Այս տարի վերանորոգվում են Ախալքալաք քաղաքի բոլոր 3 մանկապարտեզները, կառուցվում է ևս 1 նորը։ Jnews-ը հետամուտ է եղել մանկապարտեզների վերանորոգման գործընթացին։

Թիվ 1 և Թիվ 2 մանկապարտեզները վերանորոգվում են նույն ընկերության՝ «Մեդմշենի» ՍՊԸ-ի կողմից։

Թիվ 2 մանկապարտեզի աշխատանքները սկսվել են այս տարվա հուլիսին։ Ինչպես Jnews-ին տված մեկնաբանությունում ասել է ընկերության ներկայացուցիչ Անզոր Կապիանիձեն, ներկայումս աշխատանքներ են տարվում հիմքի ամրացման ուղղությամբ, իսկ ներսում ավազ է լցվում։ Նրա խոսքով, աշխատանքները ձգձգվել են կոյուղու հետ կապված անսպասելի խնդրի պատճառով։

sadik2

«Ընդհանուր առմամբ աշխատում է 7-8 հոգի, բոլորը տեղացիներ են: Կան փոփոխություններ: Շենքի տակ ջուր է հոսում: Մենք մոտ 2-3 ամիս է, ինչ աշխատում ենք այս ուղղությամբ: Խնդիրը կայանում է կոյուղու և ջրագծի տեղափոխման մեջ: Այս մասին քաղաքապետարանում տեղեկացված են, արդեն մրցույթը հայտարարված է: Նոր ընկերությունը երբ լուծի խնդիրը, մենք կշարունակենք»,- ասաց նա։

sadik

Նշենք, որ Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից հայտարարված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեղադրման/ապամոնտաժման մրցույթն արդեն կայացել է։ Այժմ ընթանում է ընտրության/գնահատման փուլը: Այն շահել է անհատ ձեռնարկատեր Աշոտ Կարախանյանը՝ 36 987 լարիի չափով։ Համաձայն մրցույթի՝ աշխատանքները պետք է կատարվեն պայմանագրի կնքման օրվանից 30 օրվա ընթացքում։

Կապիանիձեի խոսքով, եթե նրանք ժամկետների մեջ չտեղավորվեն, ապա մրցույթի վերջնաժամկետը կերկարաձգվի։ Եղանակային պայմանների վերաբերյալ նա ասաց հետևյալը.

«Մենք դեռևս աշխատում ենք, դեռ եղանակը մեզ չի խանգարում, մենք կփորձենք աշխատել, քանի դեռ հնարավորություն ունենք»։

sadik4

sadik5

Թիվ 1 մանկապարտեզում աշխատանքները դեռ չեն սկսվել: Ինչպես պարզաբանեց ընկերության ներկայացուցիչ Անզոր Կապիանիձեն, կան նաև կոյուղու և ջրամատակարարման հետ կապված խնդիրներ, ջրաբաշխիչ ընկերությունը պետք է ամեն ինչ կարգավորի, հետո նրանք կսկսեն։

Ախալքալաք քաղաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզները վերանորոգվում են Մունիցիպալ զարգացման հիմնադրամի միջոցներով։ 7 մլն 522 հազար լարիի չափով մրցույթը շահել է «Մեդմշենի» ընկերությունը։ Մրցույթը հայտարարվել է գնացուցակի համաձայն, գնացուցակի մոտավոր արժեքը կազմում է 1 830 175,19 լարի։