Չնայած այն հանգամանքին, որ Ախալքալաքում կառուցվել է հանրային զուգարան, սակայն այն այդպես էլ չի գործում: Այժմ անհնար է այնտեղ մտնել, նույնիսկ լուսանկարելն է տհաճ: Ախալքալաքում հանրային զուգարանի բացակայությունն անհարմարություն է ստեղծում ինչպես տեղի բնակչության, այնպես էլ զբոսաշրջիկների համար:
Ախալքալաքի հանրային զուգարանը գտնվում է հակասանիտարական վիճակում, ծորակներն անհետացել են, ջուրը հոսում է զուգարանի միջով, իսկ մուտքից փչում է գարշահոտը:
Ըստ այցելուների՝ Ախալքալաք ժամանող հյուրերը հաճախ բախվում են հանրային զուգարանի բացակայության խնդրի հետ:
«Վերջերս Եվրոպայից մեզ մոտ էին եկել զբոսաշրջիկներ՝ տեսնելով, որ կենտրոնում զուգարան չկա, նրանք չգիտեին, թե ինչ անեին», – ասում է այցելուներից մեկը:
Հանրային զուգարանի բացակայության պատճառով տեղի բնակչությունը հաճախ օգտվում է խաղատների կամ տոտալիզատորների սանհանգույցներից:
Քաղաքի փողոցներում հանդիպած 15 երիտասարդներից 9-ը պատասխանեցին մեր այն հարցին, թե որտե՞ղ են հոգում իրենց բնական կարիքները, ասելով, որ կամ խաղատանը, կամ էլ տոտալիզատորում:
Երկար տարիների քննարկումներից և փորձերից հետո, 2017 թ.-ին քաղաքի կենտրոնում՝ Խաս Բախչա զբոսայգու հարևանությամբ, Ախալքալաքում կառուցվեց հասարակական զուգարան:
Սակայն զուգարանը չգործեց: Դրա պատճառն առաջին հերթին քաղաքացիների անփույթ վերաբերմունքն է, իսկ ամենակարևորը` զուգարանը չունի տերեր, այն չի հանձնվել շահագործման Սպասարկման կենտրոնին:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը 2018 թ.-ի հունիսին մեզ ասաց, որ մոտ օրերս հանրային զուգարանը կհանձնվի սպասարկման կենտրոնին, մնում է որոշել սիմվոլիկ գումարի չափը, և զուգարանն արդեն կգործի, սակայն հանձնումը մինչ օրս տեղի չի ունեցել:
Ըստ Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի, հանրային զուգարանը նրանց դեռ չի փոխանցվել և նստած չէ նրանց հաշվեկշռին:
Ըստ նրա՝ աշխատանքն այս ուղղություններով դեռ ընթացքի մեջ է:
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Մագդա Ամիրշատյանի, իրենք արդեն տեղյակ են հանրային զուգարանի խնդրի մասին:
«Մենք տեղյակ ենք, այս թեման արդեն քննարկվում է: 2020 թվականին հարցին լուծում կտրվի», – ասում է Մագդա Ամիրշատյանը:
Բրատիսլավ Իգիթխանյան