոցներ և պայքարել իրենց ապագայի համար: Բողոքին միացել է նաև «Սուլակաուրի» գրախանութը, որը հանրահավաքի մասնակիցների համար գրադարան է կազմակերպել։
Բողոքի ցույցերի մասնակիցները հայտարարում են, որ չեն ճանաչում հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները: