2022 թվականի հունվարին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի սոցիալական ծառայությունը ստացել է տարատեսակ սոցիալական աջակցության ավելի քան 500 դիմում։ Այս տարի առաջին անգամ մունիցիպալիտետի կողմից ֆինանսավորվում է միայնակ ծնողի բարձրագույն կրթության վարձի 50%-ը։
Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական ծառայության ֆինանսավորումը, ըստ 2022 թվականի բյուջեի, կազմում է 660 100 լարի, իսկ անցյալ տարի՝ 785 000 լարի էր։
«Սոցիալական տարբեր պահանջներով բազմաթիվ դիմումներ կան։ Առհասարակ մարդիկ արդեն ավելի տեղեկացված են դարձել։ Եթե եղած գումարը վերջանա, մենք դիմում կգրենք և պահուստային ֆոնդից կավելացնեն։ Ամեն ինչ կախված է դիմումների քանակից։ Դիմումների մեծ մասը բուժման և դիալիզի համար է»,- ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական բաժնի աշխատակից Ռաֆայել Թոքմաջյանը։
Արդեն մեկ միայնակ մայր-ուսանողուհի օգտվել է սոցիալական փաթեթի նոր կետից, նա ստացել է 1000 լարի։ Ընդհանուր առմամբ, աջակցության համար արդեն դիմել է 12 ուսանող։ Նրանց դիմումը բավարարվել է և ստացել են 1000-ական լարի։ Անցյալ տարի ամբողջ տարվա ընթացքում օգնություն է ստացել 42 ուսանող։ Նշենք, որ մինչև 2022 թվականը բարձրագույն կրթության համաֆինանսավորում էին ստանում միայն ծնողազուրկ ուսանողները, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքների ուսանողները և 3 մինչև 23 տարեկան ուսանողներ ունեցող ընտանիքները, սոցիալապես անպաշտպան ընտանիքների ուսանողները և սահմանափակ կարողություն ունեցող ուսանողները:
Մունիցիպալիտետում 14 հոգի արդեն ստացել են 2000-ական լարի, դրանք երիկամային անբավարարություն ունեցող մարդիկ են, ովքեր մշտապես դիալիզի են հաճախում։ Այս նպաստը բարձրացվել է, նախկինում միանվագ 1500 լարի էր, իսկ հիմա՝ 2000 լարի։
Նորածին երեխաների դեպքում նախատեսված է՝ 250 լարի առաջին (երկրորդ) երեխայի համար, 500 լարի՝ երրորդի համար, 300 լարի՝ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար:
Մունիցիպալիտետի սոցիալական փաթեթում նորություններ են սպասվում, որոնք Jnews-ն իմանալուն պես կհրապարակի։