Վրաստանի ընդդիմադիր «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը չի մտնի խորհրդարան,- այսօր ճեպազրույցում հայտարարել է կուսակցության առաջնորդ և երկրի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան:

«Մեր կուսակցությունը լեգիտիմություն չի տա «Երազանք»-ի ոչ լեգիտիմ խորհրդարանին, վերջակետ»,- լրագրողի հարցին պատասխանել է Գախարիան։

Վերջինս հայտարարել է, որ իր թիմը միանում է այսօր երեկոյան խորհրդարանի մոտ կայանալիք ակցիային։

Ընդգծենք, որ ըստ հավաքած ձայների Գախարիայի կուսակցությունը խորհրդարանում ստացել է 12 մանդատ։

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 50 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական ուժեր: