Հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը բոլոր տեղամասային հանձնաժողովներն Ախալքալաքի Շրջանային ընտրական հանձնաժողով են ներկայացրել քվեարկության արդյունքներով ամփոփիչ արձանագրությունները։ Ընդհանուր առմամբ գործընթացը հարթ ու արագ ընթացք է ունեցել։ Բոլոր արձանագրությունների մեջ ընդդիմադիր կուսակցություններից նշանակված շրջանային հանձնաժողովի անդամներն արձանագրությունը լրացնելու մեջ սխալ են նկատել։

Որոշ տեղամասային հանձնաժողովների նախագահները փաստաթղթերը բերել են, ինչպես և կարգն է՝ կնիքված մատյանով, կոկիկ գրված արձանագրությամբ։ Իսկ ոմանք մատյանները չեն կնիքել, ինչի համար նկատողություն են ստացել Շրջանային հանձնաժողով կողմից։

Շրջանային հանձնաժողովի նախագահի տեղակալ Պաատա Փանջակիձեն բարձրաձայն կարդացել է արձանագրությունների տեղեկությունը, հանձնաժողովը հաշվի է առել այդ տեղեկատվությունը, իսկ արձանագրությունները սկանավորվել և ուղարկվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Տեղամասային հանձնաժողովի Թիվ 18 (Մեծ Սամսար գյուղ) արձանագրությունից տեղեկատվությունը կարդալիս պատգամավորը բաց է թողել ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը, չնայած Jnews-ի՝ ընտրողների ընդհանուր թվի մասին հարցին, այդ թիվն այդպես էլ չհնչեցվեց և այս փաստը բաց թողնվեց, քանի որ զուգահեռ ներկաները խոսում էին և աղմկոտ էր, ինչը խանգարում էր տեղեկատվության ընկալմանը։ Սակայն «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիայից նշանակված ՇԸՀ-ի անդամը, ով տեսել է արձանագրությունները և լուսանկարել դրանք, նկատել է սխալը։ «Ընտրություններին մասնակցած ընտրողների ընդհանուր թիվը» սյունակում գրված է 1, մինչդեռ քվեարկությանը մասնակցել է 191 հոգի և հաշվվել է 190 հոգու ձայն, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Ընդդիմադիր կուսակցության անդամներից մեկը ցանկացել է բողոք գրել այս առթիվ, սակայն նրան ասել են, որ բողոք գրելու կարիք չկա, և, որ Շրջանային հանձնաժողովը օրենքի սահմաններում կուղղի այս տեխնիկական սխալը։ Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում արձանագրությունների տվյալների բազայում արձանագրությունը սկանավորվել և վերբեռնվել է առանց փոփոխությունների։

Այս տեղամասում ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

• «Փոփոխությունների համար կոալիցիա – Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»-ն ստացել է 3 ձայն

• «Միասնություն-Ազգային շարժում»-ը ստացել է 7 ձայն

• «Վրացական երազանք»-ը ստացել է 180 ձայն

Մեկ ձայն անվավեր է ճանաչվել։