Ախալքալաքի տեղական բյուջեում փոփոխություններ են կատարվել, որում ընդգրկվել է նաև շրջանում զբոսաշրջության զարգացման 5-ամյա նախագիծը: Սակայն հետաքրքրականն այն է, որ զբոսաշրջության զարգացման նախագծի համար գումար չի հատկացվել:

Ախալքալաքի շրջանում զբոսաշրջության զարգացման հինգամյա պլանում կատարվելիք աշխատանքների համար կոնկրետ ժամկետներ չի նշվում: Նախագիծն իրենից ներկայացնում է այն աշխատանքների ցանկը, որոնք անհրաժեշտ է իրականացնել զբոսաշրջության զարգացման համար:

Մասնավորապես նախագծում նշված է, որ աշխատանքներ են տարվելու էկոտուրիզմի, գաստրոնոմիական, ֆոլկլորային, սպորտային, պատմական և լեռնային զբոսաշրջության զարգացման ուղղություններով։ Ինչպես նաև՝ զարգացնել շրջանում եղած պատմամշակութային հուշարձանները, ինչպիսիք են՝ Ախալքալաքի բերդը, եկեղեցիներն ու վանական համալիրները: Զբոսաշրջույթան զարգացման առումով մեծ պոտենցիալ են նաև Ջավախքում եղած լճերը:

Նախագծում առանձի կետ կա քաղաքի գավառագիտական թանգարանի մասին, մասնավորապես. «Թանգարանն ունի բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշներ, որոնց անվանումները պետք է լինեն վրացերեն և անգլերեն: Թանգարանը պետք է մատուցի որակավորված զբոսավարի ծառայություններ՝ 4 լեզուներով (վրացերեն, անգլերեն, հայերեն և ռուսերեն): Անհրաժեշտ է գումար հատկացնել նոր ցուցանմուշներ ձեռք բերելու, ինչպես նաև ցուցահանդեսային գույքը վերանորոգելու և նորը ձեռք բերելու համար»:

Հետաքրքիր է, որ Ախալքալաքի շրջանում զբոսաշրջության զարգացման ծրագրում ներառված են նաև ազարտային խաղերը, որ ներկայացված է շրջանում որպես զարգացած տուրիզմ:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ծառայության պետ Վալերի Ստելմաշովն ասում է՝ նախագծում ներկայացված յուրաքանչյուր մաս պետք է առանձին-առանքին քննարկել ու նորից նախագծել։

«Օրինակ՝ գրված է, որ քաղաքում երկու վայրերում զբոսաշրջային ուղղությունների մասին ցուցանակ պետք է լինի, սակայն հստակեցված չէ, թե կոնկրետ ե՞րբ և որտե՞ղ, այսինքն՝ հինգ տարվա ընթացքում, կարող է լինել այս կամ մյուս տարի: Այդ ամենի համար դեռ գումար չունենք նախատեսած, բյուջեն արդեն բաշխված է: Տարբեր ծրագրերից ու էլեկտրոնային մրցույթներից խնայված միջոցները հավաքելով պետք է զբոսաշրջության զարգացման ծրագրի կետերից մեկն իրականացնենք», – ասում է նա:

Նախատեսվում է նաև վերակառուցել Ախալքալաքի բերդը:

«Մեր կարծիքով, բերդը պետք է նորոգել, որ օրինակ՝ թանգարան լինի, կամ այլ հետաքրքիր բաներ, որ տուրիստին ներկայացնելու բան ունենանք»,- ասում է Ստելմաշովը:

Վերոնշյալ բոլոր ծրագրերն Ախալքալաքում դեռ միայն սպիտակ թղթի վրա են։ Հինգ տարում, թե քանի՞ ծրագիր կիրականացվի ցույց կտա ժամանակը: