Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր և առաջիկա ընտրությւոններում պատգամավորի անկախ թեկնածու Հենզել Մկոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ սպառնում է բնակչությանը, որ աշնանը Ջավախքը կմնա առանց գազի, պատճառը քաղաքական ճնշումներն են:
Ըստ Մկոյանի իր վրա քաղաքական ճնշում է գործադրվում, որպեսզի չմասնակցի ընտրություններին:
«Ընտրություններին մնացել է մեկուկես ամիս: Այսօր եղբորս ընկերություն էին եկել ֆինանսական ոստիկանության ու աուդիտի աշխատակիցները: Նրանք կնիքեցին բոլոր համակարգիչները և փաստաթղթերը: Եղբայրս Վրաստանում մեծ հայ գործարար է, նրա մոտ შპს „მეეკი„ և „ეს-ჯი-გაზ„ ընկերություններում աշխատում է 300 մարդ, որոնք իրենց ընտանիքների միակ սատարն ու կերակրողը: Սա ճնշում է գործարարի և բիզնեսի վրա: Այս ամենը քաղաքական բնույթ ունի: Նրանց միակ նպատակը 2020-ի խորհրդարանական ընտրություններից իմ թեկնածությունը հանելն է»,- գրել է պատգամավորը:
Վերջինս զգուշացնում է Ջավախքի բնակչության, որ աշնանն առանց բնական գազի կմնան:
«Եթե ամեն ինչ այս տեմպով շարունակվի, ապա մենք չենք կարողանա իրականացնել այն ծրագրերը, որոնցով նախատեսված էր գազաֆիկացնել Ախալքալաքի մունիցիպալիտետի Աբուլ և Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղերը, ինչպես նաև այլ ծրագրեր: Ընկերությունը չի կարողանա բնական գազ մատակարարել հասարակությանը, իսկ աշնանը լեռնային այս շրջանի բնակիչները խստաշունչ ձմռան պայմաններում, որը բնորոշ է այս շրջանին կմնան առանց գազի: Ընկերությունը կսնանկանա, և՛ ընկերությունը, և՛ բնակչությունը մեծ վնասներ կկրեն», — ասված է Մկոյանի տարածած հայտարարության մեջ: