Բորժոմի ընտրատարածքին տրված Ախալքալաքի գյուղերի բնակիչները, չգիտեն թեկնածուներին, որոնց միջև կատարելու են ընտրություն:

jnews.ge-ն պարզելու համար, թե ինչպես է անցնում նախընտրական ընթացքը Բորժոմի ընտրատարածքին տրված 17 գյուղերում, եղավ նրանցից 4 -ում՝ Բեժանո, Ալաթուման, Կաջո և Բարալեթ: Բոլոր այդ գյուղերում մենք հարցնում էինք բնակիչներին, թե արդյոք նրանք տեղյակ են, որ շուտով Վրաստանում Խորհրդարանական ընտրություններն են, մասնակցելու են արդյոք թե ոչ, գիտեն իրենց թեկնածուներին, և գիտեն արդյոք որ քվեարկելու են Բորժոմի ընտրատարածքի թեկնածուներին:

Հարցված բնակչության մեծ մասը տեղյակ էին այն մասին, որ հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայանալու են ընտրություններ, ինչպես նաև գիտեին, որ նրանք ընտրելու են Բորժոմի ընտրատարածքում, սակայն տալիս էին Ախալքալաքի թեկնածուների անունները: Մինչ օրս պատգամավորության թեկնածուներից ոչ մեկը այդ գյուղեր չի այցելել, չի խոսել իր ընտրողների հետ և չի ծանոթացրել նրանց իրենց ծրագրին: Ոչ ոք, նրանց նույնիսկ դեմքով չգիտի:

Բայց հարցումների ժամանակ բոլորը պնդում էին, որ մասնակցելու են ընտրություններին, և նույնիսկ նրանք, ովքեր մեզանից տեղեկացան, որ շուտով ընտրություններն են:

Ըստ Բեժանո գյուղի բնակիչների, ոչ մի կուսակցությունից ոչ մի թեկնածու գյուղ չի եկել: Իսկ այն փաստի հետ, որ նրանք քվեարկելու են Բորժոմի ընտրատարածքում, Բեժանո գյուղի բնակիչները արդեն համակերպվել են:

«Սկզբում դեմ էինք, բայց հետո սկսեցինք նորմալ վերաբերվել: Դա միայն ընտրությունների ժամանակ է այդպես լինելու: Բորժոմից ոչ ոք չի եկել մեզ մոտ, ոչ մի թեկնածու: Մենք չգիտենք նրանց անունները: Իսկ մեզ համար ի՞նչ տարբերություն, Ախալքալաքինը կլինի թե Բորժոմինը, գլխավորը մեր խնդիրները լուծվեն» – ասում է Սարո Տոնականյանը:

Արևիկ Գրիգորյանը գիտեր այն նորությունը մասին, որ ընտրելու է Բորժոմի ընտրատարածքում, բայց չգիտեր թեկնածուների անունները:

«Ես գիտեմ, և շատ նորմալ եմ վերաբերվում: Ախալքալաքի պատգամավորը ինչ արեց մեզ համար, որ ինչ էլ ակնկալենք Բորժոմի պատգամավորից: Նրանք բոլորն էլ պայքարում են իրենց աթոռի համար: Ես չգիտեմ Ախալքալաքի պատգամավորին, ոչ ոք չի եկել մեզ մոտ », – հուզված ասաց Արևիկ Գրիգորյանը:

Նոդար Չախոյանը Ալաթուման գյուղից, դեռ չգիտի ոչ մի թեկնածուի անունը, քանի որ այս գյուղում նույնպես Բորժոմի թեկնածուները չեն սկսել իրենց նախընտրական քարոզարշավը: Այս գյուղի բնակիչները արդեն հոգնած իրենց խնդիրներից, միաձայն, ասում են, որ քվեարկելու են նրա օգտին, ով խոստանա լուծել իրենց գյուղի խնդիրները: Եվ նրանք թվում են այնպիսի խնդիրներ, որոնք տեղի իշխանությունների պատասխանատվությոան տակ են:

Նոդար Չախոյանը պատրաստ է տալ իր ձայնը այն անձին, ով կլուծի իրենց գյուղում խմելու ջրի խնդիրը:

«Ով որ օգնի մեզ փոխել ասբեստե խողովակները, որով հոսում է մեր խմելու ջուրը, մեր գյուղից կհավաքի 60-70 % ձայն», – ասում է Նոդար Չախոյանը:

Պետյա Կույումչյանը՝ Բարալեթի ակումբի տնօրենը, արդեն հոգնել է իր ակումբի վերանորոգման համար պայքարելուց և նույնպես քվեարկելու է այն մարդու օգտին, ով կլուծի ակումբի նորոգման խնդիրը:

«Ով պատրաստ է վերանորոգել ակումբը, նրան էլ կտամ իմ քվեն: Երեխաները վախով են մտնում ակումբ և զբաղվում պարային խմբակներում: Բորժոմից ոչ ոք չի այցելել մեզ », – ասաց Պետյա Կույումչյանը:

Արմեն Խեչոյանը Բարալեթ գյուղից նույնպես չի տեսել, չգիտի որևէ թեկնածուի:

«Գյուղում, մեծ մասը տեղյակ են առաջիկա ընտրությունների մասին, բայց մենք չգիտենք թեկնածուներին: Ինչպես իմանանք ովքեր են, երբ նրանք չեն եկել մեր գյուղ», – ասում է Արմեն Խեչոյանը:

Նելսոն Պետրոսյանը շատ մտահոգված է, որ Ախալքալաքը չի ունենա իր պատգամավորին:

«Բորժոմցիներին մենք չգիտենք: Նրանք պետք է գան, ներկայանան, ծանոթացնեն մեզ իրենց ծրագրին, որպեսզի մենք իմանանք, թե ում ենք ընտրելու », – ասում է Նելսոն Պետրոսյանը:

Արարատ Ալեքսանյանը Կաջո գյուղից միակ մարդն էր հարցվածների թվում, ով նշեց, որ ինքը գիտի Բորժոմի թեկնածուին, թեև չգիտեր նրա անունը:

«Ասպինձացի պատգամավորը եկել է մեզ մոտ, մենք նրան վաղուց գիտենք: Նա մեզ մոտ գալիս գնում է, շատ համեստ մարդ է: Մարդիկ ընդունում են նրան, թեև պաշտոնական քարոզարշավը չի սկսել, և ոչինչ չի խոստացել», – ասաց Արարատ Ալեքսանյանը:

Մինչ Խորհրդարանական ընտրությունները մնացել է մեկ ամիս, սակայն Ախալքալաքի շրջանի գյուղերում, որոնք փոխանցվել են Բորժոմի ընտրատարածքին, նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել:

Շուշան Շիրինյան