Ախալքալաքի մունիցիպալիտետում սկսվել է վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը։ Ֆերմերները փորձում են միմյանց հետ պայմանավորվել չնվազեցնել կարտոֆիլի գինը և պահպանել այն ներկայիս մակարդակին։ Այժմ ֆերմերները կարտոֆիլի մեկ կիլոգրամը վաճառում են մոտավորապես 90–95 թեթրիով։ Սակայն, արդեն մի քանի շաբաթ անց, երբ շուկա կհասնի բերքի հիմնական ծավալը, իրավիճակը կարող է փոխվել։ Կկարողանա արդյոք ֆերմերների պայմանավորվածությունը պահպանել գինը, թե վերջնական հաշվով այն որոշում է շուկան։
Մի քանի օր առաջ «Ֆերմերների խումբ․ կարտոֆիլագործությունն Ախալքալաքում» ֆեյսբուքյան խմբում, որն ունի ավելի քան 6 հազար հետևորդ, անանուն օգտատերերից մեկը ֆերմերներին կոչ էր արել պահպանել կարտոֆիլի ներկայիս՝ մոտ 90 թեթրի արժեքը մեկ կիլոգրամի համար։ Նրա կարծիքով, եթե արտադրողներն իրենք չհամաձայնեն ցածր գնով վաճառել, հնարավոր կլինի այն պահպանել։
Որոշ ֆերմերներ աջակցել են այս կոչին, սակայն ընդունում են, որ գործնականում նման պայմանավորվածությունը պահպանելը հեշտ չի լինի։
Ներկայում մունիցիպալիտետում սկսվել է վաղահաս սորտերի կարտոֆիլի բերքահավաքը։ Մունիցիպալիտետում նման սորտերը քիչ են, ու առայժմ ֆերմերներին, հնարավոր է, հաջողվում է պահպանել գինը։ Սակայն ինչ տեղի կունենա, եթե մեկ շաբաթ անց սկսվի զանգվածային բերքահավաքը։
Վարազդատ Սալվարյանը ցանել է վաղահաս սորտերի կարտոֆիլ և արդեն սկսել է դրա բերքահավաքն ու վաճառքը։ Այժմ նա կարտոֆիլը վաճառում է մեկ կիլոգրամը 90–95 թեթրիով։ Նա նաև դրական արձագանք է տվել Facebook-ի խմբում տարածված կոչին, սակայն համաձայն է, որ քանի դեռ զանգվածային բերքահավաքը չի սկսվել, գինը պահպանելը հնարավոր է։
Սալվարյանը նաև խորհուրդ է տալիս ֆերմերներին փորձել պահպանել գինը և առաջին հերթին հաշվել իրենց կատարած ծախսերը։
«Ես մարդկանց խորհուրդ եմ տալիս գնահատել իրենց ծանր աշխատանքը, հաշվարկել, որքան է իրենց վրա նստում մեկ կիլոգրամ կարտոֆիլը և ինչ գնով են այն վաճառում։ Ոչ թե այնպես, որ այդ օրը վաճառեցին, օրինակ, 1000 լարի ստացան և մտածեցին, որ դա իրենց եկամուտն է։ Եթե հաշվեն իրենց ծախսերը, կարտոֆիլի ինքնարժեքը, ապա դժվար թե այն ցածր գնով վաճառեն։ Ես նույնպես գրառման տակ գրել եմ, որ պահպանեն գինը, բայց չգիտեմ, մարդիկ ինչպես կընդունեն դա։ Ամբողջ ամառ կարտոֆիլն արժեր 1–1,50 լարի, իսկ հենց մենք սկսեցինք բերքահավաքը, գինը սկսեց նվազել։ Շուկան չի կարող այդքան արագ արձագանքել, դա մենք՝ ֆերմերներս ենք, թե՛ փոքր, թե՛ մեծ, իջեցնում գինը», — ասում է Վարազդատ Սալվարյանը։
Նա վստահ է, որ Ախալքալաքի կարտոֆիլի նկատմամբ պահանջարկ կա Ռուսաստանից և Ադրբեջանից։
Ռեմո Պողոսյանը նույնպես մեկնաբանություն է թողել այդ խմբի հրապարակման տակ և կոչ է արել գյուղացիներին չնվազեցնել գինը։ Նա դեռ չի սկսել բերքահավաքը, քանի որ վաղահաս սորտերի կարտոֆիլ չունի։
Մեզ հետ զրույցում նա ասաց.
«Ճիշտ է, ես գրել եմ գրառման տակ, բայց հնարավոր է՝ ես էլ իջեցնեմ գինը, որպեսզի գործերս առաջ տանեմ։ Ոչ մեկին չես կարող ստիպել, որ գինը չիջեցնի։ Մարդիկ պարտքեր ունեն, պետք է աշխատողներին վճարեն, վարկեր մարեն։ Բոլորս էլ ուզում ենք թանկ վաճառել, սակայն պետք է փորձենք հնարավորինս պահպանել գինը։ Եթե մեծ պահանջարկ լինի, հնարավոր է դա մեզ հաջողվի»։
Ռեմո Պողոսյանը չի հաշվարկել կարտոֆիլի ինքնարժեքը։ Նրա խոսքով, այս տարի վառելիքի, պարարտանյութերի և տեխնիկայի ծառայությունների գները կրկնապատկվել են։ Բնականաբար, նախորդ տարվա գներն արդեն ձեռնտու չեն, թեև այս տարվա կարտոֆիլի ճշգրիտ ինքնարժեքը նա դեռ չի հաշվարկել։
Հովիկ Մուրադյանը նույնպես սկսել է վաղահաս սորտի կարտոֆիլի բերքահավաքը։ Սակայն նա վստահ է, որ գինը որոշում է շուկան, ոչ թե ֆերմերները։
«Որքան էլ պայմանավորվես, միևնույն է՝ գինը որոշում է շուկան։ Անհնար է ամբողջ շրջանի հետ պայմանավորվել։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է մեկ գին սահմանել և պահպանել այն։ Մեկը վարկ ունի, մյուսը պետք է աշխատողներին վճարի, մեկ ուրիշը պարտք ունի։ Բացի այդ, մարդը 60 տոննա է հավաքել, իսկ պահեստը 50 տոննա է տեղավորում։ Բնականաբար, այդ 10 տոննան նա պետք է վաճառի։ Որտեղ պետք է պահի», — ասում է Հովիկ Մուրադյանը։
Նրա կարծիքով, 15 օր անց, երբ կսկսվի զանգվածային բերքահավաքը, գինը կնվազի։
Հովիկ Մուրադյանը նշում է, որ առաջին երկու ամիսներին գները կայուն չեն, իսկ կայուն գինը ձևավորվում է նոյեմբերին։
Նշենք, որ այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում, ֆերմերների և ոլորտի մասնագետների խոսքով, կարտոֆիլի լավ բերք է սպասվում՝ մեկ հեկտարից 25–30 տոննա։ Սակայն ֆերմերները մտահոգություններ ունեն նաև կարտոֆիլի որակի վերաբերյալ, քանի որ ոռոգել են դաշտերը, որից հետո սկսվել են երկարատև տեղատարափ անձրևներ։
Աշխատուժի արժեքը նույնպես առայժմ պահպանվում է նախորդ տարվա մակարդակում՝ 70–80 լարի։
Այն, որ այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի լավ բերք է սպասվում, պարզ էր դեռ ամռանը։ Սակայն առաջիկա մեկ ամսվա ընթացքում պարզ կդառնա, թե ինչպիսին կլինի պահանջարկի և առաջարկի հարաբերակցությունը, որից էլ կախված է գինը։



