Ազգային բանկի տվյալներով, այս տարվա հունիսին Վրաստանը միջազգային զբոսաշրջությունից ստացել է 395,1 մլն դոլար, ինչը 31 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ և 16 տոկոսով գերազանցում է նախահամաճարակային ժամանակահատվածը։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2023 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է ավելի քան մեկ միլիարդ դոլարի եկամուտ, ինչը 260 միլիոն դոլարով՝ 27 տոկոսով, ավելի է 2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներից։ Երկրորդ եռամսյակի եկամուտը 15 տոկոսով գերազանցում է նախահամաճարակային շրջանի եկամուտը։
Երկրների եկամուտների առումով՝ հունիս ամսվա եկամուտով առաջատարը Ռուսաստանն է, որի քաղաքացիների ծախսերը կազմել են գրեթե 76 մլն դոլար: Երկրորդ տեղը զբաղեցնում է Թուրքիան՝ գրեթե 71 մլն դոլարով, երրորդը ԵՄ երկրներն են՝ մոտ 54 մլն դոլարով, չորրորդն Իսրայելն է՝ 32,2 մլն դոլարով, հինգերորդն Ուկրաինան է՝ գրեթե 15 մլն դոլարով։ 6-րդ տեղում Հայաստանն է՝ 13,8 մլն դոլար, 7-րդն Իրանն է` 12,9 դոլար, 8-րդ տեղում Ադրբեջանն է՝ 12,2 մլն դոլար, 9-րդ տեղում Բելառուսն է՝ 9,9 մլն դոլար, 10-րդ տեղում Սաուդյան Արաբիան է` 8,6 մլն դոլար։