«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպությունը 304 բողոք է ներկայացրել ընտրությունների օրվա և հետընտրական ժամանակահատվածի հետ կապված: 131 բողոք կապված են քվեարկության և ձայների հաշվարկի ընթացակարգերի խախտումների հետ: Բացի այդ, GYLA-ն խոսում է 173 ընտրատեղամասերից ստացած վերջնական արձանագրություններում առկա անհամապատասխանությունների մասին:

ՀԿ-ն պահանջում է չեղյալ հայտարարել վիճարկվող տեղամասերի արդյունքները և ձայները վերահաշվարկել:

«Վիճարկվող արձանագրությունների մեծամասնությունը պարունակում է անհամապատասխանություններ և/կամ արձանագրությունները շտկելու փաստեր», – ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից բացի, բողոքներ են ներկայացվել «Transparency International Georgia» կազմակերպության կողմից, որը պահանջում է վերահաշվարկել ձայները 60 ընտրատեղամասերում, իսկ արդյունքները չեղյալ հայտարարել՝ մեկում:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է մի քանի օրվա ընթացքում քննարկի ստացված բողոքարկումները:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Վրաստանի ԿԸՀ-ի նախագահը, որի հրաժարականը պահանջում է ընդդիմությունը, անճշտությունների դեպքում նա պատրաստ է հրաժարական տալ: