«Միջազգային թափանցիկություն` Վրաստանը» (TI) թարմացրել է «Բարձր մակարդակի կոռուպցիայի հնարավոր դեպքերը» նյութը, որտեղ խոսվում է կոռուպցիայի տարբեր հնարավոր դեպքերի մասին։ Նյութը հիմնված է կա՛մ TI -ի, կա՛մ լրագրողական հետազոտությունների վրա: Նման 151 դեպքերից 7-ը վերաբերում են Ջավախքին։
- «Ջավախքի ֆեոդալ» — այսպես է վերնագրված «Կոռուպցիայի հնարավոր դեպքերի մասին» նյութի հատվածը։ Այս հատվածը հիմնված է Ազատություն ռադիոկայանի վրացական խմբագրության լրագրողական հետազոտությունների վրա։
Ըստ այս ուսումնասիրության՝ Սումբատ և Սեյրան Կյուրեղյանները ունեն խոշոր հողատարածքներ։ Սումբատ Կյուրեղյանը 2020 թվականից պատգամավոր է, ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության ընտրացուցակներով, իսկ մինչ այդ՝ 2012-2020 թվականներին, եղել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահը։ Նրա հայրը՝ Սեյրան Կյուրեղյանը, արդեն 17 տարի Նինոծմինդայի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահն է հանդիսանում։
Լրագրողի ուսումնասիրությունների համաձայն՝ Սումբատ Կյուրեղյանը, նրա կինը, մայրը, հայրը և որդին Ջավախքում ունեն մոտ 3 800 000 ք/մ կամ 380 հեկտար հողատարածք։ Սա հրապարակվում է որպես բարձրաստիճան անձին առնչվող։
TI-ի «Բարձր մակարդակի հնարավոր կոռուպցիայի դեպքեր» նյութում մեջբերվում են նաև Ջավախքի այլ դեպքեր։
Այդ թվում՝
- Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Խաչիկ Մոսոյանի շահած մրցույթների ուսումնասիրություն։ Մանրամասն նյութը. Ախալքալաքի ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ընկերությունները մրցույթներից ստացել են ավելի քան 2,6 մլն լարի
- Ախալքալաքի փակ լողավազանի տնօրենի մասնակցությամբ մրցույթների ուսումնասիրություն. Նյութը՝ «Ախալքալաքի լողավազանի տնօրենի ընկերությունը շահում է տեղական տենդերները»։ Հարկ է նշել, որ քաղաքապետարանի աշխատակիցներն այս գործով ստացել են բանավոր նկատողություն։ Այս մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
- Մեջբերվում է նաև 2020 թվականի ուսումնասիրությունը, որում հետազոտվել է վառելիքի մատակարարման մրցույթները, որոնց մասնակցել են նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքի հետ կապված ընկերությունները:
- Մեջբերվում է նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի մրցույթների դեպքը, որոնցում շահել է «Վրացական երազանքի» դոնոր և SJGC գազաբաշխիչ ընկերության նախկին տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը:
- Քեյսերից մեկն էլ այն է, որ Նինոծմինդայի կենտրոնական այգին փուլ առ փուլ սեփականաշնորհվել է։
- Նինոծմինդան նշված է հնարավոր կոռուպցիայի մեկ այլ դեպքում ևս, ուստի նյութում մեջբերված է նաև Նինոծմինդայի սակրեբուլոյի անդամ Կոնստանդին Վարդանյանի հեռուստաընկերության մրցույթներին մասնակցության վերաբերյալ TI-ի նախկին ուսումնասիրությունը:
TI -ը հրապարակում է տվյալ նյութերը՝ հույս ունենալով, որ պատկան մարմինները՝ Գլխավոր դատախազությունը և Պետական անվտանգության ծառայությունը, կարձագանքեն այս տեղեկատվությանը և հետաքննություն կսկսեն՝ պարզելու, թե արդյոք կա կոռուպցիայի փաստ։ Սակայն, ըստ TI-ի նյութի, այս իշխանություններն անպատասխան են թողնում «բարձր մակարդակի հնարավոր կոռուպցիայի» փաստերը։