Վրաստանի նախագահական ընտրությունների 2-րդ փուլին գնահատական են տվել «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» և «Արդար ընտրությունների ու ժողովրդավարության միջազգային հանրությունը»:
Վրաստանի հեղինակավոր կազմակերպությունները տասնյակ բողոքներ են ներկայացրել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հետ կապված, բայց ընդհանուր առմամբ՝ դրական գնահատական են տվել: Նախօրեին ընտրություններ անցկացվեցին թե՛ Վրաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս: Ընտրական տեղամասեր էին բացվել աշխարհի 39 երկրում:
Ըստ երիտասարդ իրավաբանների գնահատականի՝ քվեարկության օրը հիմնականում անցավ խաղաղ, սակայն եղան որոշակի խախտումներ՝ օրինակ կեղծում, ընտրողին կաշառում, սպառնալիքներ: Դիտորդներն ընտրությունների սկզբունքների խախտման առանձին դեպքեր են արձանագրել, մասնավորապես՝ քվեարկության գաղտնիության խախտում, ընտրողի ազատ կամքի վրա ազդեցություն:
Որոշ տեղամասերում ասոցիացիայի դիտորդների իրավունքերն են սահմանափակվել, ագրեսիայի և ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի դեպքեր ևս եղել են՝ ինչպես քվեարկության ընթացքում, այնպես էլ արդյունքները հաշվելու ժամանակ:
Երիտասարդ իրավաբաններն ընտրությունների ընթացքում ընդհանուր առմամբ 78 բողոք են կազմել: «Արդար ընտրությունների ու ժողովրդավարության միջազգային հանրությունը» ևս եզրակացություն է տվել, որ հաշվարկի ընթացքն անցել է ընդհանուր կարգի պահպանմամբ: Կազմակերպությունը երկրորդ փուլին հետևել է բոլոր ընտրական շրջաններում:
ՀԿ-ի դիտորդները ներկա են եղել 651 ընտրատեղամասում, աշխատել է ևս 78 մոբիլ խումբ: Գրվել է 53 բողոք: