Վրաստանի Ծալկայի կիրճում ապակե կամրջի ճանաչելիությունը շարունակում է աճել։ 2024 թվականի հունիսից սեպտեմբեր ընկած սեզոնի ընթացքում այս զբոսաշրջային և ենթակառուցվածքային վայր այցելել է ավելի քան 70 հազար մարդ, ինչը 17%-ով գերազանցում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի տվյալները, երբ այցելուների թիվը կազմում էր մոտ 60 հազար։
«Մենք տեսել ենք, թե ինչպես է փոխվել մեր հյուրերի ազգային կազմը։ Եթե նախկինում այցելուների մեծամասնությունը Վրաստանից էր, ապա այժմ հարաբերակցությունը փոխվել է հօգուտ օտարերկրյա զբոսաշրջիկների»,- նշել է Էկատերինե Թորդիան՝ Ծալկա կիրճի պահպանության տարածքում գտնվող KassLand էկոտուրիստական համալիրի բաժնետեր և գործադիր տնօրենը։
Վիճակագրությունը հաստատում է այս դիտարկումը։ 2024 թվականին վրացի զբոսաշրջիկները կազմում էին ընդհանուր այցելուների միայն 38%-ը, մինչդեռ երկու տարի առաջ՝ 2022 թվականին, տեղի բնակիչները կազմում էին այցելությունների 65%-ը։ Օտարերկրյա այցելուների թվում առաջատար են ՌԴ քաղաքացիները (16%), որին հաջորդում են զբոսաշրջիկները Հնդկաստանից և Իսրայելից (9-ական տոկոս): Աճ է գրանցվել նաև եվրոպական երկրներից և Արաբական Միացյալ Էմիրություններից այցելուների թվում, որոնց ընդհանուր հոսքի 2%-ը բաժին է ընկնում վերջիններից։
2024 թվականի այցելությունների պիկ ամիսը դարձավ օգոստոսը, որը համահունչ է տարածաշրջանի ամառային տուրիստական սեզոնի ընդհանուր միտումներին։ Միևնույն ժամանակ, 2024 թվականի հունվարից սեպտեմբեր այցելուների ընդհանուր թիվը հասել է 85 հազար մարդու, ինչը 13 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (75 հազար այցելու)։
Բացի բուն կամրջից, ժողովրդականություն են վայելում նաև համալիրի այլ ատրակցիոնները: «Մեր հեծանվային ուղին և հսկա ճոճանակն ամեն օր ավելի տարածված են դառնում: Մարդիկ գալիս են աշխարհի տարբեր ծայրերից՝ դրանք փորձելու»,- հավելել է Էկատերինե Թորդիան։
Էկատերինե Թորդիայի խոսքով՝ մինչև 2024 թվականի վերջ KassLand-ը կբացի շքեղ 5 աստղանի հյուրանոց՝ 56 սենյակով, ժամանակակից կոնֆերանսների սենյակներով, փակ լողավազանով և մի շարք սպա ծառայություններով։ 2025 թվականին հյուրերը կկարողանան վայելել ջրային ատրակցիոնները, մանկական խաղահրապարակը և զբոսանքի գեղատեսիլ երթուղիները: Ապագայում KassLand-ը նախատեսում է սկսել բացառիկ ջրաշխարհի նախագծի մշակումը: Նախագծում ներդրումներն արդեն հասել են 120 մլն լարիի (ավելի քան 40 մլն ԱՄՆ դոլար):
Հիշեցնենք, որ 240 մետր երկարությամբ ապակե կամուրջը, որը գտնվում է գետնից 200 մ բարձրության վրա, բացվել է 2022 թվականի հունիսի 14-ին։ Ծրագիրն իրականացրել է իսրայելական Kass Group ընկերությունը՝ մոտ 120 մլն լարի (մոտ 40 մլն դոլար) ներդրումով։ Ծալկայի կիրճը, որը նաև հայտնի է որպես Դաշբաշի կիրճ, կարևոր բնատուր տեսարժան վայր է: Այն գտնվում է Ծալկայի շրջանի Դաշբաշի գյուղում, Ալգեթիի ազգային պարկի տարածքում (Քվեմո Քարթլիի շրջան) Վրաստանի հարավում: