Ինչու Վրաստանում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ հայերի ինտեգրումը դանդաղ է ընթանում, որո՞նք են խնդիրները և ի՞նչպես կարելի է դրանք լուծել: Jnews-ն այս և շատ այլ հարցերի շուրջ զրուցել է փորձագետ-կոնֆլիկտաբան, Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի հետ։
– Ձեր կարծիքով՝ այժմ ի՞նչ փուլում է Ջավախքի հայերի ինտեգրման գործընթացը Վրաստանում։
– Ինչ-որ դանդաղ, առաջընթացող ռեժիմով, բայց միևնույն է, միջոցառումներ են տեղի ունենում, դրանք և ենթակառուցվածքային նախագծերն են, ավելի ու ավելի են փորձում մարդկանց մոտեցնել Թբիլիսիին, որպեսզի մարդիկ ավելի հեշտ գան Թբիլիսի՝ սովորելու, մի բան գնելու, իրենց ապրանքը վաճառելու: Ջավախքի բնակչությանը ենթակառուցվածքային ծրագրերով ուզում են ցույց տալ, թե ինչ է մտածում իրենց մասին կենտրոնը, և իրապես դա հենց այդպես է։ Եթե Վրաստանում ինչ-որ նախագծեր են իրականցվում, եթե ոչ առաջին փուլում, ապա երկրորդ, երրորդ փուլում, Ջավախքը անպայման ներառված է լինում։ Սրանք միջազգային խոշոր նախագծեր են, առաջին հերթին ենթակառուցվածքային նախագծեր են, որպեսզի ինչ-որ ճանապարհ վերանորոգեն, ՀԷԿ բացեն, ինչ-որ պայմաններ ստեղծեն, որ մարդիկ այնտեղ քիչ թե շատ նորմալ ապրեն։
Բայց ես կարծում եմ, որ դա տեղի է ունենում շատ դանդաղ, քանի որ կա օտարում, և հասարակության որոշ հատված զգում է, որ իրենք կտրված են կենտրոնից՝ Թբիլիսիից, և գտնվում են կողմնամասում։ Կարծում եմ, որ շատ ավելին է պետք անել։
– Ի՞նչ եք կարծում, ինչի՞ հետ է կապված այս օտարումը, ինչո՞ւ է դա առաջանում։
– Օտարումը չար մտադրությունից չէ, դա նրանից է, որ նախ Ջավախքի հայ բնակչությունն ավելի մոտ է Հայաստանի հետ սահմանին, նրանց ավելի մոտ է և ավելի արագ է Հայաստան հասնել ու որոշ հարցեր լուծել, քան երկար ճանապարհորդության համար պատրաստվել՝ դեպի Թբիլիսի: Եվ այս մոտկությունը, իհարկե, ինչ-որ կերպ ձևավորում է հայ բնակչության մտածելակերպը, ինքնությունը։
Հետո, ի վերջո, շրջանը գտնվում է կենտրոնական ճանապարհներից, մայրուղիներից համեմատաբար հեռու, որտեղ միշտ ինչ-որ տեղաշարժ է լինում, այսինքն՝ նրանք ինչ-որ տեղ լոկալ, ինքնավար են ապրում,«տապակվում են իրենց յուղի մեջ» և, համապատասխանաբար, ինքնատիպ մի ենթամշակույթ է ստեղծվում, որն ավելի շատ կապված է Հայաստանի հետ, քան մնացած Վրաստանի հետ։ Ուստի Վրաստանը պետք է հնարավորինս փորձի Ջավախքում ապրող Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն ընձեռի աշխատանք գտնել, կարիերային աճ գրանցել, սեփական բիզնեսն իրացնել այլ շրջաններում, որպեսզի նրանք իրենց զգան ընդհանուր վրաց ազգի մաս։ Ինչ-որ դրական խտրականություն պետք է լինի, որոշակի առավելություններ պետք է տրվեն Ջավախքի հայ բնակչությանը, դա վերաբերում է նաև Քվեմո Քարթլիի ադրբեջանական բնակչությանը։ Բայց նրանք ավելի մոտ են Թբիլիսիին և ավելի մոտ են ընդհանուր երթևեկին, կենտրոնական ճանապարհն անցնում է Քվեմո Քարթլիով դեպի Ադրբեջան և Հայաստան։ Այսպիսով, նրանց բնակչությունը տնտեսապես ավելի ինտեգրված է համավրացական համատեքստին, կա ճանապարհային առևտուր և տարբեր շուկաներ, որոնք օգտագործվում են ոչ միայն տեղացիների, այլև հատուկ դրա համար ժամանած այցելուների կողմից: Իսկ Ջավախքում նման բան չկա աշխարհագրական իրավիճակի պատճառով, այլ ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը միտումնավոր ստվերի տակ է առնում նրանց։ Բայց ուրիշ բան էլ չի արվում, ոչ էլ միտումնավոր ստվերի տակ առնվում կամ միտումնավոր ներգրավվում:
Պետք է հատուկ ինչ-որ բան ձեռնարկել, վրացական իշխանությունները պետք է ակտիվորեն առաջարկեն տարբեր նախագծեր և ապրանքներ, որպեսզի Ջավախքի հայերը ինտեգրվեն Վրաստանում, զարգանան ոչ միայն Ջավախքում, այլև ունենան զարգանալու հնարավորություններ՝ տնտեսական, կրթական, մշակութային ողջ Վրաստանի տարածքում:
– Մենք ունենք «1+4» կրթական ծրագիրը, ի՞նչ կասեք դրա մասին։
– Այն իրեն արդարացրեց։ Այսինքն՝ թույլ տվեց և՛ հայերին, և՛ ադրբեջանցիներին ավելի լավ տիրապետել թե՛ լեզվին, թե՛ մասնագիտությանը, և նրանց առավելություն տվեց։ Բայց հետո ինտեգրումն ինչ-որ տեղ կանգ է առնում։ Երիտասարդները, ովքեր մասնագիտություն են ստանում, նրանք ինքնաիրացման տեղ չունեն։ Ոչ բոլորը, բայց շատերը: Մենք պետք է շարունակենք այս երեխաներին աշխատանքով ապահովել։ Հիմա, օրինակ՝ Բաթումիում, Փոթիում տարբեր առաջխաղացումներ են լինում, ներդրումներ կատարվում, աշխատատեղեր են բացվում այնտեղ, կարծում եմ, որ այդ աշխատատեղերը շատ երիտասարդների, որակավորվածներին պետք է առաջարկել։ Որպեսզի նրանք հնարավորություն ունենան աշխատելու շրջանից դուրս, որպեսզի զգան, որ ամբողջ Վրաստանն իրենցն է, որ իրենք այս երկրի քաղաքացիներ են։ Դա պետք է տեղի ունենա նույնիսկ դպրոցական մակարդակում, օրինակ, որպեսզի 1-ին կիսամյակում երեխաները սովորեն Սամեգրելոյում, մյուսը՝ Աջարիայում, Իմերեթիում, Կախեթիում, և տեսնեն, թե ինչպես են իրենց համաքաղաքացիներն ապրում այլ շրջաններում, ինչպես են ապրում, ինչն է նրանց անհանգստացնում։ Եվ նրանք կտեսնեն, որ իրենք ունեն նույն խնդիրները, և դրանք ոչ թե էթնիկական խնդիրներ են, այլ սոցիալ-տնտեսական։
– Բացի թվարկված ծրագրերից, ինտեգրման առումով էլ ի՞նչ ձեռքբերումներ կարող եք նշել։
– Ես չէի ասի, որ կան որևէ ձեռքբերումներ՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ ընդհանուր վերաբերմունքը փոխվում է դեպի լավը, դա կա, այո։ Երբ դատապարտվում են ազգայնականների որոշ չարախոսություններն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ։ Հիմնականում դա վերաբերում է ոչ թե հայերին, այլ մահմեդականներին։ Հասարակության արձագանքը ցույց է տալիս, որ իր համար անընդունելի են նման բախումները, որոշակի խմբի անհիմն թշնամանքը ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Ես զգում եմ, որ հատկապես երիտասարդների համար ֆաշիստ ազգայնականների ցանկացած պոռթկում բացարձակապես անընդունելի է։ Եվ հասարակական կարծիքը ազդում է նաև քաղաքական գործիչների վրա, որոնք իրենց թույլ են տալիս հիմար արարքներ, որոնք միանգամայն արդարացի վիրավորանք են առաջացնում փոքրամասնությունների շրջանում:
– Ինչի մեջ է էթնիկ փոքրամասնությունների և վրացիների միջև առկա բոլոր հակասությունների արմատը, ինտեգրացիոն գործընթացի արագացմանը խոչընդոտող խնդիրների արմատը։
– Դա դե, իհարկե, վրացական ազգայնականություն է։ Սա հետխորհրդային համախտանիշն է, դա դեռ գալիս է նրանից, որ Խորհրդային Միությունը որպես կայսրություն ձևավորվել էր ազգությունների սկզբունքներով։ Եվ դա թույլ էր տալիս խորհրդային իշխանությանը բացարձակ անբարոյական կերպով ուղղորդել բնակչությանը այնտեղ, որտեղ իրենց «սենյակներն» էին։ Ոչ թե անհատներն են ընտրում իրենց հայրենիքը, իրենց բնակավայրը, այլ նրանց մատնացույց են անում՝ վրացիների համար Վրաստանը, հայերի համար՝ Հայաստանը և այդպես շարունակ։ Հենց Խորհրդային Միության այս բացարձակապես սխալ կառույցը դարձավ դրա կործանման պատճառը։ Փլուզումից հետո մարդիկ հայտնվեցին այն սահմաններում, որոնք ստեղծվել էին խորհրդային տարիներին, և էթնիկական սահմանները միշտ չէ, որ համընկնում էին պետականի հետ։ Եվ առաջացան հսկայական խնդիրներ, այդ թվում՝ անցյալ տարի մենք տեսանք Ղարաբաղյան հակամարտության վրա ազդելու փորձեր՝ այդ պատճառներով, որոնք արտահայտվեցին սարսափելի ձևով։ Ազգայնականությունը գործում է նաև Վրաստանում: «Սա մեր տարածքն է, նրանք, ովքեր ապրում են այս հողի վրա, պետք է իմանան լեզուն, մշակույթը, կրոնը»՝ այս մոտեցումն Առաջին համաշխարհային պատերազմի հետ վերացավ, բայց մնաց Խորհրդային Միությունում: Եվ այս ամենը մեզ մոտ հիմա է ընթանում՝ հետխորհրդային տարածքում, հատկապես՝ Վրաստանում։ Ես երջանիկ և ուրախ եմ, որ Վրաստանն այդքան բազմազան է, չնայած մեր քննարկած խնդիրներին, բայց մենք չենք կարող այդ հարստությունը վերածել հարստության։ Մենք չենք կարող օգտագործել մեր ժողովուրդների աշխատանքը, նրանց մշակույթն ի շահ Վրաստանի։ Տաղանդավոր հայերը կամ ադրբեջանցիները ստիպված են լքել Վրաստանը, նրանք մեկնում են Հայաստան կամ Ադրբեջան։
– Ինչո՞ւ է այդպես տեղի ունենում:
– Այստեղ չեն կարողանում ինքնաիրացվել։ Նրանք իրենց իրավահավասար չեն զգում: Վրացիներն էլ շատ խնդիրներ ունեն, երիտասարդները նույնես հեռանում են, բայց, չնայած սրան, հայերի ու ադրբեջանցիների մոտ անհավասարության զգացում կա, նույնիսկ խնդիրների առումներով։ Բոլոր շրջաններում կան խնդիրներ, բոլորը հասկանում են, որ դրանք ընդհանուր խնդիրներ են՝ կապված երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հետ, սակայն էթնիկ փոքրամասնությունների դեպքում առկա խնդիրներին ավելանում են իրենց խնդիրները։ Ուստի որոշ մարդիկ որոշում են, որ այդ խնդիրները լուծելու համար պետք է լքել Վրաստանը։
– Ինքնաիրացման հետ կապված այս խնդիրները, ըստ Ձեզ, կապված են ազգանվան, ծագման հետ, թե՞ դա ընդհանուր համակարգային երեւույթ է։ Արդյո՞ք արդարացված է այն կարծրատիպը, որ եթե վրացի չես, ապա Վրաստանում քեզ դժվար է ինքնաիրացվել։
– Եթե վրացի չես, ապա քեզ համար դժվար է ինքդ քեզ իրացնել ողջ մնացյալ Վրաստանով։ Մեր շրջանում գուցե ավելի հեշտ է, իսկ շրջանից դուրս՝ ավելի դժվար։ Օրինակ, հայերն ինքնաիրացվում են Թբիլիսիում, նրանք շատ են, այնտեղ ունեն յուրահատուկ թբիլիսյան ենթամշակույթ, շատ գրավիչ, ես կասեի, և Ջավախքում։ Բայց Թբիլիսիից դուրս, Ջավախքից դուրս նրանք իրենց հարմարավետ չեն զգում։
Սա շատ վատ է և դա պետք է վերացնել։ Իհարկե, Վրաստանում կան որոշ խոչընդոտներ։ Կարծում եմ, որ այս խոչընդոտները կապված են էթնիկ պատկանելության, կրոնի հետ: Սովետի ժամանակ կրոնը ոչնչացվեց, և դրա անկումից հետո ունեցանք և՛ էթնիկ ազգայնականություն, և՛ կրոնական ազգայնականություն, և այս երկու զենքերը հայտնվեցին պետության ձեռքերում։ Եթե 19-րդ դարում Վրաստանը ժամանակին ապրում էր կրոնական ազգայնականություն և դիմակայում էր իսլամական աշխարհի մարտահրավերներին, ապա Ռուսական կայսրության օրոք ապրում էր էթնիկ ազգայնականություն, հիմա 21-րդ դարն է, և մեզ համար ամենակարևորը պետք է լինի քաղաքացիությունը, կոպիտ ասած՝ քաղաքացիական ազգայնականությունը, մեզ միավորում է ոչ թե կրոնը, ոչ թե լեզուն, էթնիկ պատկանելությունը կամ մշակույթը, այլ մեր քաղաքացիությունը՝ բոլոր քաղաքացիները հավասար են։ Սա այսօր Վրաստանի խնդիրն է, որ բոլորը հավասար են, բայց վրացիներն ավելի հավասար են, քան մյուսները։ Դա ոչ բոլորի մոտ է, բայց շատերի մոտ կա, թեև գնալով փոքրանում է։ Հասարակության մյուս հատվածը պետք է դիմադրի էթնիկ ազգայնականությանը, և մենք գնում ենք այդ ուղղությամբ։
– Որո՞նք են այն հիմնական գործոնները, որոնք պետք է հաշվի առնել բոլոր դժվարությունները հաղթահարելու համար:
– Քարոզչությունը դպրոցներում, բուհերում, հեռուստատեսության միջոցով։ Ամենակարևորը՝ քաղաքական գործիչներին դա պետք է սովորեցնել հատուկ դասընթացների միջոցով, որպեսզի նրանք մշտապես ընդգծեն քաղաքացիությունը, քաղաքացիական հավասարությունը: Այդ իսկ պատճառով ես այդպես կոչեցի իմ նախարարությունը, մինչ այդ այն կոչվում էր «Վերաինտեգրման նախարարություն» և նկատի ուներ միայն աբխազներին և օսերին։ «Վերաինտեգրումը» ես փոխարինեցի «Հաշտեցումով» և ավելացրեցի երկրորդ մասը՝ քաղաքացիական իրավահավասարությունը։ Ես ասացի, մենք ունենք 2 խնդիր՝ չլուծված խնդիրներն այն քաղաքացիների հետ, ովքեր չեն ցանկանում ապրել մեզ հետ, ինչպես նաև չլուծված խնդիրներն այն քաղաքացիների հետ, ովքեր ցանկանում են ապրել մեզ հետ և հպարտանում են իրենց հայրենիքով՝ Վրաստանով և ցանկանում են ապրել այստեղ՝ արժանապատիվ կերպով՝ թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները: Իրենց համար ստեղծել եմ երկրորդ մասը՝ քաղաքացիական հավասարություն, ոչ թե ազգային, ոչ թե կրոնական, այլ քաղաքացիական հավասարություն։ Հենց այս դիրքորոշումը պետք է անընդհատ աշխատի, դա պետք է ասել հռետորաբանության մակարդակով, պետք է անպայման խոսեն հայկական և ադրբեջանական ծագում ունեցող խոսնակները։ Նրանք պետք է խոսեն հեռուստատեսությամբ, պետք է մասնակցեն բանավեճերի։ Քանի՞ նախարար գիտենք ազգային փոքրամասնություններից՝ ոչ մի: Սերգեենկոն, որը նույնպես էթնիկ վրացի է, նրա հին նախնիները վրացացել են։ Բայց մենք պետք է տեսնենք հիմնական էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Որպեսզի մարդիկ տեսնեն դրանք, լսեն, որ Վրաստանը շատ բազմազան է։ Չկա այնպիսի առաջադեմ քաղաքականություն, որ իշխանությունները խրախուսեն այս ամենը։ Ուստի պետք է աշխատել, որ մեր քաղաքացիները զգան, թե ինչ են մտածում իրենց մասին, այլ խնդիր է, որ ինչ-որ բան չի ստացվում, նրանք արդեն կհասկանան, որ սրա մեջ վատ բան չկա, բայց պետք է զգան, որ իշխանությունը մտածում է իրենց մասին։
Ամալյա Բաբայան