Հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրություններին ընդառաջ Jnews-ը քաղաքացիների հետ հարցում անցկացրեց, թե որքանո՞վ են տեղյակ առաջիկա ընտրություններից և ինչպիսի՞ն է ախալքալաքցիների նախընտրելի նախագահի թեկնածուն։
Հարցմանը մասնակից 34 քաղաքացիներից որոշակի տեղեկություն 6-ն ունեին, որոնցից ոչ մեկը չգիտեր, թե նախագահի քանի թեկնածու կա։
Նախագահական ընտրությունների մասին տեղյակ 6 քաղաքացիներից մեկը նշեց, որ թեկնածուների շատության պատճառով անունները չի հիշում, նա ասաց որ հետևել է քարոզարշավին, ներկա է եղել թեկնածուների հետ հանդիպումներին ու ընտրելու է այն թեկնածուին, որը ավելի շատ է ծրագրում բարելավել Վրաստանի հայերի կյանքը։
Երկուսը նշեցին նախագահի այն երեք թեկնածուներին՝ Գրիգոլ Վաշաձե, Սալոմե Զուրաբիշվիլի, Դավիթ Բաքրաձե, որոնց պայքարը Ախալքալաքում ավելի նկատելի է, նրանք նախընտրական այցով եղել են այստեղ և քաղաքում ամենուր փակցված են նրանց պաստառները: Մյուս երեք քաղաքացիները խուսափեցին պատասխանել, արդյո՞ք գիտեն թեկնածուների քանակը կամ ո՞ւմ են ճանաչում։
Մյուս 28 հարցվողները տեղյակ չէին մոտակա ընտրությունների վերաբերյալ, նույնիսկ հարցվողներից մեկն ասաց, թե մի քանի օր առաջ նախագահն եկել էր, ժողովուրդը հավաքվել էր։ Ընտրություններին անտեղյակ քաղաքացիները պնդում էին, որ առօրյա հոգսերը և բերքահավաքը շատ են և «ավելորդ» բաներով հետաքրքրվելու ժամանակ չունեն։ «Ի՞նչ ընտրություն, իրմովներս ընտրություն ենք եղել։ Եսիմ ում եմ ընտրելու, ով որ օգնի լավ ապրելուն նրան էլ կնտրեմ, ոչ մեկին էլ չեմ ճանաչում», «Ինձ համար մեկ է, ով որ լինի, թող լինի, այստեղ ոչ աշխատող ունենք ոչ էլ աշխատանք, ընտանիքիս անդամները խոպան են, իձն ինչ հետաքրքիր է ով կլինի նախագահ», – այսպիսի մեկնաբանություններ էին տալիս ընտրություններից անտեղյակ քաղաքացիները։
Սոնա Տոնականյան