ԿԸՀ-ի որոշմամբ, Վրաստանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ընթացիկ տարվա նոյեմբերի 21-ին: Այս մասին ԿԸՀ-ում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գիորգի Շարաբիձեն:

«Ընտրական վարչությունը լսել է բոլոր սուբյեկնտներին, ներառյալ մեկ հասարակական կազմակերպության, բողոքների վերաբերյալ, և համապատասխան որոշում է կայացվել: Ուզում եմ ընդգծել, որ այսօրվա հանդիպումն անցել է օրենքով նախատեսված ընթացակարգերին լիովին համապատասխան, բայց փորձ է եղել ճնշում գործադրելու ինչպես ընտրական վարչակազմի, այնպես էլ դրա անդամների վրա, ինչպես նաև որոշակիորեն սպառնալիք պարունակող հայտարարություններ են կատարվել: Սա բացարձակապես անթույլատրելի է: ԿԸՀ-ն իրականացնում է օրենքով սահմանված լիազորությունները:

Այսօր ԿԸՀ-ն նշանակել է երկրորդ փուլերը, որոնք տեղի կունենան օրենքով սահմանված ժամկետներում, այս տարվա նոյեմբերի 21-ին», – հայտարարել է Գիորգի Շարաբիձեն: