Սեպտեմբերի 1-ից 6-ը ափամերձ Քոբուլեթիում անցկացվել է Վրաստանի տիկնիկային թատրոնների փառատոնը, որը կոչվում է «Արևոտ Վրաստան»: Մի քանի տարվա ընդմիջումից հետո փառատոնին մասնակցում էր նաև Ախալքալաքի «Պույ-պույ» տիկնիկային թատրոնը։
Աջարիայում, Քոբուլեթիում՝ «Արևոտ Վրաստան» փառատոնում ելույթ ունեցան 8 տիկնիկային թատրոններ Վրաստանի 8 քաղաքներից՝ Խելվաչաուրի, Օզուրգեթի, Մարտիվի, Ճիատուրա, Բոլնիսի, Մցխեթա, Բաղդաթի և Ախալքալաք։
Ախալքալաքից փառատոնին մասնակցում էր Ախալքալաքի մունիցիպալիտետի մշակույթի տան «Պույ-պույ» տիկնիկային թատրոնը՝ Սամվել Խոդիկյանի ղեկավարությամբ։ Փառատոնը տեղի ունեցավ սեպտեմբերի 1-ից 6-ը։
«Փառատոնը տեղի է ունենում տարին երկու անգամ։ Առաջին անգամ եղել է Սև ծովի ափին, իսկ ձմռանը՝ Բակուրիանիում։ Փառատոնը շատ լավ անցավ։ «Մեղուն և Նապաստակը» ներկայացումը խաղացինք հայերենով։ Մինչ ներկայացումը մի քանի բառով բացատրվեց ներկայացման իմաստը: Մեր ներկայացումն ընդունվեց ծափերով ու ուրախությամբ։ Սա առաջին անգամը չէր, բայց մոտ 2 տարի է՝ չէինք մասնակցում։ Իսկ այս տարի մեր ճամփորդությունը ֆինանսավորվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից»,- ասում է «Պույ-պույ» տիկնիկային թատրոնի ղեկավարը։
«Պույ-պույ» տիկնիկային թատրոնը ստացել է լավագույն ռեժիսորի դիպլոմ և լավագույն տիկնիկավարի դիպլոմ։
Նշենք, որ թատրոնը դեռևս չունի առանձին տարածք, որտեղ կկարողանար ներկայացումներ բեմադրել և փորձեր անել։