Jnews-ի հարցմանը ի պատասխան, «Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ընկերություն» ՍՊԸ-ն հայտնեց, որ Ախալքալաքի նախկին №1 զինվորական ավանի №406 շենքի մոտի ջրի արտահոսքը պայմանավորված է ոչ թե ջրամատակարարման խողովակի վնասմամբ, այլ կոյուղու համակարգի, որն ընկերության սպասարկման տիրույթում չի գտնվում: Սակայն, շենքի բնակիչները պնդում են, որ դա խմելու ջրի արտահոսք է, որի մասին Ախալքալաքի սպասարկման կենտրոնը մի քանի տարի է տեղյակ է:
ՍՊԸ «Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ընկերության» մամուլի ծառայությունը պատասխանել է Jnews-ի հարցմանը, թե ինչու Ախալքալաքի նախկին №1 զինվորական ավանի №406 շենքի մոտի ջրի արտահոսքը մի քանի տարի է չի վերանորոգվում:
Ընկերության պատասխանում նշվում է, որ մասնագետները տեղում ստուգում են անցկացրել ու ընկերության հաշվեկշռում գտնվող որևէ ենթակառուցվածքի վրա անսարքություն չեն հայտնաբերել:
«Տեղեկացնում ենք, որ Ընկերության համապատասխան տարածքային ստորաբաժանումները տեղում ստուգում են անցկացրել։ Պարզվել է, որ Ախալքալաքի նախկին №1 զինվորական ավանի №406 բնակելի շենքի տարածքում, ընկերության հաշվեկշռում գտնվող, որևէ ենթակառուցվածքի անսարքություն չի գրանցվել։
Ե՛վ ջրամատակարարման, և՛ կոյուղու համակարգերը գործում են պատշաճ կերպով և անխափան։ Խնդիրը հայտնաբերվել է ներքին կոյուղու ցանցում՝ այսպես կոչված «կարմիր գծերում», որոնք չեն գտնվում «Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ընկերություն» ՍՊԸ-ի սպասարկման գոտում», — ասվում է պաշտոնական պատասխանում։
Արդյունքում ջուրը շարունակում է արտահոսել, և շենքի դիմացի տարածքը մշտապես ջրի մեջ է, ինչի հետևանքով այն վերածվել է ճահճի։
Բնակիչները կտրականապես համաձայն չեն ընկերության եզրակացության հետ։ Նրանք պնդում են, որ խողովակից արտահոսում է խմելու ջուրը, այլ ոչ թե կոյուղու։ Նրանք ասում են, որ մի քանի տարի առաջ Միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցներն այնտեղ աշխատանքներ են կատարել՝ փորել են տարածքը, վնասված խողովակի վրա ռետինե սեղմակ են տեղադրել և հեռացել, բայց այդպես էլ լիովին չեն վերացրել վթարը։
«Սա կոյուղու ջուրը չէ, սա խմելու ջուրն է։ Այն մաքուր է, և շներն անընդհատ խմում են այն։ Այս բոլոր տարիների ընթացքում երբեք տհաճ հոտ չի եղել, որն անխուսափելիորեն կառաջանար, եթե դա կոյուղու ջուր լիներ։ Մի քանի տարի առաջ սպասարկման կենտրոնի աշխատակիցները եկան, փորեցին տարածքը, վնասված խողովակի վրա ռետինե սեղմակ տեղադրեցին և հեռացան։ Եթե այս տարածքը նրանց պատասխանատվության տակ չէ, ապա ինչու են նրանք այնտեղ աշխատանքներ տարել։ Կոյուղու խողովակները ընդհանրապես այլ վայրում են գտնվում», — պատմեց շենքի բնակչուհին։
Այսպիսով, իրավիճակը մնում է չլուծված։ Բնակիչները պնդում են, որ արտահոսքը խմելու ջրի գլխավոր խողովակից է, մինչդեռ Միացյալ ջրամատակարարման ընկերությունը պնդում է, որ դա ներքին կոյուղու ցանցն է, որի սպասարկումն իր իրավասությունը չէ։
Մինչ երկու կողմերը պնդում են իրար հակասող վարկածները, ջրի արտահոսքը շարունակվում է, և խնդիրը, որի մասին բնակիչները բողոքում են, մի քանի տարի է չի լուծվում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի կոյուղու և ջրամատակարարման ցանցերը կառավարվում են և՛ մունիցիպալիտետի, և՛ Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սպասարկման կենտրոնի կողմից։ Սակայն բնակիչները չգիտեն, թե յուրաքանչյուր ընկերություն որ գյուղերը, փողոցները կամ ցանցի հատվածներն է սպասարկում։ Այդ պատճառով, երբ արտակարգ իրավիճակներ են առաջանում, մարդիկ հաճախ չգիտեն ուր դիմել։ Նրանք հաճախ լսում են՝ «Դա մեր սպասարկման տիրույթը չէ» պատասխանն, ու այն տալիս է և՛ Միացյալ ջրամատակարարման ընկերությունը, և՛ մունիցիպալիտետը։ Իրավասության սահմանների վերաբերյալ թափանցիկ տեղեկատվության բացակայությունը հանգեցնում է խնդիրների լուծման ձգձգումների, ինչի հետևանքով բնակիչները մնում են առանց օգնության։




