Շտապօգնության նոր շենքի շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է այս տարվա հունիսի վերջ, սակայն Շտապօգնությունը շարունակում է գործել հին շենքում։

Ախալքալաքի շտապօգնության ծառայության տնօրեն Երեմ Եզոյանի խոսքով, շենքը պատրաստ է, սակայն նոր մասնաշենք տեղափոխելը ձգձգվում է այն պատճառով, որ սպասվում է նոր շենքի հանդիսավոր բացումը։

Նշենք, որ Շտապօգնության նոր շենքն ունի 3 հանգստի սենյակ բժիշկների, բուժքույրերի և շտապօգնության վարորդների համար։ Կա նաև ընդարձակ խոհանոց-ճաշասենյակ, կա նաև տնօրենի աշխատասենյակ, որտեղ կա արխիվներ պահելու տարածք։ Շենքն ունի կաթսայատուն, որի մուտքը բակից է, և երկու սանհանգույց։

Ախալքալաքում շտապօգնության նոր շենքի շինարարությունը սկսվել էր նախորդ տարվա օգոստոսի 3-ին։ Այն գտնվում է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բակում՝ շտապօգնության հին շենքի դիմաց։ Նոր շենքի կառուցման մրցույթը հայտարարել է Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը։ Նախնական գումարը կազմել է 459 451 լարի, մրցույթը շահել է Ախալքալաքից անհատ ձեռներեց Սերգեյ Չոլախյանը՝ 420 200 լարիի չափով։

Սկզբում Ախալքալաքում շտապօգնության շենք կառուցելու տեղ չէին կարողանում գտնել, ուստի նոր շենքի կառուցումը ձգձգվում էր։ 4 տարի պահանջվեց՝ տեղը որոշելու և այն շինարարությանը նախապատրաստելու համար։ Նշենք, որ նոր շտապ օգնության կենտրոնի շինարարությունը ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից։

1

Հիշեցնենք, որ 2019 թվականից Վրաստանում մեկնարկել է մինչև 300 պոլիկլինիկաների վերակառուցման, ավելի քան 100 նոր պոլիկլինիկաների և 40 շտապ օգնության կենտրոնների կառուցման նախագիծը։ Այդ ժամանակ կառավարությունը 20 մլն լարի էր հատկացրել ծրագրի իրականացման համար, որն ընդգրկում էր տարբեր մունիցիպալիտետներ, այդ թվում՝ Ախալքալաքը։