նորություններ • 3 Հոկտեմբերի, 2026 • Ախալքալաքի մարզադաշտի վերակառուցումն աշխատանքների մեկնարկից մի քանի օր անց դադարեցվել է

Ամիսներ տևած սպասումից հետո, սեպտեմբերին, Ախալքալաքում, սկսվեց կենտրոնական մարզադաշտի վերակառուցումը, սակայն արդեն շուրջ 15 օր է աշխատանքները դադարեցված են։ Կապալառուն պատճառը կապում է պատվիրատուի՝ Մունիցիպալ զարգացման հիմնադրամի հետ, իսկ քաղաքապետարանում խոսում են ջրատարի և կոմունիկացիաների հետ կապված խնդիրների մասին։

Աշխատանքներն իրականացման մրցույթը հաղթած «Սաթավե+» ՍՊԸ-ն Jnews-ին աշխատանքների դադարեցման պատճառների մասին տեղեկություն չտրամադրեց։ Ընկերությունում նշեցին, որ պարզաբանումների համար պետք է դիմել պատվիրատուին՝ Մունիցիպալ զարգացման հիմնադրամին (MDF)։

Մրցույթը հաղթած «Սաթավե» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 6-ին։ Չնայած դրան, մարզադաշտում աշխատանքները սկսվել են միայն 2026 թվականի սեպտեմբերին և մի քանի օր անց դադարեցվել։

Դեռևս այս տարվա մայիսին Jnews-ը, մարզադաշտի վերակառուցման աշխատանքների մեկնարկի ժամկետների վերաբերյալ հարցով, կապ էր հաստատել կապալառուի հետ։ Այն ժամանակ ընկերությունից հայտնեցին, որ աշխատանքները մոտ մեկ ամիս հետո կսկսվեն։ Սակայն ամիսներն անցնում էին, իսկ շինարարական տեխնիկան այդպես էլ չէր հայտնվում օբյեկտում։ Այն մարզադաշտ է բերվել միայն սեպտեմբերին։

Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչներն ուշացումը բացատրում էին նրանով, որ աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ էր ստանալ համապատասխան թույլտվություններ։ Սակայն չհաջողվեց կոնկրետ տեղեկություն ստանալ, թե հատկապես ինչ թույլտվություններ էին անհրաժեշտ և ինչու դրանք պետք է ստացվեին մրցույթի անցկացումից և պայմանագրի ստորագրումից հետո։

Ախալքալաքի քաղաքապետարանից Jnews-ին հայտնեցին, որ օբյեկտում ջրատարի և հաղորդակցության հետ կապված խնդիր կա։ Միևնույն ժամանակ, քաղաքապետարանում նույնպես չհստակեցրին աշխատանքների դադարեցման ստույգ պատճառը։

Մենք կապ հաստատեցինք նաև Մունիցիպալ զարգացման հիմնադրամի հետ։ Հիմնադրամից խնդրեցին պաշտոնական գրավոր հարցում ուղարկել։

Այսպիսով, այս պահին քաղաքի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների դադարեցման ստույգ պատճառը պարզել չհաջողվեց։ Jnews-ը պաշտոնական հարցում կուղարկի Մունիցիպալ զարգացման հիմնադրամ և ստացված պատասխանի մասին կտեղեկացնի ընթերցողներին։

Ներկայումս ֆուտբոլի դաշտից հանվել է հողի վերին շերտը, և ապամոնտաժվել են տրիբունաները։

Նշենք, որ «Աբուլ» թիմի, այս մրցաշրջանում, Ախալքալաքում նախատեսված սեփական տանը հանդիպումները կանցկացվեն Դիլիսկա գյուղի մարզադաշտում։

Ախալքալաքում սկսվել է կենտրոնական մարզադաշտի վերակառուցումը

Ինչու չի սկսվել Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտի վերանորոգումը

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝