ԱՄՆ-ն անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնի ֆինանսավորումը, – ասել է տնօրեն Թեա Գոդոլաձեն։
«Գրում եմ հակիրճ. Ամերիկան դադարեցրել է Սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնի ֆինանսավորումը: Լուգարի լաբորատորիայից հետո սպասում էինք, որ դա անխուսափելի կլինի»,- գրում է Գոդոլաձեն սոցցանցերում։
ԱՄՆ-ն այս ամառ հայտարարեց, որ դադարեցնում է ավելի քան 95 միլիոն դոլարի օգնությունը Վրաստանին։ Որոշման պատճառները նշվում են որպես «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։
Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ չգիտի, թե ինչի համար էր նախատեսված այդ գումարը:
Աստիճանաբար հայտնի են դառնում այն մասշտաբները և կոնկրետ ոլորտները, որոնց վրա ազդել է ֆինանսավորման կասեցումը։
Գոդոլաձեն գրում է, որ ԱՄՆ-ը 25 տարի ֆինանսավորում է Վրաստանի համար սեյսմիկ և գեոդեզիական մոնիթորինգի նախագծերը, ինչը օգնել է հավաքել և պահպանել բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմ և գնել թանկարժեք սարքավորումներ։
«Մենք գնել ենք ամենաթանկ սարքավորումները, որոնք հնարավոր չէր ձեռք բերել պետական միջոցներով։ 2002 թվականի Թբիլիսիի հայտնի երկրաշարժի ժամանակ երկրում չկար ոչ մի թվային սեյսմիկ կայան։ Մենք միայն Թբիլիսիում և Ախալքալաքում ունեինք անալոգային, հնացած սեյսմիկ կայաններ, որոնք թույլ չէին տալիս նույնիսկ որոշել երկրաշարժի էպիկենտրոնը»,- ասվում է Սեյսմիկ կենտրոնի տնօրենի հայտարարության մեջ։
Գոդոլաձեն նշում է, որ վերջին տարիներին ամերիկյան աջակցության շնորհիվ իրավիճակը փոխվել է, և այժմ Վրաստանի սեյսմիկ կենտրոնը դարձել է համաշխարհային սեյսմիկ մոնիթորինգի մաս։
Կենտրոնի գիտական թիմը բաղկացած է 80 աշխատակցից, որոնք վերահսկում են 49 սեյսմիկ կայաններ ողջ Վրաստանի տարածքում և մինչև 160 մշտական ու ժամանակավոր գեոդեզիական կայաններ:
Վերջերս կենտրոնն աշխատում էր սեյսմիկ վտանգի քարտեզների թարմացման վրա, նախագիծը ֆինանսավորվել է Միացյալ Նահանգների կողմից, այս պահին հայտնի չէ, թե արդյոք այդ աշխատանքները կհաջողվի շարունակել:
«Ներկայումս ուղիներ ենք փնտրում՝ փրկելու այն, ինչ կառուցել ենք տարիների ընթացքում մեր ամերիկացի գործընկերների հետ: Շնորհակալություն մեր ամերիկացի գործընկերներին և ամերիկացի ժողովրդին՝ Վրաստանին աջակցելու համար։ Հուսով ենք, որ սա ժամանակավոր է, և իրավիճակը չի դառնա անդառնալի կործանարար»,- գրում է Գոդոլաձեն։
Աղբյուրը՝ NewsGeorgia