Հոկտեմբերի 26-ին, Վրաստանում առաջին անգամ ընտրությունները տեղի ունեցան թվային տեխնոլոգիաների, ընտրողների էլեկտրոնային գրանցման և ձայների ապարատի միջոցով հաշվման ձևով։ Հետաքրքիրը ձայների հաշվարկն էր, որն արեց ապարատը, իսկ հետո՝ մարդիկ։

Բազմաթիվ ընտրողներ Վրաստանում, այս տարի, առաջին անգամ քվեարկեցին էլեկտրոնային եղանակով։ Ախալքալաքի մունիցիպալիտետում քվեարկության էլեկտրոնային համակարգը ներդրվել էր 28 ընտրատեղամասում, մնացած 34-ը քվեարկել են հին եղանակով։ Նինոծմինդայի մունիցիպալիտետում 19 ընտրատեղամասում քվեարկել են էլեկտրոնային համակարգով, իսկ մնացած 16 տեղամասում քվեարկել են նախկինի պես։

Jnews-ի լրագրողները, հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների 24 ընտրատեղամասում հետևել են ընտրական գործընթացին, որոնցից 17-ում ընտրական գործընթացն անցել է էլեկտրոնային ձևաչափով։

Մենք ներկա ենք եղել նաև մի քանի տեղամասային և շրջանային հանձնաժողովների ձայների հաշվարկին։ Ժամը 20:00-ին փակվեցին ընտրատեղամասերի դռները։ Էլեկտրոնային քվեարկությամբ տեղամասերում հանձնաժողովի անդամները բացել են շարժական քվեատուփերը և էլեկտրոնային քվեատուփի մեջ մտցրել շարժական քվեատուփի միջոցով քվեարկողների քվեաթերթիկները: Դրանից հետո էլեկտրոնային համակարգի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը՝ ՏՏ մասնագետը, «բանալիով» փակել է սարքը և կատարել համապատասխան ընթացակարգ, ինչի արդյունքում խելացի քվեատուփը երկար, անդորրագրի տեսքով նեղ թուղթ է տպել, որտեղ տպված էր ընտրատեղամասում ընտրողների թիվը, անվավեր քվեաթերթիկների թիվը, ու տեղեկություն այն մասին, թե որ կուսակցությունը քանի ձայն է ստացել։ Էլեկտրոնային համակարգի միջոցով ձայների հաշվման ողջ գործընթացը տևել է մոտ 10-15 րոպե՝ չհաշված շարժական քվեատուփերից սարք մուտքագրելու ժամանակը։

Այս ամենից հետո էլեկտրոնային քվեատուփերի հաշվարկի ճշգրտությունը ստուգելու նպատակով ստեղծվել է 4 հոգուց բաղկացած հաշվող հանձնաժողով (տեղամասային հանձնաժողովի անդամներից)։ Նրանք սկսել են ձեռքով հաշվել ընտրողների ձայները։
Հաշվարկն ընթացել է սովորականի պես, հաշվարկն էլեկտրոնային համակարգի համեմատ ավելի երկար է տևել, և բոլոր արդյունքները, որ արձանագրել էր էլեկտրոնային սարքը, հաստատվել է ձեռքով հաշվարկի արդյունքում։