Հուլիսի 1-ից մինչ նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, միավորների համակարգը ներդնելուց հետո, Վրաստանում վարորդական իրավունքից զրկվել է 12 մարդ: Այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը, հղում անելով ՆԳՆ վիճակագրությանը:
Հուլիսի 1-ից Վրաստանի բոլոր վարորդներին փոխանցվեց 100 միավոր, որոնք կրճատվում էին երթևեկության կանոնների խախտման հետ: Լիմիտը լրանալուց հետո վարորդները զրկվում են իրենց վարորդական իրավունքից:
Եվս երկու վարորդ իրենց վարորդական իրավունքը կորցնելու եզրին են` նրանք ունեն ընդամենը 5 միավոր: 14 վարորդի մնացել է 10 միավոր, 22-ի մոտ` 15 միավոր է: Մինչ դեկտեմբեր 20 միավորով է մնացել 32 վարորդ:
Առաջին անձը, ով ռեկորդային ժամանակահատվածում՝ սեպտեմբերին, զրկվել է իր վարորդական իրավունքից Քութայիսի բնակիչ է:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով, այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկրում վթարների թիվը նվազել է 14%-ով, վթարներում զոհվածների թիվը՝ 7%-ով, իսկ տուժածներինը՝ 12%-ով:
Վիճակագրության համաձայն, Վրաստանում հաճախ խախտում են բջջային հեռախոսով ղեկի վրա խոսելու արգելքը, անվտանգության գոտին օգտագործելու կանոնը, հետիոտնային անցման ճանապարհային երթևեկության կանոնները և հոծ գծի հատումը:
Հուլիսի 1-ին փոխանցված առաջին միավորները հաշվարկված էին մինչ 2017 թ.-ի վերջ: Սակայն 2018 թվականի հունվարի 1-ից 100 միավոր կփոխանցվի ամբողջ տարվա համար: