Վրաստանում ավարտին է մոտենում առաջիկա ՏԻՄ ընտրություններին թեկնածուների գրանցումը: Ախալքալաքում այս պահին միայն երեք կուսակցության քաղաքապետի թեկնածուների մասնակցության մասին է հայտնի:
Այս պահի դրությամբ, Ախալքալաքում երեք կուսակցություն է պաշտոնապես ներկայացրել քաղաքապետի թեկնածու՝ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում: Առաջինը իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն էր: Թեկնածուն նախորդ գումարման Սակրեբուլոյի պատգամավոր Մելքոն Մակարյանն է: Նինոծմինդայում իշխող կուսակցությունը թեկնածու է առաջադրել գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին: Ըստ իշխող կուսակցության ցուցակների՝ Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավորության համար պայքարում է 30 թեկնածու: Կուսակցությունն ունի նաև Սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորների 14 թեկնածու:
Իշխող թիմին հետևեց «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը, որի թեկնածուն Արսեն Կարապետյանն է: Նա որպես թեկնածու առաջադրվում է 2016 թվականից: Նինոծմինդայում այս կուսակցությունը թեկնածու չունի: Ըստ ցուցակների՝ այս կուսակցությունից ընտրություններին մասնակցում է պատգամավորության 24 թեկնածու, մեծամասնական ընտրակարգով կուսակցությունը թեկնածուներ է ներկայացրել ընդամենը 5 մեծամասնական տարածքային շրջաններում:
«Մենք Նինոծմինդայում քաղաքապետի թեկնածու չունենք: Պատճառն այն է, որ մենք ուզում էինք, որ այնտեղ միասնական ընդդիմությունը պայքարի: Ավելի ճիշտ՝ մենք փոխզիջման գնացինք», – ասում է Արսեն Կարապետյանը:
Ախալքալաքում «Միասնական ազգային շարժումը» ներկայացնում է ընտրություններին մասնակցության փորձ ունեցող քաղաքական գործիչ Մելիք Ռաիսյանին: Նինոծմինդայում կուսակցության քաղաքապետի թեկնածուն կլինի քաղաքականությունում մինչ այժմ անհայտ անձ Ավագ Բդոյանը: Ըստ Ախալքալաքի ցուցակների՝ այս կուսակցությունից ընտրություններին մասնակցում է 29 թեկնածու: Կուսակցությունը նաեւ առաջադրել է մեծամասնական պատգամավորության թեկնածուներ բոլոր 14 մեծամասնական ընտրաշրջաններում:
Առաջիկա ընտրություններին Ախալքալաքում «Լելո» կուսակցությունը նույնպես կմասնակցի, սակայն ո՛չ Ախալքալաքում, ո՛չ Նինոծմինդայում քաղաքապետի թեկնածու չի առաջադրի: «Լելոյից» միակ մեծամասնական թեկնածուն կառաջադրվի Խավեթ տարածքային ընտրաշրջանում: Պատգամավորների թեկնածուները ցուցակներով 36-37-ն են:
ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը: Թեպետ, թե՛ Ախալքալաքում, թե՛ Նինոծմինդայում կուսակցությունը քաղաքապետի թեկնածու չունի: Առաջիկա ընտրություններին մասնակցող կուսակցությունն Ախալքալաքում ցուցակներով կառաջադրի պատգամավորության 20 թեկնածուի, ինչպես նաև Վաչիան և Բարալեթ ընտրաշրջաններում թեկնածուներ կառաջադրի մեծամասնական ընտրակարգով:
«Մենք չհասցրեցինք: Մինչև սկսեցինք աշխատել, ժամկետներն ավարտվեցին: Ոչ ոք չգիտեր, թե ինչ կլինի», – ասում է «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության ներկայացուցիչ Սիմոն Մանանյանը:
«Գիրչի» կուսակցությունն Ախալքալաքում ներկայացված չէ ո՛չ քաղաքապետի թեկնածուով, ո՛չ մեծամասնական պատգամավորների:
«Ցավոք, Ախալքալաքում մենք ներկայացուցիչներ չունենք: Մեր այնտեղի ցուցակի ողջ կազմը «տեխնիկական» է, որպեսզի կուսակցության («Գիրչի») հերթական համարը՝ 36֊ը, լինի քվեաթերթիկներում: Մենք չկարողացանք բոլոր շրջանների մարդկանց մոտիվացնել պայքարել մեր անունից: Նման քաղաքների թվում է Ախալքալաքը, մենք ներկայացուցիչներ չունենք այնտեղ», – ասում է «Գիրչի» կուսակցության ներկայացուցիչ Հերման Սաբոն:
Ինչպես հայտնի է, կուսակցությունը բաժանվել է երկու մասի։ Երկրորդ մասից չհաջողվեց տեղեկատվություն ստանալ՝ խմբագրությանը չհաջողվեց կապ հաստատել Զուրաբ Ջափարիձեի հետ:
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը Ախալքալաքում ներկայացուցիչներ ունի, սակայն Ախալքալաքում և Նինոծմինդայում քաղաքապետի թեկնածուներ՝ ոչ: Կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Խանոյանի խոսքով՝ կուսակցությունը մեծամասնական պատգամավորի թեկնածուներ չունի, սակայն ցուցակներում կան: Թե քանի թեկնածու կլինի ցուցակներում, դեռ պարզ չէ:
«Մենք պլանավորում ենք շտաբ բացել, կգան կուսակցության ներկայացուցիչները: Հարցերին այդ ժամանակ էլ կպատասխանենք», – ասում է Աշոտ Խանոյանը:
Թեկնածուների ցուցակները շուտով կհրապարակվեն, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի գտնել բոլոր այն թեկնածուներին, ովքեր կպայքարեն ախալքալաքցիների ձայները ստանալու համար:
Քրիստինե Մարաբյան