Մի քանի տարի շարունակ պնդումներից հետո, որ Ախալքալաքի նախկին զինվորական թիվ 1 ավանի № 406 շենքի կոյուղու գծի արտահոսքը ՍՊԸ «Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերության» իրավասությունը չէ, Ախալքալաքի սպասարկման կենտրոնը սկսել է վերանորոգել վթարային հատվածը։ Աշխատանքների տեղում երևում է մաշված, անցքերով ջրատար խողովակը, ինչը հակասում է ընկերության պաշտոնական պատասխանին արտահոսքի պատճառի վերաբերյալ։
Երրորդ օրն է, ինչ «Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերության» Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցներն աշխատում են թիվ 406 շենքի դիմաց, որտեղ մի քանի տարի շարունակ ջրի արտահոսք էր նկատվում։ Այս պահին վթարի վայրը փորվել է գետնափորիչով։
Լուսանկարում երևում է, թե ինչպես է ջրատարից ջուրն արտահոսում
Շատ լավ երևում է բազմաթիվ վնասվածքներով, հին ջրատարը, որից ջուրն արտահոսում է։ Մաշված հատվածը չի գտնվում այսպես կոչված «կարմիր գծի» վրա, ինչպես պնդվում էր Jnews-ին ուղարկված պաշտոնական պատասխանում։
Լուսանկարում երևում են նաև բնակչուհու կողմից նշած սեղմակները։ Նրա խոսքով, ութ տարի առաջ բողոքից հետո «Միացյալ ջրամատակարարման» աշխատակիցները փորել են արտահոսքի վայրը, բայց չեն փոխարինել խողովակը, այլ պարզապես ռետինե սեղմակով փակել են հատվածը։
Jnews-ի թղթակիցը եղավ աշխատանքի վայրում և արձանագրեց աշխատանքների ընթացքը: Լրագրողն ընկերության աշխատակիցներին հարցրեց, թե ինչու մի քանի տարի շարունակ բնակիչներին ասում էիք, որ սա կոյուղու գիծ է, ու որ այս հատվածն ընկերության իրավասության ներքո չէ, իսկ հիմա անսպասելիորեն սկսել եք իրականացնել վերանորոգման աշխատանքներ։
Ընկերության աշխատակիցները հրաժարվեցին պատասխանել լրագրողի հարցերին: Ոմանք խուսափում էին հայտնվել տեսախցիկի առջև, իսկ աշխատողներից մեկը կոպիտ ձևով պահանջեց դադարեցնել նկարահանումը՝ ասելով. «Գնա՛ տուն, ինչու ես նկարում»:
Չնայած այն հանգամանքին, որ հին խողովակը և արտահոսքը լավ երևում էին, աշխատակիցներից մեկն աշխատանքի առաջին օրը շարունակում էր պնդել, որ դա ջրամատակարարման գիծ չէ, այլ կոյուղու գիծ է: Նրա խոսքով, վնասը պատճառվել է «ՆԴՍ Մշենեբլոբա» ՍՊԸ-ի աշխատակիցների մեղքով, ովքեր այժմ վերականգնում են նախկին զինվորական ավանի կոյուղու համակարգը:
Սակայն երկրորդ օրը, քանի որ ամբողջ խողովակն անցքերով էր, Ախալքալաքի Միացյալ ջրամատակարարման կենտրոնը սկսում է փոխել է ամբողջ խողովակը, նույնիսկ այն տարածքում, որը նրանք անվանում են «կարմիր գիծ»: Ղեկավարությունն այս որոշումը կայացրել է, քանի որ հին, անցքերով պատված խողովակին գործիքով դիպչել հնարավոր չէր։
Նախկին թիվ 1 զինվորական ավանի ջրատարը և ամբողջ խմելու ջրի գիծը հին են, մաշված և վերանորոգման կարիք ունեն։ Դրանք կառուցվել են ռազմաբազայի օրոք և երբեք չեն վերականգնվել։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Jnews-ը դիմել էր Ջրամատակարարման ընկերությանը՝ պարզաբանելու, թե ինչու չի վերանորոգվում թիվ 406 շենքի մոտի ջրի արտահոսքը։ Հուլիսի 10-ին Jnews-ը ստացել էր պատասխան, որում նշվում էր, որ արտահոսքը գտնվում է կոյուղու գծի վրա և գտնվում է «կարմիր գծերի» սահմաններում՝ ընկերության իրավասությունից դուրս։
№406 շենքի բնակիչներ. «Խմելու ջրի արտահոսքն ութ տարի է չի վերանորոգվում»






