Ջավախքում շատ ընտանիքներ ամսական «աղետի» օր ունեն, երբ անհրաժեշտ է վճարել վարկի նվազագույն գումարը, իսկ չվճարելու դեպքում կավելանան տույժեր: Տնտեսական անկումը և սոցիալական անապահովությունը, դրդում է բնակչությանը բանկերից վերցնել ավելի ու ավելի շատ վարկեր:

Ախալքալաքի շրջանում բանկերի դերը նախկինում կատարում էին վարկատուները, ովքեր տոկոսով գումար էին տալիս: Այդ ժամանակ, Խորհրդային Միության փլուզումից և խնայողական հաշիվների զրոյացումից հետո բանկային համակարգի հանդեպ վստահություն չկար: Ոչ վաղ անցյալում բանկերի կողմից վարկային քարտերի զանգվածային «բաժանումն» արեց իր գործը: Որոշ բանկեր բաժանում էին վարկային քարտեր, առանց հաշվի առնելու հաճախորդի վճարունակությունը: Բանկային PR-ն այդ քարտերը ներկայացնում էր, որպես փրկություն: Եթե օգտագործում եք այս քարտը, կարող եք փոքր գումար մտցնել բանկ, իսկ բանկը տվյալ ծառայությունից աննշան կոպեկներ է գանձում:

«Թալանում են ամեն կերպ, իրենց օգտին: Վերցնում ես վարկը լարիով, հետո ասում են վճարեք դոլարով, չէ որ դոլարըի փոխարժեքը բարձրացել է: Իսկ երբ դոլարը նվազում է, ասում են վճարեք լարիով: Միշտ մարդկանց ոտքի տակ սապոն են դնում: Ցանկացած առիթով փող են պոկում բնակչությունից: 3 %-ը քիչ չէ: Եթե ուշացնես նույնիսկ մեկ օրով, ավել 10 լարի կվճարես», – ասում է բնակչուհին, ով չցանկացավ ներկայանալ:

Ախալքալաքի շրջանի շատ բնակիչներ բանկերում «վարկային ասեղի» վրա են: Վերցնելով մեկ անգամ գումար քարտից, մեծամասամբ մարդիկ ավելի ու ավելի են ներքաշվում վարկերի մեջ: Հիմնականում քարտից հանած պարտքը վճարելուց հետո մարդիկ նորից են գումար վերցնում, ապա ավելի մեծ վարկեր են վերցնում բանկերից: Եվ այդպես էլ դուրս չեն գալիս այս բանկային շղթայից: «Խղճուկ կոպեկները» կոմիսիոն վճարների (միջնորդավճարներ) տեսքով ժամանակի ընթացքում դառնում են բավականին զգալի գումարներ: Նույնիսկ արդեն մոդայիկ է դարձել ապառիկով տեխնիկա գնելը: Բազմաթիվ խանութներում, կարող եք տեսնել տարբեր բանկերի աշխատողների, ովքեր առաջարկում են «փոքր» լրացուցիչ գումար վճարելով՝ գնել թանկարժեք տեխնիկա:

«Ես չգիտեմ, թե ինչ տոկոսներով եմ հանել վարկը, նրանք իրենք կպարզեն: Գումարը կազմում է 6000 լարի: Շատ դժվար է մարել վարկը, բայց ինչ անենք: Վարկ ունեի և ստիպված վերցրեցի ևս 3000 լարի քանի-որ պետք է Ռուսաստան գնայի: Ամեն ամիս պետք է վճարեմ, բայց ինչպես ես էլ չգիտեմ», – ասում է Ախալքալաքի բնակիչ Արայիկը:

Եվ այսպես վարկերը աստիճանաբար մտան մեր կյանք: Ձևակերպվեցին վարկեր, Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնելու ինքնաթիռի տոմսեր գնելու համար, դպրոցական վերջին զանգը տոնելու, համալսարաններում կրթության վճարը վճարելու, վառելափայտ գնելու, նոր տարի, հարսանիք, կնունք նշելու համար, ոսկի գնելու, նույնիսկ թաղումների համար: Վարկային գումարները սկսվում է 5 լարիից մինչ 25 000 դոլար միջինը և ավելին:

«Մենք շատ անգամ ենք վարկ վերցրել: Առաջին անգամ ամուսնուս գումար էր անհրաժեշտ Ռուսաստան աշխատանքի մեկնելու համար: Վերցրեցինք, գրավի դիմաց դնելով ոսկի, հետո ամուսինս ուղարկում էր, և քիչ-քիչ վճարում էինք: Հետո վարկ վերցրեցինք, երբ աղջկանս վերջին զանգն էր, իսկ այս տարի նորից վերցրեցի որդուս վերջին զանգը տոնելու համար», – ասում է Էմմա Կոբելյանը:

Ախալքալաքի բնակիչները բանկերից վարկ վերցնելու ժամանակ հույսը դնում են ընտանիքի գլխավորի վրա, ով մեկնում է Ռուսաստան սեզոնային աշխատանքի, իսկ գյուղերում նաև կարտոֆիլի բերքից ստացած եկամտի վրա, որն ամեն անգամ մի նոր «անակնկալ» է մատուցում:

«Գյուղի կեսը վարկերի մեջ է խրված: Սպասում էին, որ կարտոֆիլը կվաճառեն, իսկ կարտոֆիլը արժեզրկվեց և չի վաճառվում: Մենք բանկի հետ պայմանավորվածություն ունենք, փողը վերցրել ենք գյուղատնտեսական եկամտի գրավի դիմաց, այժմ կասկածում եմ, որ կկարողանանք վճարել պարտքը …», – ասում է Անահիտ Եսոյանը:

Ըստ Վրաստանի Ազգային բանկի տեղեկատվության՝ Վրաստանի 9 կոմերցիոն բանկերի շահույթը 2016 թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմում է 484.2 մլն լարի, ինչը 38%-ով ավելին է, համեմատած 2015 թ.-ի նույն ժամանակահատվածի հետ: Եթե նման տեմպերով շարունակվի, ապա այս տարվա վերջ, շահույթը կհասնի ռեկորդային թվի` 600 մլն լարիի: Այսպիսով, վերջին 5 տարիների ընթացքում բանկային ոլորտի շահույթը աճել է 249%-ով:

Տնտեսությունը փոխկապակցված է բանկային համակարգին, իսկ բանկի շահույթը միայնակ չի կարող զարգանալ, եթե տնտեսությունը չի զարգանում, բացատրում է «Հասարակություն և Բիզնես» ոչ պետական կազմակերպության ղեկավար Գիորգի Կեպուաձեն, վարկային տոկոսադրույքները կախված է տնտեսական զարգացումից: Ըստ նրա, Վրաստանի բնակչության մոտ 70%-ը վարկ ունի, որը մեծ թիվ է:

«Ես կարծում եմ, որ պարզապես ասել, որ մեզ մոտ շատ բարձր են տոկոսները՝ սխալ է: Եթե երկրի տնտեսությունը զարգանա, վարկային տոկոսները կդառնան էլ ավելի ցածր և ցածր: Եվ այդ մասին վկայում է այն ​​փաստը, որ մի քանի տարի առաջ հիփոթեքի համար պետք էր վճարել տարեկան 24%, իսկ այժմ 8-9%, կարելի է վերցնել հիփոթեքային վարկ և գնել տուն կամ հողակտոր: Իհարկե, բանկի հիմնական եկամուտը վարկն է: Բանկի շահույթը այդքան էլ մեծ չէ, ինչպես բիզնեսի այլ ոլորտներում, բայց նրանք ունեն փոքր ծավալ և շրջանառություն, ուստի այդ ֆոնին, բանկի շահույթը խոշոր է թվում: Բանկերը դեպոզիտ (ավանդներ) են վերցնում բնակչությունից և տալիս են վարկեր», – ասում է Գիորգի Կեպուաձեն:

Վարկերի տարածվածությունը փորձագետը բացատրում է բնակչության ցածր սոցիալական կարգավիճակով:

«Մենք ունենք հարավային բնավորություն: Մենք այսօր ուզում ենք ամեն ինչ և միանգամից, մենք ուզում ենք գնել ամենալավ հեռախոսը, ամենալավ տունը, ամենալավ մեքենան: Բնակչության սոցիալական կարգավիճակը ցածր է, գումարը չի բավականացնում մի ամսից մյուսը: Մեծ ամսական ծախսեր կան, այդպես անհրաժեշտ է դառնում վերցնել վարկեր բանկերից, կամ առցանց վարկեր, որի համար դուք պետք է վճարեք մեկ ամիս անց», – ասում է “Հասարակություն և բիզնես” ոչ պետական կազմակերպության ղեկավարը:

Հաճախ բանկերում ունեցած պարտքը փոխառուի համար ավարտվում է արցունքներով:

«Երբ մենք պայմանագիր ենք ձևակերպում բանկի հետ կամ հիփոթեքով, այդ դեպքում մենք գրավի դիմաց թողնում ենք տուն կամ այլ գույք: Պայմանագրում գրված է, որ եթե մենք չկարողանանք վճարել, ապա բանկը կարող է սեփականաշնորհել գրավը, ապա պարտքը չվճարելու դեպքում մենք կարող ենք կորցնել գույքը: Այդ մասին մենք պետք է մտածենք նախօրոք», – ասում է Գիորգի Կեպուաձեն:

Քրիստինե Մարաբյան