«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է ISFED-ի կողմից ձայների զուգահեռ հաշվարկի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը:

Ըստ նրա, ձայների զուգահեռ հաշվարկի արդյունքների համաձայն՝ «Վրացական երազանքի» դեպքում արձանագրվել է 2,4 տոկոս սխալմունք, որի հիման վրա ընդդիմության առաջնորդները խոսում են ընտրությունները կեղծելու մասին:

«Հիմնվելով PVT-ի տարրական մաթեմատիկական վերլուծության վրա, մենք անմիջապես կասկածի տակ դրեցինք դրա տվյալների ճշգրտությունը: Ակնհայտ էր, որ կուսակցությունների տոկոսային ցուցանիշները հաշվարկելիս տեղի է ունեցել կոպիտ սխալ, որի շտկումից հետո, մեր կարծիքով, PVT տվյալները կհամընկեին ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրությունների արդյունքների հետ: Այս մասին մենք բացեիբաց ասել ենք կուսակցության գրասենյակի մի քանի ճեպազրույցների ժամանակ», – ասել է Իրակլի Կոբախիձեն:

Վերջինիս խոսքով, ԿԸՀ արդյունքների և PVT տվյալների համընկնումը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ «ընտրությունների կեղծման մասին ցանկացած խոսակցություն սուտ է և իրենից ներկայացնում է շահարկում»:

Ըստ ԿԸՀ-ի վերջնական տվյալների, «Վրացական երազանքը» ստացել է ձայների 48,22%-ը: Միևնույն ժամանակ, ըստ ISFED-ի երեկ հրապարակած ձայների զուգահեռ հաշվարկի արդյունքների, «Վրացական երազանքի» առավելագույն արդյունքը 48,3% է, իսկ նվազագույնը՝ 46,9%: Այսպիսով, ISFED-ի զուգահեռ հաշվարկի ճշգրտված արդյունքները, հաշվի առնելով սխալմունքի աստիճանը, համընկնում են ԿԸՀ-ի վերջնական արդյունքների հետ: Սրա հետ մեկտեղ, կազմակերպության կողմից նոյեմբերի 1-ին հրապարակված զուգահեռ հաշվարկի արդյունքների համաձայն, «Վրացական երազանքի» առավելագույն արդյունքը կազմել է 46,5%, իսկ նվազագույնը՝ 45,1%: