Լեռնային Ղարաբաղը երբեմն դադարում է լինել միայն երկու երկրի` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խնդիրը: Պատահում է, որ Վրաստանի քաղաքացիների՝ էթնիկ հայերի և ադրբեջանցիների կյանքը բարդանում է հենց իրենց պատմական հայրենիքների միջև եղած էթնոքաղաքական հակամարտությունների պատճառով: Տարբեր դեպքերում լինում են կոնկրետ տարբեր պատճառներ, բայց սննող միջավայրը ազգային փոքրամասնությունների ինտեգրման ցածր աստիճանն է:

Ջավախքում ապրող ազգությամբ ադրբեջանցիներ չկան, բայց երկրում կան շրջաններ, որտեղ խառը գյուղեր կան և այնտեղ միասին ապրում են հայեր և ադրբեջանցիներ, որպես հարևաններ և ընկերներ: Նմանապես բուհերում, հայերը և ադրբեջանցիները նույն խմբում են սովորում, սոցիալական ցանցերում ունեն ընդհանուր զրուցարան և ընդհանուր սոցիալական միջավայր և հետաքրքրություններ: Այս պայմաններում, կոնֆլիկտային իրավիճակների վտանգը մեծանում է:

Այս տարվա փետրվարին, Իլիայի պետական համալսարանի ուսանողուհին խմբում խնդրահարույց հարցով դիմել էր դասախոսին: «Թյուրիմացություն» էր առաջացել հայ և ադրբեջանցի համակուրսեցիների միջև, որը հիմնված էր ղարաբաղյան հակամարտության վրա: Ուսանողը կիսվել էր Ախալքալաքի Բուղաշեն գյուղում Լեռնային Ղարաբաղի պատերազմի վետերան Միքայել Ավագյանի կիսանդրու տեղադրման մասին գրառմամբ:

«16 հոգուց բաղկացած խմբից միայն ես եմ այլ ազգության, բոլոր մնացածները նույն ազգության ներկայացուցիչներ են: Ամբողջ խոսակցությունից ես հասկացա միայն 3 բառ՝ իմ անունը, Ղարաբաղը և Սոկարը: Այնուհետև մտա ֆեյսբուքյան ընդհանուր զրուցարան, որտեղ ամբողջ խումբն է: Ես հազվադեպ եմ մտնում այնտեղ, քանի որ լեզուն չեմ հասկանում: Սկրինշոթերն ուղարկեցի ընկերուհուս թարգմանելու: Բանից պարզվեց, որ նրանք արգելել են մեկը մյուսին ինձ հետ հաղորդակցվելու, քանի որ ես այլ ազգության եմ պատկանում, իսկ համակուրսեցիներից մեկը սպառնացել էր մյուսներին, որ եթե նկատի իմ ազգի ներկայացուցիչների հետ շփումը՝ «նրանց համար վատ կլինի»: Նույն տղան գրել էր, որ ինձ համար այնպիսի նվեր է պատրաստել, «որի մասին կյանքում չեմ մոռանա»: Միայն մի աղջիկ ինձ օգնության ձեռք մեկնեց»,- պատմում է ուսանողուհին:
(Խմբ. Կոնֆլիկտային իրավիճակից մասնակիցների էթնիկ ծագումը հանվել է հարցազրույցից, քանի որ նպատակն է ցույց տալ, թե ինչպես է արտաքին հակամարտությունը ազդում Վրաստանի քաղաքացիների կյանքին):

Studenti

Դասախոսի հետ խոսելուց հետո գործը նոր թափ ստանում: Աղջկա ծնողները մտածելով երեխայի անվտանգության մասին դիմում են Վրաստանի քաղաքացիական հավասարության և հաշտեցման նախարարությանը:

«Երիտասարդին հրավիրեցին զրույցի, որտեղ նա սկզբում հրաժարվեց իր ասածներից, ասաց, որ այնտեղ ամեն ինչ այլկերպ է եղել, որ ես ամեն-ինչ սխալ եմ հասկացել, որ ոչ մի վատ բան նա չի ասել: Ես ի պատասխան դրան ներկայացրեցի սքրինշոթերը, սակայն փաստերի ճնշման տակ ստիպված եղավ ընդունել իր սխալը և ներողություն խնդրել: Սակայն, նրանց կարծիքով, ես մեղավոր եմ ցանկացած դեպքում, որ ես տարածել եմ Միքայել Ավագյանի հուշարձանի մասին նյութը: Ես նրանց ասացի, որ այլ ազգության իմ ընկերները նույնպես տարածում են նմանատիպ նյութեր, բայց ես չեմ վիրավորվում և, առավել ևս, չեմ սպառնում նրանց», – պատմում է նա:

Սպառնալիքի գործը հասավ համալսարանի կարգապահական հանձնաժողով, որտեղ երիտասարդը ներողություն խնդրեց և խոստացավ, որ այլևս նման բան չի կրկնվի:

Վրաստանի հայերի և ադրբեջանցիների միջև «թյուրիմացության» ժամանակաշրջանները հիմնականում կապված են որոշակի ժամկետների հետ: Օրինակ, Խոջալուի ողբերգության օրերում (մասսայական սպանդ 1992 թ. փետրվարի 25-26-ի գիշերը, հարյուրավոր քաղաքացիական անձինք սպանվեցին և վիրավորվեցին) կամ Սումգայիթյան ջարդերի (1988 թ. փետրվարի 27-29-ը տեղի ունեցած էթնիկ հողի վրա անկարգություններ, զանգվածային բռնություններ, թալան, սպանություն, հափշտակություն և գույքի ոչնչացում): Այս պահին «ազգային ինքնագիտակցությունն» առաջնային է քաղաքացիական կեցության վրա, և որոշ դեպքերում հանդես է գալիս կտրուկ և անվայել կերպով: Այսպիսի իրավիճակ Վրաստանի հայերի և ադրբեջանցիների համար առաջացրեց 2019 թ. հունվարին Միքայել Ավագյանի վերակառուցված հուշարձանի բացումը: Ջավախքում տեղի ունեցած իրադարձությունը հանդիսավոր էր, բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, իսկ ադրբեջանցիները, հիմնականում երիտասարդները, բողոքի ակցիա էին կազմակերպել Թբիլիսիում` պահանջելով հուշարձանի ապամոնտաժումը:

akcia

Միքայել Ավագյանի հուշարձանի վերաբացման դեմ՝ ադրբեջանցիների հանրահավաքը խորհրդարանի մոտ

Շատ ուսանողներ՝ և հայերը, և ադրբեջանցիները, պնդում են, որ հայ-ադրբեջանական բարդ հարաբերությունները չեն ազդում ուսանողների վրա, բայց ոմանց համար դեռևս «ընկերության» վերանայման հիմք է հանդիսանում:

«Եթե իմանամ, որ իմ ադրբեջանցի համակուրսեցին հայերի դեմ հանրահավաքի է գնացել, իմ վերաբերմունքը կփոխվի: Գուցե իրար հետ այդ հարցը հետո քննարկենք: Նման բան դեռ չի եղել, ես տեսականորեն խոսում եմ դրա հետևանքների մասին», – ասում է Ախալքալաքից ուսանող Խաչ Կրմաջյանը:

Ինչ-որ մեկն էլ ավելի վճռական է իր փաստարկներում:

«Ինձ համար դա շատ կարևոր է, անձը կողմնակից է օկուպացիային, անջատողականությանը և ահաբեկչությանը, թե՝ ոչ: Հայ կլինի, վրացի, թե ադրբեջանցի՝ կարևոր չէ: Եթե ինչ-որ մեկը նման բաներին կողմնակից է, ապա նա անջատողական է, ահաբեկիչ և մարդասպան: Այս դեպքում, եթե Վրաստանում ապրող հայերը սատարում են Խոջալուին, Ցեղասպանությանը կամ այլ ահաբեկչության, ապա՝ չնայած դրանց չմասնակցելուն, նա նույնպես համարվում է մարդասպան: Ինչ վերաբերում է հանրահավաքին մասնակցելուց հետո իմ ընկերների նկատմամբ վերաբերմունքին, այն չի փոխվել, քանի որ գիտեմ, իմ ընկերները չեն տարածում հակաադրբեջանական նյութեր, ուստի իմ վերաբերմունքը ոչ ոքի հանդեպ չի փոխվել: Եթե տարածեին, ապա ամենայն հավանականությամբ կփոխվեր», – ասում է Իլիայի Պետական համալսարանի ուսանող Նովրուզ Մեհտիևը՝ Մառնեուլից:

Ղարաբաղյան հակամարտությանն անմիջականորեն կամ անուղղակիորեն կապված հարցերը, այնքան էլ կարևոր չեն Թբիլիսիում մշտապես բնակվող ադրբեջանցիների և հայերի միջև հարաբերություններում:

«Ես ծնվել եմ Թբիլիսիում և սովորել եմ ռուսական դպրոցում, որտեղ իմ դասընկերների 80%-ը հայեր էին: Երբ ես հաճախում էի նախապատրաստական կուրս, միայն այդ ժամանակ իմացա, որ ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան մոտ մի խումբ հայեր և թուրքեր են հավաքվում: Մարզերից եկած թե հայերը, և թե ադրբեջանցիներն ակտիվորեն ներգրավված են այդ հարցերի մեջ, բայց թբիլիսցիները, այդ թվում և իմ ընտանիքը, ոչ մի կապ չունեն այդ հարցերի հետ», – ասում է Սեման՝ Թբիլիսիից:

Շատ ուսանողներ կարծում են, որ հաճախ քաղաքական գործիչներն ու քաղաքականությունը համարվում են հակամարտություններ առաջացնելու նախաձեռնողներ և կատալիզատորներ, այդ թվում` Վրաստանում: Այս կարծիքը կիսում է «Մառնեուլի» համայնքային ռադիոյի խմբագիրը, որտեղ ադրբեջանցիները, հայերը և վրացիներն աշխատում են միասին: Կամիլա Մամեդովան պնդում է, որ սովորական մարդկային հարաբերություններում բացասականը տեղ չունի, իսկ քաղաքական շահերը շատ բան են որոշում:

«Այստեղ ամեն ինչ տեղի էր ունենում քաղաքականության մակարդակով, այսինքն այն մարդիկ, ովքեր ցույցերին էին մասնակցում կամ ակտիվորեն խոսում էին, վստահ եմ, որ դա տեղի է ունենում հայկական կողմում ևս, դրանք այն մարդիկ են, ովքեր փորձում են մոտենալ որոշակի քաղաքական ուժերի: Դա շատ դժվար է ընդհանուր զանգվածում, քանի որ մարդիկ փորձում են գոյատևել: Մարդիկ այստեղ առևտուր են անում, և չեն մտածում, թե որ ազգության ներկայացուցիչն է ապրանքը գնում իրենցից», – ասում է նա:

Քաղաքագետ, Վրաց-ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Գիորգի Գաբրոնիձեի խոսքով, կոնֆլիկտային արձագանքն ու տրամադրվածությունը պայմանավորված են հայերի և ադրբեջանցիների վրաց հասարակության մեջ ինտեգրման բացակայությամբ, որոնց վրա ազդում է նաև մեդիա հարթակը, որտեղ գտնվում են երկու ազգային փոքրամասնություններն էլ՝ պետական լեզվի թերիմացության պատճառով:

«Բացի ռուսական տեղեկատվական աղբյուրներից, Վրաստանի ադրբեջանցի և հայ բնակչությունը տեղեկատվություն է ստանում հայկական և ադրբեջանական աղբյուրներից: Ադրբեջանական աղբյուրներում գերիշխում են հակահայկական տրամադրությունները, իսկ հայկականում՝ հակաադրբեջանականը: Ահա թե ինչու կարելի է ասել, որ վրացական ազգային փոքրամասնությունների վրա այն բացասական ազդեցություն է թողնում և նպաստավոր պայմաններ է ստեղծում նրանց համար կողմնորոշվելու դեպի այլ պետություններ», – ասում է նա:

Marneuli

Չայխանա Մառնեուլիում

Հայերի և ադրբեջանցիների կապվածությունը իրենց պատմական հայրենիքներին նույնպես պայմանավորված է նրանով, որ 1990-ականներին ղարաբաղյան հակամարտության ընթացքում շատերը պայքարել են մի կողմից, կամ՝ մյուս: Մառնեուլում անցկացված հարցման ժամանակ շատերը խուսափում էին պատասխանել հարցերին, իսկ ոմանք էլ բարյացակամ էին և հետաքրքրվում էին, թե արդյո՞ք հանդիպել են նրանց, ովքեր բարեխոսում էին հայերի մասին:

«Ես ադրբեջանցի եմ, ծնվել և մեծացել եմ Ադրբեջանում: Ինձ համար շատ ցավոտ է, երբ սկսվում են Խոջալուի և Ցեղասպանության մասին խոսակցությունները: Հատկապես երբ ես մասնակցել եմ պատերազմին: Ես շատ զայրացա Ավագյանի հուշարձանի բացման կապակցությամբ: Մենք միշտ ունեցել ու կունենանք խնդիրներ հայերի հետ», – ասում է Մառնեուլի բնակիչը, որը չի ցանկանում ինքն իրեն անվանել:

«Իմ կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը, քաղաքականությունը չի վերաբերում Վրաստանի բնակչությանը: Բնակչությունը զոհ է: Ես կարդացել եմ վերջին իրադարձությունների մասին և ոչ մի ընդհանրություն չունեմ այդ դեպքերի հետ: Ես ցավում եմ Խոջալուի համար, ցավում եմ, որ պատերազմ է, որ սահմանում անմեղ մարդիկ մահանում են, բայց ինչ մեղավոր ենք մենք՝ Վրաստանում ապրող ադրբեջանցիներս և հայերը: Օրինակ, մենք ուզում ենք, որ Մառնեուլի քաղաքապետ դառնա ադրբեջանցի, տեղացի: Նույն իրավունքները կան Ջավախքում: Այնուամենայնիվ, քանի որ լրատվամիջոցները տարածում են այն մասին, որ հայերի համար Ավագյանը հերոս է, և մենք համարում ենք, որ նա մարդասպան է, չնայած ես պատմությունը չեմ ուսումնասիրել և չեմ կարող ասել իրականությունը, բայց ես կարծում եմ, որ եթե այդ մարդը իսկապես սպանել է մարդկանց, ապա այդ դեպքում ես կարծում եմ, որ նրա կիսանդրին տեղադրելու անհրաժեշտություն չկար, բայց մյուսների համար նա հերոս է: Ամեն դեպքում, եթե նրանք ուզում էին, ապա կարող էին մի հայի հուշարձան կանգնեցնել, որը վրացահայերի համար ինչ-որ լավ բան է արել», – ասում է Մառնեուլի մեկ այլ բնակիչ:

Եթե Սամցխե-Ջավախքում ադրբեջանցիների հետ շփումը սահմանափակվում է միայն առեւտրային հարաբերություններով, ապա Մառնեուլի մունիցիպալիտետում հայերն ու ադրբեջանցիները ապրում են կողք կողքի: Այստեղ պարզապես խուսափում են խոսել Լեռնային Ղարաբաղի մասին: «Մառնեուլի» համայնքային ռադիոյի հիմնադիր Կամիլա Մամեդովան պատմում է, որ տեղացիները հասկանում են իրավիճակը և փորձում են չշիկացնել միմյանց միջև մթնոլորտը:

«Մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ տեղացի ադրբեջանցիները և հայերը լավ հասկանում են, որ երբ տեղի է ունենում հակամարտություն, դա նրանց չի վերաբերում: Չի վերաբերվում այն առումով, որ այն չպետք է վերածվի որոշակի ագրեսիայի, քանի որ այստեղ մարդիկ ապրում են երկար ժամանակ, այստեղ խառը գյուղեր են՝ հայ-ադրբեջանական, և այդ օջախները, որոնք պարբերաբար հայտնվում են այստեղ, երբեք որևէ էքսցես չեն առաջացրել», – ասում է նա:

axalqalaqi

Ախալքալաք

Ինչպես Մառնեուլիում, Ախալքալաքում էլ տարբեր կարծիքներ կան: Շատերը բացասաբար են տրամադրված` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության պայթյունավտանգ իրավիճակի հետ: Հաշվի առնելով, որ Սամցխե-Ջավախքի հայերի հարազատները և բարեկամները ապրում են Հայաստանում, մեծամասնությունը մտահոգված է նրանից և կարծում են, որ պատերազմից հնարավոր չէ խուսափել: Անցյալ դարի 90-ականների սկզբին ադրբեջանցիները առևտուր չէին անում Սամցխե-Ջավախքում: Սակայն 2000-ականների սկզբից իրավիճակը փոխվել է, ադրբեջանցիներն առևտուր են անում Ախալքալաքում, անասուն և կարտոֆիլ գնում:

«Ադրբեջանցիներ այստեղ չեն ապրում: Եթե նրանք չկան, ուրեմն անհնար է նրանց հետ առճակատվել: Ճիշտն ասած, ինձ չի հուզում մարդու ազգությունը: Ինձ համար ավելի կարևոր է, որ մարդը լավը լինի: Գիտեք, ամեն ինչ կախված է քո հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից: Մենք Թբիլիսիում հանդիպում ենք ադրբեջանցիների, մեր միջև տհաճ փոխհարաբերություններ չկան: Ինձ համար կարևոր են անձնական հարաբերությունները: Պետական մակարդակով իշխանությունները պետք է որոշեն», – ասում է Ախալքալաքի բնակիչը:

«Վրաստանում ադրբեջանցիները և թուրքերը շատ ավելի կարևոր են, բացել են սահմանը, գնացքը: Հայաստանում ապրում են 4 քույրերս, նրանց որդիները բոլորը ծառայում են առաջին գծում, Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, իհարկե, դա կանդրադառնա բոլորիս վրա: Նրանք բոլորը երիտասարդ են, նույնիսկ ամուսնացած չեն», – ասում է Ախալքալաքի բնակիչը:

Քաղաքագետ Գիորգի Գաբրոնիձեն գտնում է, որ Վրաստանում հայերի և ադրբեջանցիների միջև փոխըմբռնման ցածր աստիճանը պայմանավորված է, ոչ միայն վատ ինտեգրացիայով, այլև Վրաստանում քաղաքացիության ոչ բավարար սահմանման պատճառով:

«Կա նաև քաղաքական հարթություն, քանի որ, ցավոք սրտի, Վրաստանը մինչ օրս չի կարողացել ստեղծել այսպես կոչված ազգ-պետություն, որտեղ մարդիկ պատրաստ կլինեն ավելի բարձր դասել իրենց քաղաքացիությունը, այլ ոչ թե էթնիկական ծագումը», – ասում է Գաբրոնիձեն:

Վրացական կառավարությունից մեծ ջանքեր է պահանջվում, որպեսզի չներգրավվեն հայերի և ադրբեջանցիների միջև հակամարտությանը: Անցյալ դարի 90-ական թվականներից ի վեր պետությունը չեզոք դիրք է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի հարցում, սակայն, ժամանակի ընթացքում այս դիրքը պահելը դառնում է ավելի բարդ:

Այս համատեքստում, Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ Վրաստանի ղեկավարությունը թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը որևէ ազդեցություն ունենա Վրաստանի ներքին գործերի վրա և ամեն ինչ կանի, որպեսզի հայերը և ադրբեջանցիները, որոնք հսկայական ավանդ ունեն ներդրած Վրացական պետության կառուցման և կայացման մեջ, շարունակեն խաղաղ գոյատևել Վրաստանի հողում:

Ինչպես երևում է, Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների՝ հայերի և ադրբեջանցիների ինտեգրման ճանապարհին, տարբեր խոչընդոտների հետ միասին կան նաև հարաբերություններ իրենց պատմական հայրենիքների միջև, որոնք հաճախ օգտագործվում են ոչ Վրաստանի օգտին: Այնուամենայնիվ, փոքրամասնությունների աճող ինտեգրումը կարող է հույս ներշնչել, որ այդ խոչնդոտները տարիների ընթացքում կնվազեն և կդառնան աննշան:

Քրիստինե Մարաբյան
Ռիմա Մառանգոզյան