Միջազգային թափանցիկություն՝ Վրաստան (TI) ուսումնասիրել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի մրցույթները, որոնք շահել է «Վրացական երազանքի» դոնոր, SJGC գազաբաշխիչ ընկերության նախկին ղեկավար Ռազմիկ Ղումաշյանը։ TI -ը Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությանը և Գլխավոր դատախազությանը կոչ է անում ուսումնասիրել Ռազմիկ Ղումաշյանի մասնակցությամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական գնումները և պարզել, թե արդյոք տեղի են ունեցել կոռուպցիոն գործարքներ։
Ռազմիկ Ղումաշյանը, ըստ TI հետազոտության՝ 2013-2023 թվականներին Նինոծմինդայի քաղաքապետարանի գնումներից ստացել է 2 840 710 լարի, որից 1 759 795 լարին (ստացված գումարի 61,9%-ը) ստացել է այլ մասնակիցների որակազրկման ճանապարհով՝ առանց մրցույթի կամ ուղղակի պայմանագրով։
Ռազմիկ Ղումաշյանը Նինոծմինդայի սակրեբուլոյի «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» խմբակցության փոխնախագահ Գարուշ Արզումանյանի մորեղբայրն է։ Նա նաև 2012-2021 թվականներին աշխատել է SJGC ընկերության տնօրեն, որը կապված է Ախալքալաք-Նինոծմինդա շրջաններից ընտրված նախկին մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքի հետ (խմբ․՝ ընկերության բաժնեմասերի 40%-ը պատկանում է Մկոյաններին)։ Նա միշտ ընտրվել է իշխող կուսակցությունից, այն բանից հետո, երբ Հենզել Մկոյանը 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է որպես անկախ պատգամավոր, ինչպես նաև՝ այն բանից հետո, երբ Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ստուգել է SJGC ընկերությունը, Ռազմիկ Ղումաշյանը լքել է պաշտոնը և 5000 լարիի հանգանակություն է կատարել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը 2021 թվականի օգոստոսին։
«Վերջին 10 տարիների ընթացքում Ռազմիկ Ղումաշյանն ընդհանուր առմամբ 35 պետական գնում է ստացել Նինոծմինդայի մունիցիպալիտետում 49 սպորտային և խաղահրապարակների կառուցման և վերականգնման, ինչպես նաև ջրագծերի և գազատարների անցկացման համար, որոնցից 2013-2015 թթ.-ին 13 ուղղակի գնումների միջոցով փոխանցվել է 102 948 լարի: 2015-2023 թվականներին շահած 22 մրցույթներում կնքվել են պայմանագրեր 2 737 762 լարիի չափով, որոնցից 15-ը շահել են առանց մրցույթի և մնացած մասնակիցների որակազրկմամբ՝ 1 656 847 լարի (60,5%) ընդհանուր գումարով»,- ասվում է TI մրցույթների ուսումնասիրությունում։
Կազմակերպությունը նշում է նաև, որ Ռազմիկ Ղումաշյանը Նինոծմինդայի շուկան կառուցել է 163 834 լարիով՝ 2019 թվականին շահած մրցույթի համաձայն։ Շուկան փակ է մնում արդեն հինգերորդ տարին անընդմեջ և ոչ ոք դրանից չի օգտվում։