Այսօր՝ նույեմբերի 10-ին, Թբիլիսիի սրտում Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ «Տոլմա-2024» ավանդական փառատոնը, որտեղ թարմ պատրաստած տոլմայի բույրը տեղացիներին և այցելուներին հրավիրում էր տոնելու մշակույթի, ավանդույթների և խոհարարության օրը, իսկ հյուրասիրությունը ուղեկցվում էր Վանաձորի «Հորովել» երգի պարի պետական համույթի (գեղ. ղեկավար՝ Արմեն Ներսիսյան) տոնական ուրախ համերգով: Ինչպես միշտ, այս անգամ էլ փառատոնը տեղի ունեցավ ուրախ ու ջերմ մթնոլորտում:

«Վայ չուտողին»՝ այսպես էին նկարագրում այցելուներն իրենց գոհունակությունը:

tolma 1

Փառատոնի այցելուները ճաշակեցին բանջարեղենից պատրաստված, ինչպես նաև խաղողի և կաղամբի տերևների հարուստ համերը, որոնք նրբորեն փաթաթված էին մսի, բրնձի և անուշաբույր համեմունքների համեղ միջուկների շուրջ: Փառատոնը ցուցադրեց հայկական խոհանոցի բազմազանությունը՝ տնային խոհարարների և պրոֆեսիոնալ խոհարարների կողմից համօգտագործվող բաղադրատոմսերով, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն երանգն էր հաղորդում տոնին:

tolma 5

tolma 6

tolma 4

Տոնն ուղեկցվում էր հայկական ժողովրդական ուրախ երգ ու պարով:

Փառատոնն անցկացվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միութան աջակցությամբ, ովքեր հրավիրել էին տեղի և հայաստանցի անհատ խոհարարներին իրենց տոլմայի կաթսաներով Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում մասնակցել «Տոլմա-2024» փառատոնին՝ ի նշանավորում հայ ժողովրդի միասնության:

tolma 2

tolma 3

Սուրբ Գևորգ եկեղեցում տոլմայի փառատոնը միասնության, մշակույթի և սննդի հանդեպ սիրո տոն է, որը մարդկանց մտերմացնելու միջոց է: Ներկաները մնացին ջերմ ու ուրախ օրվա հիշողություններով և հայկական խոհանոցի հարուստ ավանդույթների նորովի գնահատմամբ:

tolma 7

Փառատոնը շարունակական բնույթ է կրում, և ամեն տարի իրականացվում է Թբիլիսիի հայ համայնքի կողմից: