Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզում վերանորոգման աշխատանքները շարունակվում են: Աշխատանքները սկսվել են հոկտեմբերի առաջին կեսին և պետք է ավարտվեն մինչև 2025 թվականի ապրիլ:
Շինարարների խոսքերով՝ աշխատանքները սկսվել են մոտ 25 օր առաջ։
«Հիմա մենք քանդում ենք, ամեն ինչ հանում ենք, հետո նորը կսարքենք, որ որակյալ լինի: Ոչ մի դժվարություն չկա, ամեն ինչ կարգին է: Մենք չորս հոգի ենք՝ բոլորը տեղացի են, միայն ես եմ Ախալցիխեից»,- մեկնաբանեց աշխատանքների համար պատասխանատու Աղաս Գրիգորյանը։
Վերջինիս խոսքով՝ իրենք ցանկանում են որքան հնարավոր է շուտ ավարտել աշխատանքները։
Թիվ 3 մանկապարտեզը վերանորոգում է «Լաղի Կապիտալ» ՍՊԸ-ն, ընդհանուր պայմանագրային արժեքը՝ ներառյալ բոլոր աշխատանքները և ծառայությունները, կազմում է 3`261`495 լարի: Ցուցակային գինը՝ 1`775`269.93 լարի: Աշխատանքները պետք է ավարտվեն պայմանագրի ստորագրումից հետո 16 օրացուցային ամսվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2025 թվականի ապրիլը։
Թիվ 3 մանկապարտեզի վերանորոգումը սկսելու համար շենքը պետք է ազատվեր մինչև 2024 թվականի սեպտեմբերի 5-ը, սակայն վերանորոգումը սկսվեց միայն հոկտեմբերին։
Հիշեցնենք, որ 2024 թվականին սկսվել է քաղաքի 3 մանկապարտեզի հիմնանորոգումը, իսկ Ախալքալաքում նոր մանկապարտեզի շինարարությունը սկսել է ավելի վաղ, բոլոր աշխատանքները ֆինանսավորվում են Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից։
Ախալքալաք քաղաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզները վերանորոգվում են «Մեդմշենի» ՍՊԸ-ի կողմից։ Մրցույթը հայտարարվել է գնացուցակի համաձայն, գնացուցակի մոտավոր արժեքը 1 830 175,19 լարի է, աշխատանքի ընդհանուր արժեքը՝ 7 522 000 լարի։ Աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2025 թվականի փետրվար, սակայն թիվ 1 մանկապարտեզում շինարարությունը դեռ չի սկսվել։
Թիվ 5 դպրոցի (նախկին գիշերօթիկ) տարածքում նոր մանկապարտեզը կառուցվում է «IKB Build» ընկերության կողմից ՝ 1 657 000 լարիով։ Աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2024 թվականի վերջ։
Մինչ այդ քաղաքի մանկապարտեզների սաները, որոնց ծնողներն աշխատում են ու երեխային թողնելու ոչ մի տեղ չունեն, հաճախում են գյուղական մանկապարտեզներ։