Վրաստանում հերթական սոցիոլոգիական ուսումնասիրությունն անցկացվեց խորհրդարանական ընտրությունների նախօրեին Թբիլիսիի «Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով՝ «Edison Research» ամերիկյան հեղինակավոր կազմակերպության կողմից:

Հարցումն անցկացվել է օգոստոսի 25-ից սեպտեմբերի 7-ը՝ Վրաստանի 18 և ավելի տարեկան բնակիչների անձնական հարցազրույցների միջոցով: Երկրի մասշտաբով (բացառությամբ Աբխազիայի և Ցխինվալի շրջանները) պատահականության սկզբունքով հարցվել է 2 850 մարդ: Սխալմունքի շեմը + – 2.0% է:

Ըստ ուսումնասիրության՝ արդյունքում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 94%-ը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Հարցվածների 75%-ն ասում է, որ իսկապես նախատեսում է մասնակցել քվեարկությանը:

19%-ն ասում է, որ ամենայն հավանականությամբ կմասնակցեն ընտրություններին:

Հարցվածների 3%-ն ասում է, որ հավանաբար չեն գնա ընտրությունների:

Եվս 3%-ը վստահ են, որ չեն մասնակցելու քվեարկությանը:

Հարցին՝ «Ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք, եթե ընտրություններն անցկացվեին այսօր», պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.

«Վրացական երազանք»՝ 38%,
«Միասնական ազգային շարժում»՝ 15%,
«Եվրոպական Վրաստան»՝ 6%,
Նրանք, ովքեր դեռ չեն որոշել, թե ում օգտին են քվեարկելու՝ 23%,
«Ռազմավարություն Աղմաշենեբելի»՝ 4%,
Կուսակցություն «Լելո»՝ 3%,
«Հայրենասերների դաշինք»՝ 3%,
«Գիրչի»՝ 3%,
«Քաղաքացիներ» (Ալեկո Էլիսաշվիլի)՝ 1%,
«Ժողովրդավարական Վրաստան» (Նինո Բուրջանաձե)՝ 1%,

Հետևյալ կուսակցություններն ունեն 1%-ից պակաս՝ «Հաղթանակած Վրաստան» (Իրակլի Օքրուաշվիլի), «Հանուն արդարության» (Էկա Բեսելիա), «Ազատ Վրաստան» (Կախա Կուկավա):

Միևնույն ժամանակ, այն հարցին, թե կցանկանայիք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարանում մեծամասնությունը մնա «Վրացական երազանքը», թե՞ մեկ այլ կուսակցություն/կուսակցություններ պետք է դառնան իշխող կուսակցություն՝ հարցվածների 57%-ը նշել է, որ ցանկանում է նոր կուսակցություն կամ այլ կուսակցություններից բաղկացած դաշինք: Այս դեպքում իշխող կուսակցության դերում «Վրացական երազանքին» աջակցում է միայն 43%-ը:

Պարզվել է նաև, որ հարցվածների 57%-ը գտնում է, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ: Հարցվածների եւս 43%-ը կարծում է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ:

Քաղաքացիներին առաջարկվել է նաև բացատրել, թե իրենց նախընտրած կուսակցությունների մեջ ինչն է ավելի շատ դուր գալիս:

«Վրացական երազանքի» դեպքում հարցվածների մեծ մասը՝ 22%-ը, նշել է, որ իրենց դուր է գալիս «երկրի զարգացման համար կոնկրետ տնտեսական ծրագրի առկայությունը»:

«Եվրոպական Վրաստանի» դեպքում 20%-ն անվանել է «կուսակցության արեւմտամետ կողմնորոշումը»:

«Միասնական ազգային շարժման» մեջ կուսակցության կողմնակիցներին ամենից շատ դուր է գալիս «ուժեղ առաջնորդների առկայությունը»:

«Edison Research»-ի հարցման վերաբերյալ կուսակցությունների կարծիքները տարանջատվել են. Իշխող կուսակցությունը կարծում է, որ թվերը պակաս են, իսկ ընդդիմությունը լցվել է հույսով:

Չնայած առաջին տեղին, «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունն իրենց վարկանիշը թերագնահատված է անվանում:

«Եթե բացեք 2011-ի հետազոտության վիճակագրությունը, կտեսնեք, թե ինչպես են հետազոտական կազմակերպությունները շահարկում հասարակական կարծիքը, ինչ արդյունքներ են ցույց տվել նրանց հարցումները և ինչ արդյունքներ են ունեցել ընտրություններում: Վրաստանում միակ ուժը, որն աջակցություն ունի՝ «Վրացական երազանք» կուսակցությունն է»,- ասել է իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նա շեշտել է, որ «Վրացական երազանքի» կողմնակիցների թիվը 20%-ով ավելին է, քան արդյունքներում:

Ընդդիմության համար ուսումնասիրության արդյունքները հուսադրող են թվում:

«Իշխանությունների վարկանիշը նվազում է և այժմ այն կազմում է 39%: Ընդդիմության համակարգված աշխատանքը մեծամասնական ընտրատարածքներում երաշխիքը կդառնա նրա, որ ամեն ինչ կորոշվի առաջին փուլում, և իշխանության կգա ընդդիմությունը», – ասել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը՝ Օթար Կախիձեն:

Մեկ այլ ընդդիմադիր՝ «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն կարծում է, որ ընդդիմությունը պետք է քրտնաջան աշխատի հաղթանակ տանելու համար:

«Եթե ընդդիմությունը գա իշխանության, դա կլինի կոալիցիա, և անհրաժեշտ կլինի դրա ներսում փոխզիջում գտնել: Մենք աջակցում ենք աշխատանքը սկսելուն ընտրություններից առաջ, որպեսզի ընտրողներին ցույց տանք, որ պատրաստ ենք միասին աշխատել», – ասել է Ջափարիձեն:

Մինչդեռ, սպասվում է, որ այս անգամ ավելի շատ կուսակցություններ կմտնեն խորհրդարան, քան նախորդ բոլոր ընտրություններում: Անցողիկ շեմն իջեցվել է մինչև 1%: Այնուամենայնիվ, մրցակցությունը մեծ կլինի, ընտրություններին պոտենցիալ մասնակցելու է մինչև 70 կուսակցություն: Պարզ խորհրդարանական մեծամասնություն ստանալու համար կուսակցությունը կամ դաշինքը պետք է 150 տեղից ստանան առնվազն 76-ը:

Բիձինա Իվանիշվիլին այս հարցման մեջ երրորդ տեղում էր: Հարցվածների 48%-ը նրա նկատմամբ դրական է վերաբերում:

Ամենաքիչը համակրանքը առաջացնում է իշխող կուսակցության գործադիր քարտուղար և ընտրական շտաբի ղեկավար Իրակլի Կոբախիձեն (33%):

Աղբյուրը՝ «NewsGeorgia»