Ախալքալաք փոքրիկ քաղաքում գրեթե անհնար է այնպիսի փողոց գտնել, որտեղ չեն լինի արհեստական անհարթություններ` «պառկած ոստիկաններ»: Քաղաքի բնակիչները խնդրում են անհարթություններ տեղադրել, որպեսզի երեխաները պաշտպանված լինեն մրցարշավորդներից: Բայց անհարթություններն ըստ ստանդարտների չեն սահմանվում և վնասում են մեքենաները:

Թամար թագուհու անվան փողոցն իսկական դժոխք է տեղի վարորդների համար: Այստեղ «պառկած ոստիկանները» տեղադրված են յուրաքանչյուր 50 մետրի վրա և մեկ փողոցում հասնում 10-ի, էլ չասած, թե կոնկրետ ինչպես են դրանք տեղադրված` թույլատրելի նորմից բարձր, առանց հատուկ գույնի և ասֆալտից կամ բետոնից պատրաստված: Թեև, զուգահեռ՝ Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցը, առաջինից ոչնչով չի տարբերվում, այստեղ նույնպես կան բազմաթիվ արհեստական անհարթություններ, բայց գոնե ներկված են:

Տեղացի տաքսու վարորդը պատմում է, որ ամբողջ օրն իր մեքենան «ցատկում» է այդ անհարթությունների վրայով և շարքից դուրս է գալիս: Նա կարծում է, որ քաղաքում չափազանց շատ են արհեստական անհարթությունները, դրանք չափազանց բարձր են, իսկ որոշ տեղերում ընդգծված չեն տարբերիչ գույներով:

«Այս ամենն այն պատճառով է, որ ով ուզում է տան դիմաց տեղադրել արհեստական անհարթություն, ասում է՝ նրանք էլ տեղադրում են: Ցանկացավ այստեղ՝ տեղադրեցին, ևս 100 մետր հետո ցանկացավ՝ տեղադրեցին: Չկա փողոց, որտեղ «ոստիկաններ» չլինեն: Մի փողոցում կարող է լինել 10 հատ: Իհարկե, կան վայրեր, որտեղ դրանք անհրաժեշտ են՝ դպրոցների դիմաց և այլն, բայց ոչ ամեն տան դիմաց»:

police5

police3

Ախալքալաքի Երեւանյան-Մարգարյան փողոցների խաչմերուկի բոլոր չորս կողմերում տեղադրված են արհեստական անհարթություններ: Տեղի բնակիչները պատմում են, որ այնտեղ հաճախ են դժբախտ պատահարներ տեղի ունենում, այդ պատճառով էլ «պառկած ոստիկաններ» են տեղադրվել։ Նրանք շատ ուրախ են դրա համար, քանի որ մեքենաները հաճախ անցնում էին մեծ արագությամբ, իսկ երեխաները ամբողջ օրը խաղում են փողոցում:

«Այստեղ իրար են բախվել երեք մեքենա: Այստեղ երեխաները շատ են, նաև առաջ խանութ կար: Իհարկե, մենք կողմ ենք, այստեղ շատ վտանգավոր է, հատկապես մեր տան մոտ՝ անկյունայինում, ամեն տեղից մեքենաներ են անցնում, իսկ մենք երեխաներ ունենք: Մենք նույնպես մեքենա ունենք, բայց ամեն դեպքում ես անվտանգության կողմանկից եմ»,- ասում է այս խաչմերուկի բնակիչներից մեկը:

txak

police2

police6

Երկու կողմերն էլ՝ վարորդներն ու հետիոտները, համաձայնում են, որ տեղի երիտասարդները «մրցարշավորդներ» են և առանց սահմանափակող միջոցառումների չեն դանդաղեցնի իրենց մեքենաների արագությունը:

«Նրանք մեքենան վարում են հսկայական արագությամբ, եթե չտեղադրեն, ապա նրանք կանգ չեն առնի», – ասում է Ախալքալաքի բնակիչը:

«Իհարկե, եթե մերոնք նորմալ քշեին, այս ամենը անհրաժեշտ չէր լինի: Մեր վարորդները սիրում են գերազանցել արագությունը», – ասում է տաքսու վարորդը:

police

Ախալքալաքում քաղաքապետարանն է պատասխանատու տեղական նշանակության փողոցներում «պառկած ոստիկաններ» տեղադրելու համար: Ախալքալաքի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների և պլանավորման ծառայությունից հայտնեցին, որ «պառկած ոստիկանները» կոլեկտիվ հայտադիմումների հիման վրա են տեղադրում:
«Կոլեկտիվ դիմումները ներկայացվում են քաղաքապետարան, դիմում են մեզ, և մենք դրանք տեղադրում ենք: Քննարկումն ընթանում է կոլեգիալ` մեր և այլ ծառայությունների կողմից, աշխատանքներն իրականացվում են փոսային նորոգման շրջանակներում», – մեկնաբանում է ծառայության պետ Ռաֆիկ Աբաջյանը:

Մեզ չհաջողվեց գտնել Վրաստանում արհեստական անհարթությունների չափերի մասին որևէ ստանդարտ:

Վրաստանում «արհեստական անհարթությունների» տեղադրմամբ զբաղվող մի քանի ընկերություններ առաջնորդվում են միջազգային սկզբունքներով: Անհարթությունները պետք է պատրաստված լինեն կաուչուկից կամ պլաստմասսայից, բարձրությունը չպետք է գերազանցի 40-45 մմ-ը, այսինքն` 4-4.5 սմ-ը, իսկ լայնությունը` 500 մմ-ը: Այնուամենայնիվ, Ախալքալաքում դրանք տեղադրվում են՝ «որքան բարձր, այնքան լավ» սկզբունքով, իսկ բարձրությունը հիմնականում 10 սմ և ավելի է: