Ախալքալաքի քաղաքապետարանի Քաղաքացիական բյուջետավորման հանձնաժողովը քննարկել է քաղաքային բարեկարգման համար քաղաքացիներից ստացված երեք գաղափարները: Նոյեմբերի 7-ին ժամը 12:00-ից 15:00-ն քաղաքապետարանում ախալքալաքցիների քվեարկությանը կդրվի երկու գաղափար:
Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետը, քաղաքացիներից, քաղաքացիական բյուջետավորմամբ ֆինանսավորման մրցույթին մասնակցելու երեք գաղափար է ստացել: Հոկտեմբերի 31-ին քաղաքապետարանի Քաղաքացիական բյուջետավորման հանձնաժողովը քննարկել է բոլոր երեք նախագծերը, արդյունքում հանձնաժողովը մերժել է մեկ գաղափար, քանի որ, ըստ Քաղաքացիական բյուջետավորման հանձնաժողովի քարտուղար Կարինե Քսպոյանի, քաղաքապետարանը չի կարող ֆինանսավորել մասնավոր սեփականության տարածքի բարեկարգում, իսկ մերժված գաղափարը վերաբերում էր մասնավոր սեփականություն հանդիսացող քաղաքային ավտոկայանի տարածքի բարեկարգմանը։
Մնացած երկու գաղափարը՝ դեպի Ճգնավոր սրբավայր տանող ճանապարհի բարեկարգումը և փողոցների անվանումներով ցուցանակների տեղադրումը կդրվի քվեարկության։ Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 7-ին, քաղաքապետարանում։ Քվեարկությունը կսկսվի ժամը 12:00-ին և կտևի մինչև 15:00-ն:
Քվեարկությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Կարինե Քսպոյանի խոսքով, հրավիրված են նաև գաղափարների հեղինակները, ովքեր մինչև քվեարկության սկսվելը կներկայացնեն իրենց նախագծերը։
Քաղաքացիական բյուջետավորումն Ախալքալաքի մունիցիպալիտետում ներդրվել է 2023 թվականին «HEKS-EPER Georgia» կազմակերպության ծրագրի շրջանակներում, Սամցխե-Ջավախքի գործընկերոջ՝ Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոն (SCCSF) կազմակերպության աջակցությամբ: Ախալքալաքի բնակիչների ներկայացրած լավագույն գաղափարն իրականացնելու համար այս տարի մունիցիպալիտետի բյուջեով հատկացվել է 30 հազար լարի։ Հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել 50 հազար լարի։
Հուլիսի 15-ից օգոստոսի 16-ը, երբ հայտարարվել էր բնակիչների դիմումների ընդունման մրցույթը, նախագիծ քաղաքապետարան ոչ ոք չէր ներկայացրել։ Օգոստոսի 23-ին քաղաքապետարանը որոշում է կայացնում 2 շաբաթով՝ մինչև սեպտեմբերի 6-ը, երկարաձգել հայտերի ընդունման վերջնաժամկետը։