Կորոնավարակը դեռ չի նահանջում, այն արդեն դարձել է մարդկանց առօրյա կյանքի մի մասնիկը, վտանգավոր մասնիկը։ Այս վարակը ըստ մասնագետների մարդկանց օրգանիզմում թողնում է իր հետքը։
Վրաստանի կառավարության կողմից COVID-19-ի դեմ ձեռնարկված գործողությունների մասին հաշվետվության մեջ նշված է, որ երկրի բնակչության մեկ հինգերրորդ մասը կարելի է համարել COVID-19 համաճարակի բարձր կամ միջին ռիսկի կրող, որոնց 80%-ը չորս քրոնիկ հիվանդություն ունեցող անձիք են, որից գրեթե կեսը սիրտանոթային հիվանդություններ ունեցող անձիք են։
Կորոնավարակով հիվանդանալուց հետո շատերը բողոքում են իրենց առողջական վիճակից, իսկ հիմնականում՝ սրտից։ Արդյո՞ք կորոնավարակը թողնում է իր հետքը մարդու սիրտ-անոթային համակարգի վրա և ինչպես պայքարել վիրուսի դեմ JNEWS-ին պարզաբանում է Սրտի անբավարարաության ասոցիացիայի նախագահ, սրտաբան Զվիադ Ղիփիանին։
– Պարոն Ղիփիանի, դա ճի՞շտ է, որ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ կորոնավարակով ավելի հեշտ և արագ են հիվանդանում։
– Հարկ է նշել, որ այն մարդիկ, ովքեր ունեն սիրտ-անոթային հիվանդություններ, նրանք ավելի հեշտ և շուտ են հիվանդանում կորոնավարակով, սակայն հատկանշական է, որ թե՛ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող, թե՛ չունեցող մարդիկ հավասարապես կանգնած են վարակման շեմին, քանի որ վարակը արդեն շատ է տարածված և արդեն համաճարակ է։ Այստեղ կարևորն այն է, որ այն մարդիկ, ովքեր ունեն սիրտ-անոթային հիվանդություններ և գտնվում են բարձր ռիսկային խմբում, կորոնավարակով վարակվելու դեպքում նրանց մոտ բարդությունների և մահացության ռիսկը մեծ է, այդ պատճառով շատ կարևոր է, որ բարձր ռիսկային խմբի մեջ գտնվող մարդիկ պատվաստվեն, որպեսզի պաշտպանվեն բարդություններից, նվազի մահացությունը և հոսպիտալացումը։
-Կա արդյո՞ք դեղամիջոց, որ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ օգտագործեն, որպեսզի պաշտպանվեն վարակից։
– Այն պացիենտները, ովքեր ունեն սիրտ-անօթային հիվանդություններ, իհարկե, առաջնահերթ պետք է հետևեն այն ցուցումներին, որոնք տրվել են առողջապահության նախարարության կողմից համաճարակի հենց սկզբից, որոնք են՝ շնչադիմակ կրելը, հեռավորություն պահպանելը, հավաքույթների չմասնակցելը, մարդաշատ վայրերում չլինելը։ Ամենակարևոր պաշտպանությունը այսպիսի մարդկանց և յուրաքանչյուրիս համար, կրկնում եմ միայն ու միայն պատվաստումն է, իսկ դեղահաբեր ընդունել, որպեսզի վիրուսից պաշտպանված լինեն, չկա այդպիսի բան, այդպիսի միջոց է միայն պատվաստանյութը։
– Դա ճիշտ է, որ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող անձանց շրջանում գրանցվում է դեպքեր, երբ կորոնավարակը տանում են առանց որևէ մի ախտանշանի, բայց մարդը մահանում է կորոնավարակից։
– Ոչ միայն իմ պրակտիկայում, այլև ամենօրյա վիճակագրությունը, ցավոք, ցույց է տալիս, որ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ, որոնք գտնվում են բարձր ռիսկային խմբում, առանց որևէ մի ախտանիշի տանում են հիվանդությունը, որը, ցավոք հանգեցնում է մահվան։ Հենց ինքը կորոնավարակային հիվանդությունը կարող է առաջացնել տարբեր սրտային հիվանդություններ, այդ թվում նաև թրոմբոէմբոլային բարդություններ, կարող է առաջանալ միոկարդիտ, ռեոկարդիտ, վիրուսային միոկարդիտ: Ինչպես կհանգուցալուծվի իրավճակը վիրուսային միոկարդիտի դեպքում ոչ ոք չգիտի, և, ցավոք շատ դեպքեր ունենք, որոնք վատ ավարտ են ունեցել, հենց դրա համար է կարևոր, որ բոլորը պատվաստվեն, այն դեպքում, երբ բարձր ռիսկային խմբին են պատկանում և ունեն այլ ուղեկցող հիվանդություններ, որպեսզի պաշտպանված լինեն։
– Մեր կարդացողներից եղել են մարդիկ, ովքեր ասել են, որ կորոնավարակի դեմ բուժվելուց հետո ունեցել են սրտի ցավ: Նրանք հաստատում են, որ այն դեղամիջոցն է առաջացել ցավը, որով նրանց բուժել են կլինիկայում: Ինչքանո՞վ է հնարավոր այսպիսի դեպք։
«Բացառվում է, և չպատկերացնելու է, որ կլինիկայում բուժվելու ընթացքում բժիշկները այնպիսի դեղ նշանակեն, որը ցավեցնի կամ ազդի սրտին։ Եթե անձը բուժվել և վերադարձել է տուն, անցել իր բնականոն կյանքին, և այնուհետև նրա մոտ առաջացել է սրտի ցավ, հենց ինքը covid-ը, վիրուսը գիտի և վնասում է սիրտը, այդ իսկ պատճառով այն վախենալու է հենց սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Ցավոք գույություն ունի երկարատև կովիդ, և երկարատև կովիդ ախտանիշ, որն էլ հնարավոր է ազդի մարդկանց տարբեր օրգաններին։
– Արդյո՞ք կորոնավարակիրը կարող է հետք թողնել մարդկանց սրտի վրա անգամ բուժվելուց հետո։
– Բացառված չէ, որ կովիդից հետո, նույնիսկ բուժվելուց հետո այն հետք թողնի սրտին և ըստ կարգի այո՛ մարդիկ պետք է ունենան վախ վարակից, քանի որ վարակի նպատակային օրգանը սիրտն է և հնարավոր է լինի բարդություններ։
– Ինչ խորհուրդ/ցուցում կտաք սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող անձանց կորոնավարակի դեմ պայքարելու համար։
– Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող անձանց, իհարկե, իմ ցուցումը և խորհուրդն այն է, քանի որ, նրանք գիտեն իրենց հիվանդությունը, պետք է մշտական օգտագործեն դեղամիջոցները, մշտական հաճախեն ստուգման, հսկեն իրենց վիճակը, առաջին պաշտպանությունը դա պատվաստվելն է, իհարկե նաև շնչադիմակ կրելը և հեռավորություն պահպանելը։ Երբ արդեն բնակչության շրջանում կսկսվի մասսայական պատվաստումը, վարակն էլ կնվազի և մի օր այս վիրուսը կվերանա։
Կորոնավիրուսի սկզբից մինչև օրս աշխարհում վարակից մահացել է 3 501 098 մարդ, ընդհանուր վարակավածների թիվը կազմում է 168 560 836, ապաքինվել է 150 109 390 մարդ:
Գայանե Ակոջյան