Վրաստանում նախընտրական շրջանը նշանավորվեց ընտրակաշառքի դեպքերով դեռ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ։ Այս մասին ասվում է «Արդար ընտրությունների միջազգային հասարակության» (ISFED) զեկույցում։

Հաշվետու ժամանակահատվածում՝ հունիսի 1-ից օգոստոսի 27-ը, կազմակերպությունն արձանագրել է ընտրակաշառքի հինգ ենթադրյալ դեպք։ Երեքը կապված են իշխող «Վրացական երազանք» կուսակցության, իսկ երկուս` ընդդիմության հետ:

Աջարիայի բարձրալեռ շրջաններում «Շուամթոբայի» տոնին նորապսակներին ոսկյա մատանիներ նվիրելը որակվել է կաշառք։ Նվերները հանձնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Թեև մատանի նվիրելը տոնի ավանդույթն է, սակայն ISFED-ը «խնդրահարույց» է համարում նախընտրական շրջանում իշխող կուսակցության առաջնորդի մասնակցությունն արարողությանը։ Միևնույն ժամանակ, ըստ մամուլի հրապարակումների, այս տարի Խուլոյի մունիցիպալիտետի քաղաքապետարանը նվերներ չի գնել նորապսակների համար, ինչպես սովորաբար դա լինում է։

Կաշառք է եղել նաև «Միացյալ ազգային շարժման» կողմից, նշում են կազմակերպությունից։ Խախտումներ են գրանցվել Գյուլի Ալասանիայի (նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը) և կուսակցության թբիլիսյան մասնաճյուղի ղեկավար Սոփո Ջափարիձեի՝ մայրաքաղաքի ծայրամասում գտնվող Մուխիանի թաղամասի բնակչության հետ օգոստոսի 10-ին կայացած հանդիպմանը։ Նրանց ուղեկցում էին բժիշկներ, ովքեր «անվճար բժշկական ծառայություններ էին մատուցում և դեղորայք էին բաժանում շահագրգիռ կողմերին»։ Նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաև օգոստոսի 21-ին Իսանիում։

«Վրացական երազանքի» թեկնածու-պատվիրակ, գործարար Թեմուր Ճղոնիան նույնպես բացահայտվել է ընտրողներին կաշառելու համար։ Նա ջուր է բաժանել Քոբուլեթիի շրջանի Օչխոմուրի գյուղի բնակիչներին։ Մինչ այս տեղի բնակչությունը բողոքի ցույց է անցկացրել ջրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով և նույնիսկ փակել մայրուղիները։ Ճղոնիան նվերն արել է ոչ թե ուղղակիորեն, այլ իրեն պատկանող Chateau Kvirike շքեղ հյուրանոցի աշխատակիցների միջոցով։ Սակայն դոնորները Օչխոմուրիի բնակիչներին ծանուցել են, որ ջուրը Ճղոնիայի նվերն է։

Իսկ Ծալենջիխայի մունիցիպալիտետում, որտեղ «Վրացական երազանքը» պարտվել է 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում, իշխող կուսակցության երիտասարդական կազմակերպությունը վերջերս անցկացրել է մինի ֆուտբոլի առաջնություն՝ 3 հազար լարի մրցանակային ֆոնդով։

Ընդհանուր առմամբ, ըստ ISFED-ի, նախընտրական քարոզարշավը սկսվել է խիստ բևեռացված պայմաններում։ Միջավայրը վնասվել է իշխող կուսակցության հռետորաբանությունից: Ինչպես պարզ է դառնում, նրանք խոստացել են արգելել բոլոր խոշոր ընդդիմադիր կուսակցությունների գործնեությունը, եթե հաղթեն ընտրություններում։

Բևեռացմանը նպաստել է նաև «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ընդունումը, ասվում է զեկույցում։ Այն ուղեկցվել է բողոքի ցույցերով, ինչպես նաև դրա հակառակորդների դեմ ահաբեկումներով ու հարձակումներով։