Նախկին զինվորական ավանի մանկական խաղահրապարակի կառուցումը շինհրապարակի կառուցման վայրի և ժամկետի բազում փոփոխումից հետո վերջապես կառուցվում է:
Ախալքալաքի շրջանի 2016 թ.-ի բյուջեում կա կետ, որը կոչվում է «Ատրակցիոնի կառուցում»: Պարզելու համար, թե ինչի մասին է խոսքը, մենք դիմեցինք Ախալքալաքի Շրջանային վարչությանը: Խնդիրը շփոթություն առաջացրեց վարչության աշխատակիցների շրջանում, քանի որ բյուջեում նշված չի տվյալ կետի իրականացման արժեքը ու ատրակցիոնի շինարարությունը ըստ ծրագրի նախատեսված չէ: Քննարկումից հետո, վարչության աշխատակիցները եկան այն եզրակացության, որ, սույն կետի տակ նկատառված է մանկական խաղահրապարակը, որը պիտի կառուցեն նախկին զինվորական քաղաքում, ուղղակի նախնական ատրակցիոն բառը վերափոխվել է խաղահրապարակի: Այս խաղահրապարակի կառուցման համար հատկացվել է 15 000 լարի:
Տվյալ մանկական խաղահրապարակի շինարարությունը սկսվել էր դեռ այս տարվա ամռան սկզբին, և մի քանի անգամ հետաձգվել և տեղափոխվել: Սկզբում մանկական խաղահրապարակը և ֆուտբոլի դաշտը որոշվել էր կառուցել նախկին զինվորական ավանի հարավային մասում, նախկինում հայտնի «Ռուսիչ» ռեստորանի մոտակայքում, նույնիսկ արդեն սկսել էին հիմքի պատրաստման աշխատանքները: Սակայն, աշխատանքները դադարեցվում են այնտեղ և սկսվում մեկ այլ վայրում՝ զինվորական ավանի կենտրոնական մասում: Երկրորդ անգամ աշխատանքները կանգնեցվել են արդեն այն պատճառով, որ այդ տարածքը գտնվում է Վրաստանի պաշտպանության նախարարության իրավասության տակ:
«Պաշտպանության նախարարությունը կասեցրել է շինարարական գործընթացը: Մենք երկու անգամ երկարաձգել ենք կառուցման ժամկետը 1-ական ամսով: Պատասխան դեռ չկա, բոլոր նյութերը Նախարարություն ենք ուղարկել, նկարներով և ամեն ինչով: Պատասխան դեռ չկա: ժամկետը երկու անգամ փոխելուց հետո, մենք որոշեցինք փոխել վայրը» – ասում է Ախալքալաքի Շրջանային վարչության ենթակառուցվածքի ծառայության պետ Ալբերտ Նահատակյանը:
Նոր վայրը եղավ նախկին մանկապարտեզի տարածքը:
«Հիմքը լցված է, հողը հավասարեցված, կա նաև ցանկապատ: Մնացել է միայն տեղադրել ճոճանակները, կարուսելները: Մենք դրանք պատվիրել ենք Թբիլիսիում, պլաստմասից են: Օրերս դրանք նույնպես կտեղադրենք: Այժմ մենք տարածքում լցրել ենք քիմիական նյութ խոտի աճի դեմ, խոտը չորացել է …», – ասում է Ալբերտ Նահատակյանը:
Չնայած մանկական խաղահրապարակի կառուցման պրոցեսում տեղի ունեցած դժվարությունների, կառուցումը այնուամենայնիվ կավարտվի: Մնում է հուսալ, որ դա հաճույք կպատճառի երեխաներին:
Քրիստինե Մարաբյան