Ախալքալաքի մունիցիպալիտետի 76 հատ պլաստիկ աղբամաններն աճուրդի կհանվեն: Այս մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 30-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստում։
Ախալքալաքի մունիցիպալիտետին պատկանող պլաստիկ աղբամանները քանակապես կօտարվեն: Ինչո՞ւ է մունիցիպալիտետը մի կողմից գնում աղբամաններ, մյուս կողմից՝ վաճառում, պարզաբանում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը։
«Սրանք այն աղբամաններն են, որոնք տեղադրվել են գյուղերում, և որոնց մեջ պարկերով փչացած կարտոֆիլ են լցրել: Դրանք փչացել են, ջարդվել: Կամ էլ այն աղբամանները, որոնք վնասվել են մեքենաների կողմից… Բոլոր այն կոտրված աղբամանները, որոնք հնարավոր չէ վերանորոգել: Այն աղբամանները, որոնք հնարավոր էր վերանորոգել, մենք դա արել ենք: Վնասված աղբամանները կհանվեն աճուրդի, դրանք կվաճառվեն որպես պլաստմասսա, պլաստմասսայի գնորդներ կան»,- ասում է նա։
Բնակիչները շատ հաճախ անզգուշությամբ են վերաբերվում մունիցիպալ գույքին։ Վնասում են ամեն ինչ՝ սկսած նստարաններից, մանկական ատրակցիոններից մինչև աղբամաններ, որոնք կոտրում և հաճախ դիտավորյալ այրում են։