«Միջազգային Թափանցիկություն-Վրաստան»-ը (TI)՝ Ախալքալաքի լողավազանի տնօրեն Մարտին Գաբրիելյանին պատկանող «Մեգոբրոբա-5» ընկերության մրցույթներին մասնակցության ուսումնասիրության արդյունքում, դիմել է Պետական գնումների գործակալություն՝ այս ընկերության մասնակցությամբ մրցույթները վերանայելու խնդրանքով։ Գործը հասել է Թբիլիսիի քաղաքային դատարան:
TI-ը մոնիթորինգ է անցկացրել և պարզել, որ պետական գնումներում շահում է Մարտին Գաբրիելյանը, ով 2013 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ախալքալաքի մունիցիպալիտետում։ TI-ի տվյալներով՝ 2019 թվականի օգոստոսից մինչ օրս իրեն պատկանող «Մեգոբրոբա-5» ՍՊԸ-ն ստացել է 36 պետական գնում և կնքել 1 390 861 լարիի չափով պայմանագրեր։ Դրանցից 667 186 լարին (47,9%) մուտք է գործել Ախալքալաքի բյուջեից՝ 21 գնումների հաշվին:
Կազմակերպությունը դիմել է Վրաստանի Պետական գնումների գործակալությանը, որտեղ «Մեգոբրոբա» ՍՊԸ-ի մասնակցությամբ վերանայել են այս մրցույթները և հայտնաբերել դատավարական օրենսդրության որոշ խախտումներ։ Ախալքալաքի քաղաքապետարանից ստացված պարզաբանումների և դրանք խախտումների հետ համեմատելու արդյունքում Պետական գնումների գործակալությունը վարչական իրավախախտման արձանագրություն է արձակել և ուղարկել Թբիլիսիի քաղաքային դատարան։ Այս մասին ասված է Պետական գնումների գործակալության պատասխանում TI-ի նամակին։
Սակայն Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյից TI-ի ստացած մեկ այլ պատասխանի համաձայն՝ մայիսի 29-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի ունեցած դատավարության արդյունքում Ախալքալաքի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի անդամները բանավոր նկատողություն են ստացել։
Որպես խախտումներ, որոնք «Մեգոբրոբա» ՍՊԸ-ի մասնակցությամբ մրցույթներում են հայտնաբերվել՝ նշվել է շահերի բախման սկզբունքի անհամապատասխանություն, մրցույթի վերջնաժամկետների անհամապատասխանություն, հարցաթերթի տարբեր կետերում տեղեկատվության անհամապատասխանություն, ինչպես նաև այլ ընթացակարգային անհամապատասխանություններ օրենքներին և հրամաններին, որոնց պետք է հետևեն մրցույթների ընթացքում: