Ախալքալաքի քաղաքապետարանն ընդհանուր հսկողության տեսախցիկների գնման մրցույթ է հայտարարել։
Այսօր հայտարարվել է տեսահսկման տեսախցիկների գնման մրցույթ, առաջարկների ընդունումն ավարտվում է մայիսի 15-ին։ Գնման սկզբնական գումարը կազմում է 25 240 լարի։ Նշենք, որ բյուջեից հատկացվող նախնական գումարը կազմում էր 25 500 լարի։ Մրցութային գնի մեջ ներառված է տեսախցիկների տեղադրումը։
Աշխատանքը պետք է կատարվի պայմանագիրը կնքելուց հետո՝ 30 օրվա ընթացքում։ Մրցութային փաստաթղթերի հիման վրա գնումը ներառում է 40 տեսախցիկ, նաև 40 վիդեո քարտ, 40 հոսանքի սնուցման սարք և 1 950 մետրանոց ցանցային մալուխ։ Թե կոնկրետ որտեղ են տեղադրվելու տեսախցիկները մրցութային փաստաթղթերում, չի նշվում։
Ինչպես ավելի վաղ գրել էր Jnews-ը, դա քաղաքապետարանի նախաձեռնությունն էր՝ ուժեղացնել վերահսկողությունը հասարակական վայրերում։
«Ելնելով այն հանգամանքից, որ շրջանում տարեցտարի ավելանում են նոր այգիների, կանաչապատ տարածքների, մարզական վայրերի թիվը, քաղաքապետարանը նախաձեռնությամբ է հանդես եկել տեսախցիկներ տեղադրել քաղաքում և գյուղերում»,- ասել է քաղաքապետը՝ Jnews-ի հետ 2023 թ. մարտի 1-ի զրույցում:
Տեսախցիկները կտեղադրվեն նաև այն գյուղերում, որտեղ կան աղբամաններ, քանի որ հազվադեպ չեն դեպքերը, որ դրանք կոտրում են։
Ուժեղացված վերահսկողություն. գյուղերում տեսախցիկներ կտեղադրվեն