Ախալքալաքի մունիցիպալիտետում զբաղվածության խնդիրը մնում է ամենահրատապներից մեկը։ Այն խիստ նկատվում է ինչպես երիտասարդների, ովքեր սովորելուց հետո վերադառնում են ու աշխատանք չեն գտնում, այնպես էլ միջին տարիքի բնակիչների շրջանում։ Զանգվածային գործազրկության պատճառով, խոպանը (արտագնա աշխատանքը) վաղուց դարձել է մունիցիպալիտետի ընտանիքների մեծ մասի եկամտի հիմնական աղբյուրը։ Այս խնդրից ինչ ելք են տեսնում 2024 թվականի ընտրություններին Ախալքալաքի բնակիչների ձայների համար պայքարող կուսակցությունները։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, Ջավախքի ընտրողների հուզող խնդիրները բացահայտելու համապ, Jnews-ը հարցումներ է անցկացրել բնակչության շրջանում։ Մի քանի կարևոր խնդիրների շարքում բնակիչները նշում են զբաղվածությունը։ Զբաղվածության ցածր մակարդակի պատճառով մունիցիպալիտետի ընտանիքների մեծամասնությունը (57%) գոյատևում է արտասահմանում, հիմնականում Ռուսաստանում, վաստակած միջոցներով, ինչն իր հերթին բազմաթիվ խնդիրներ է ստեղծում ընտանիքների համար։

Խոպանի հետևանքները Ջավախքում

Ջավախքում քիչ թե շատ ակտիվ կուսակցությունների ներկայացուցիչներից Jnews-ը հետաքրքրվել է, թե արդյոք այդ կուսակցությունների նախընտրական ծրագրերում զբաղվածության խնդիրը լուծելու կետեր կան։

Նիկոլոզ Բեգաշվիլի, կոալիցիա «Փոփոխությունների համար», № 4

«Փոփոխությունների համար» (№ 4) կոալիցիայի առաջնահերթություններից է երկրի տնտեսության արագ զարգացումը։ Ընտրություններում հաղթելուց հետո մենք կիրականացնենք փոփոխություններ, որոնք կօժանդակեն փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչը կազդի աշխատավարձերի աճի և զբաղվածության վրա։ Կարճաժամկետ կտրվածքով կներկայացնենք հետևյալ փոփոխությունները՝ 1. եկամտահարկի իջեցում մինչև 15%, եկամտահարկի իջեցում մինչև 10%։ 2. Մինչև 400 հազար լարի եկամուտը չի հարկվի ԱԱՀ-ով»:

Արսեն Կարապետյան, «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիա, №5

«Մեր բնակչությունը գիտի ամեն ինչ՝ և՛ կառուցել, և՛ վարորդ աշխատել։ Մենք կարող ենք գլոբալ ծրագրեր իրականացնել, որտեղ 20000 մարդ կարող է աշխատանք գտնել, որպեսզի բնակչությունն աշխատանք ունենա, միայն խոստանում են, բայց պետք է գործել։ Ախալքալաքի երկաթուղային կայարանը (նկատի ունի Բաքու-Թբիլիսի-Կարս) արդեն 3 տարի խոստանում է, որ կմեծացնի բեռնափոխադրումների ծավալները, կկառուցի զբոսաշրջային ենթակառուցվածքներ, ինչը կբերի աշխատատեղերի բացման։ Ասում են՝ Վրաստանում 100 գործարան է կառուցվել, ինչու գոնե մեկը այստեղ չեն կառուցել»։

Մելքոն Մակարյան, «Վրացական երազանք», №41

«Այսօր, եթե մենք ունենանք 400-500 ուսանող, մենք այդքանին ինչպես կարող ենք տեղավորել։ Ցանկացած երիտասարդ, եթե ուզում է աշխատանք գտնել, կգտնի, իսկ արտագնա աշխատանքի մեկնելը դա մարդու անձնական որոշումն է, իսկ գործարանների բացումն ամենաշատը վերաբերում է բիզնես ոլորտին։ Դիմողներին, եթե տեղեր ունեցել ենք, ընդունել ենք, մենք շեշտը դնում ենք երիտասարդների վրա։ Մեր ծրագիրը հասանելի է բոլորին»։

Սոփո Խորգուանի, «Գախարիան հանուն Վրաստանի», №25

«Ես անձամբ երաշխավորում եմ, որ կանեմ ամեն ինչ Ջավախքում առնվազն երեք գործարան բացելու համար։ Ես ձեզ խոստանում եմ սա: Առաջինը՝ կաթնամթերքի մեկ խոշոր արտադրության բացումն է, որն ամբողջ Վրաստանը կապահովի էկոլոգիապես մաքուր արտադրանքով։ Երկրորդը՝ հուսով եմ, մենք կկազմակերպենք օսլայի արտադրություն, ձեր մոտ կարտոֆիլը շատ է։ Վրաստանում գործնականում օսլա չի արտադրվում։ Երրորդ՝ ես պարտավորվում եմ, կաջակցեմ ու ամեն ինչ կանեմ որ ներգրավեմ ներդրողների, որ շոկոլադի գործարան բացենք։ Դուք ունեք ամենահամեղ կաթնամթերքը։ Մեր մոտ կա ընկույզ, պնդուկ: Ինչու չէ, այլ երկրներ էլ են կակաո ու շաքար գնում, բոլորը գնում են, մենք էլ կգնենք։ Գրեթե անհնար է գտնել այնպիսի աշխատասեր մարդկանց, ինչպիսին Ջավախքում է»։

Զաքար Զաքարյան, «Ուժեղ Վրաստան» կոալիցիա («Լելո» կուսակցություն), №9

«Ես առաջարկել եմ սրտաբանական կենտրոն բացել Ախալքալաքում, մեր բնակչությունը սրտի հետ կապված շատ խնդիրներ ունի, բնակչությունն անընդհատ մեկնում է Թբիլիսի։ Պետք է բացել կարի արտադրամաս և գարեջրի գործարան։ Պետք է բացվեն այնպիսի տեղեր, որպեսզի բնակչության բոլոր շերտերն ունենան աշխատանք, ոչ միայն ղեկավար հաստիքներ։ Մենք պետք է օգնենք նաև բնակչության միջին շերտին: Պատգամավորները պետք է աշխատեն, օրենքներ ընդունեն»։

Դավիթ Ռստակյան, «Տրիբունա» կուսակցություն, №21

«Տարիներ անց զբաղվածության հարցը միշտ մնում է մեր ուշադրության կենտրոնում, բայց, ցավոք, լուծում չի գտնում։ Լուրջ շահառուներ կարծես թե չկան։ Ես կարծում եմ, որ մենք տիրոջ խնդիր ունենք, տերը պետք է զբաղվի սրանով, մենք երբեք չենք ունեցել իրական տեր, ով կզբաղվի այս հարցերով։ Դավիթ Ճիճինավան միշտ ասում էր, որ առանց հայերի Վրաստանը լուրջ առաջընթաց չի ունենա, հայերը միշտ եղել են տնտեսական առումով լուրջ գործոն։ Մենք պետք է ներդրողներ բերենք շրջան: Ունենք բազալտ, գյուղմթերք։ Ցավոք սրտի, մեր մեծահարուստ ջավախքցիները նույնպես չեն ցանկանում մեզ մոտ ներդրումներ անել»։